Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Որքան էլ ՔՊ-ականները պնդեն, որ դա կապ չունի Ադրբեջանի հետ «խաղաղության գործընթացի» հետ, պարզ է, որ նման «զուգադիպություններ» չեն լինում:
Համաձայն եմ, որ խնդիրը քաղաքական չէ՝ այն իմաստով, որ այդ իրավաբանը քաղաքական գործիչ չէ եւ քաղաքական դեմարշներ չի անում. պարզապես նրա ծառայությունների կարիքը մեր կառավարությունն այլեւս չունի, քանի որ մտադիր է հրաժարվել Ադրբեջանի դեմ հայցերից:
Իհարկե, դա Կիրակոսյանի ղեկավարած գրասենյակի միակ ուղղությունը չէ: Բայց, եթե Հայաստանի որեւէ քաղաքացի հաղթի կառավարությանը ՄԻԵԴ-ում, դա կառավարությանն առանձնապես չի հուզում՝ հնարավոր փոխհատուցման դեպքում հո փողն իրենց գրպանի՞ց չեն տալու:
Այս դեպքում Ալիեւին հաճոյանալու խնդիր չկա: Համաձայնել, որ 2016 եւ 2020 թվականին Ադրբեջանը հայերի դեմ որեւէ հանցագործություն չի գործել՝ դրա դիմաց ստանալով անորոշ հավաստիացում, որ Ադրբեջանը մեզանից միլիարդավոր «փոխհատուցում» չի ուզի՝ դա, իհարկե, «հմուտ դիվանագիտության մեծ ձեռքբերում է»:
Ի դեպ, երբ ներկայիս դիլետանտները քննադատում են Վարդան Օսկանյանին, դա ինձ համար առնվազն տարօրինակ է: Օսկանյանն իր պաշտոնավարման ժամանակ, իհարկե, սխալներ արել է, բայց այն տապալումը, որի ականատեսն ենք մենք այսօր, ոչ մի այլ ժամանակաշրջանի հետ չի համեմատվի:
Ոչ միայն Կիրակոսյանը՝ իշխանություններին ընդհանրապես որեւէ մասնագետ պետք չէ: Պաշտոններում պետք են բոցաշունչ ճառեր արտասանող դեմագոգներ, որոնք առատորեն օճառ են օգտագործում՝ իրենց «շեֆի» մասին խոսելիս:
Պետական համակարգում ծառայելն ամենեւին դատապարտելի չէ, եթե տվյալ անձը ծառայում է պետությանը, ոչ թե Փաշինյանին, քաղաքական թեմաներով ավել-պակաս չի խոսում եւ իշխանության պատվերները չի կատարում: Եղիշե Կիրակոսյանը հենց այդպիսին էր:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
Տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ․ Գրիգորյան
Կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու Սամվել Կարապետյանին․ Համբարձումյան
Ամեն անգամ Եկեղեցու ու Եկեղեցու սպասավորների հասցեին վայրահաչելուց, բամբասելուց, «կայֆավատ» լինելուց ․․․ Մնոյան