22/02/2025

Հայաստանն ու դրա տարաբնույթ մարտահրավերները՝ ընթացիկից մինչև էքզիստենցիալ՝ հարատև

Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել ստեղծել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման միջգերատեսչական հանձնաժողով, որը ղեկավարելու է ԱԽ քարտուղարը: Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության փոփոխությունը, թերևս, իրավիճակից բխող անհրաժեշտություն է, այդ թվում ողբերգական իրավիճակից՝ 44-օրյա պատերազմի պարտություն և հետո Արցախի կորուստ:

ՀՀ անվտանգության ռազմավարությունը, որն ընդունվել էր 2007 թվականին և որոշակի վերանայումների ենթարկվել 2019-ին, իր առանցքում կառուցված էր այն ստատուս-քվոյի վրա, որ կար մինչև 2020 թվականի պատերազմը:

Այդ ստատուս-քվոն այլեւս չկա, հետևաբար, ըստ էության հնարավոր է ասել, որ դե ֆակտո գոյություն չունի նաև ազգային անվտանգության ռազմավարություն: Եվ այստեղ խոսքը, թերևս, ոչ թե վերանայման, այլ դե ֆակտո նոր ռազմավարության մասին է, որ կարող է լինել: Իսկ դա նշանակում է թերևս շատ ավելի ծավալուն ու համապարփակ աշխատանք, քան ֆորմալ իմաստով կարող է պահանջել վերանայումը:

Հատկապես, որ բացի պարտադրված, ստիպված, իրավիճակի ողբերգական բերումով թելադրված փոփոխություններից, իրավիճակը փոխվել է նաև աշխարհաքաղաքական իրողությունների մակարդակում: Անշուշտ, այլ հարց է, որ տարբեր են Հայաստանի և Արցախի հետ կատարվածի գնահատականները, դրանց պատճառների, մեղավորների, պատասխանատուների մասին:

Այլ, բայց կարևոր հարց է, որովհետև, իհարկե աներկբա լինելով այդ ամենի՝ նվազագույնը քաղաքական պատասխանատու, Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության պարագան առաջացնում է հարց՝ կարո՞ղ է քաղաքական այդ պատասխանատվության բեռի տակ գտնվող ուժը վերանայել ազգային անվտանգության ռազմավարություն մի իրողության հետևանքով կամ պայմաններում, որի քաղաքական պատասխանատուն է ամբողջությամբ:

Այն բեռը, որ կա պարտության ու Արցախի կորստի հետևանքով, և այն ծանրությունը, որ առկա է բարդ պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղության ծանր և բարդագույն գործընթացի պարագայում, թույլ կտա՞ Հայաստանի կառավարությանը առանց ավելորդ բարդույթների և կաշկանդվածության, անհրաժեշտ սառնությամբ ու սթափությամբ գնահատել իրավիճակը Հայաստանում և դրա շուրջ, առանց որի հնարավոր չէ արդյունավետ մշակումներ կատարել ազգային անվտանգության ռազմավարության մասով:

Չէ՞ որ այդ փաստաթղթի մշակումը պահանջում է առավելագույն հասարակական-քաղաքական ներառականություն՝ առնվազն նախնական ուղենշային միջավայրը ձևավորելու համար, քանի որ այդօրինակ փաստաթղթերը չեն գրվում, չպետք է գրվեն մեկ առանձին վերցրած քաղաքական ուժի և իշխանության համար, դրա հաշվարկով և պատկերացումով, այլ հնարավորինս մեծ հավաքականության բազային միջավայրով, քանի որ ցանկացած իշխանություն անցողիկ է, իսկ Հայաստանն ու դրա տարաբնույթ մարտահրավերները՝ ընթացիկից մինչև էքզիստենցիալ՝ հարատև: