Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի երկրորդ համերգը նվիրված էր Գագիկ Հովունցի 95-ամյակին։
Իր գործունեության ընթացքում Գագիկ Հովունցը բազմապիսի նորարարական մոտեցումներ է ներդրել երաժշտական հարմոնիայում և դրանք կիրառել է հենց իր ստեղծագործություններում։
Գագիկ Հովունցը հեղինակ է սիմֆոնիկ և կամերային երկերի, դաշնամուրի, ջութակի և թավջութակի կոնցերտների և այլ ստեղծագործությունների։ Համերգային ծրագրում հնչել է Հովունցի Դաշնամուրի կոնցերտը, որը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը (Ֆրանսիա)։ Հովունցի Դաշնամուրի կոնցերտը նվիրված է Սվետլանա Նավասարդյանին։
Ժան-Պոլ Գասպարյանը նշում է, որ բազմիցս է հանդես եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, և այդ համագործակցության շնորհիվ ինքը հնարավորություն է ունեցել ընդլայնել իր հայկական երկացանկը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ինքն առաջին անգամ նվագել է Բաբաջանյանի Հերոսական բալլադը, Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, և ահա այս անգամ՝ Հովունցի Դաշնամուրի կոնցերտը։ Նա ընդգծում է, որ հսկայական աշխատանք է իրականացվում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի միջոցով՝ հանրահռչակելով հայ կոմպոզիտորներին ու նրանց ստեղծագործությունները։
Ժան-Պոլ Գասպարյանը նկատում է, որ իր երկացանկում ընդգրկված հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն ինքը ներկայացնում է նաև այլ երկրներում, և ունկնդիրը մեծ հետաքրքրությամբ է ընդունում այդ գործերը։
Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի համերգային երեկոյի ընթացքում ներկայացվեցին նաև երկու համաշխարհային պրեմիերաներ՝ Արփինե Կալինինայի «Սրտի Անհամբերությունը» սոպրանոյի, ջութակի, թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար և Արթուր Ահարոնյանի «Տուն արի» պիեսները սոպրանոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար։
Արփինե Կալինինայի «Սրտի Անհամբերությունը» գրվել է ըստ Ստեֆան Ցվայգի համանուն վեպի։ Վեպի երեք հերոսներին հեղինակը մարմնավորել է երեք մենակատարների միջոցով՝ սոպրանո Սոֆյա Սայադյան, ջութակահար Էրիկ Մանուկյան և թավջութակահար Սիփան Թորոյան։
Հեղինակի բնորոշմամբ՝ վեպը խիստ դրամատիկ է, և վեպի ու գլխավոր հերոսուհու դրամատիզմն արտացոլված է Եղիշե Չարենցի «Տաղարանի» երկու բանաստեղծությամբ։ Ստեղծագործությունը գրվել է 2008 թվականին, հետագայում այն խմբագրվել է հեղինակի կողմից։ Արփինե Կալինինան նկատում է, որ թե՛ նվագախումբը, թե՛ մենակատարներն ու դիրիժոր Ալեքսանդր Հումալան ամբողջությամբ որսացել են այն ամբողջ գաղափարը, որ ինքը ներդրել է ստեղծագործությունը գրելիս, և այդ հույզերը փոխանցել են ունկնդրին։
Նշենք, որ Արփինե Կալինինան ավարտել է Լոնդոնի Երաժշտական թագավորական ակադեմիայի կոմպոզիցիայի բաժնի մագիստրատուրան, ինչպես նաև Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ու դաշնամուրային բաժինները։ Նա հեղինակ է վոկալ-գործիքային, անսամբլային և նվագախմբային ստեղծագործությունների, որոնք հնչել են Հայաստանում ու նրա սահմաններից դուրս՝ Գերմանիա, Հունաստան, Չինաստան, Բրիտանիա, Ռուսաստան և այլն։ Որպես կոմպոզիտոր արժանացել է հանրապետական և միջազգային մրցանակների։
Համերգի ընթացքում ներկայացվել են նաև Արթուր Ահարոնյանի «Տուն արի» պիեսները սոպրանոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար։ Այն նույնպես կատարվում էր առաջին անգամ և նվիրված է Արփի և Վաչե Պարսումեաններին։ Մենակատար՝ սոպրանո Շուշիկ Պարսումեան (ԱՄՆ)։ Արթուր Ահարոնյանը 2002 թվականից Փարիզի Դարյուս Միյոյի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր է, միջազգային մրցույթների մրցանակակիր։ Ահարոնյանի ստեղծագործությանը բնորոշ է բազմաժանրությունը։
Ստեղծագործական ցանկն ընդգրկում է դաշնամուրային գողտրիկ պիեսներից և գործիքային տարբեր կազմի ստեղծագործություններից մինչև սիմֆոնիկ և կոնցերտային մեծակտավ ստեղծագործություններ։
Հիշեցնենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից։ Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնի ռազմավարական գործընկերն է Team Telecom Armenia ընկերությունը։
Բաց մի թողեք
Եթե ուզում եք իսկական արտիստ տեսնել, ինձ համար միանշանակ Սիմոնն է. Իվետա Մուկուչյան
Վարդապետյանը սահմանված ժամից շուտ աշխատավայր ներկայացած 30 աշխատակցի թումանյանական երկտողով գրքեր է նվիրել. Լուսանկար
Ինչ գիրք է նվիրել ցմահ դատապարտյալը արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին․ Լուսանկար