Նախօրեին խորհրդարանում փակ քննարկում է տեղի ունեցել՝ եվրաքվեի հետաձգված նախագծի վերաբերյալ, որին մասնակցել են ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի իշխանական պատգամավորներն ու եվրաքվեն նախաձեռնող 3 ուժերի, ինչպես նաեւ ՀԿ-ների ներկայացուցիչներ։
Հրապարակ թերթը գրել է․ Քննարկումն անցել է բավականին թեժ մթնոլորտում, ՔՊ-ական պատգամավորները եվրաքվեի նախաձեռնողներին համոզել են, որ, աշխարհաքաղաքական վայրիվերումներով պայմանավորված, ճիշտ կլինի, որ նախագիծը դեռ օրակարգ չբերվի` երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար, որ Ռուսաստանի զայրույթը չհարուցենք:
Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ ընդունվել է փետրվարի 12-ին: Սակայն նախագծի հեղինակները երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դրած պնդել են, որ այն պետք է ընդունվի եւ օրենքի տեսք ստանա մարտի 25-ին մեկնարկող լիագումար նիստերին։ Դեռեւս մարտի 3-ին՝ ԱԺ հիշյալ հանձնաժողովում քննարկումներից հետո հայտարարվեց նախագիծը երկու ամսով հետաձգելու մասին, հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հետաձգումը հիմնավորեց տեխնիկական պատճառներով, սակայն լուրեր կան, որ եվրաքվեն սառեցնելու որոշումն աշխարհաքաղաքական հիմնավորում ունի։
Թրամփ-Պուտին հաշտեցումից եւ ՌԴ-ի դիրքերի ամրապնդումից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է կրակի հետ չխաղալ, սպասել ու հասկանալ, թե աշխարհաքաղաքական կշեռքի որ նժարն է ծանրանում, որ ինքն էլ այդ ուղղությամբ սլանա։ Անգամ Ռուսաստանի հետ մերձեցման քայլերի է ձեռնամուխ եղել, հրահանգել է միջգերատեսչական շփումները վերականգնել, պատրաստվում է Մոսկվա մեկնել մայիսի 9-ին` Հայրենական մեծ պատերազմին նվիրված միջոցառումներին մասնակցելու։
Մյուս կողմից էլ, փաստորեն, արեւմտամետներն են ճնշումներ գործադրում իշխանությունների վրա, պահանջում օր առաջ ընդունել եվրաքվեի նախագիծը, հակառակ դեպքում կհամալրեն ընդդիմության շարքերը։
Եվրաքվեի նախաձեռնողներից Տիգրան Խզմալյանը չթաքցրեց, որ թեժ քննարկում է եղել, սակայն չմանրամասնեց։ «Այո, քննարկումները բուռն էին, բայց մեզ նպատակն է հետաքրքրում»: Եվ փոխանցեց, որ քննարկումից ստացել է տպավորություն, որ ԵՄ-ին անդամակցության մեկնարկի նախագիծը մինչեւ մարտի վերջն օրենքի տեսք կստանա, եւ իշխանությունը գործնական քայլերի կանցնի: Շեշտեց, որ նախաձեռնողների համար կարեւոր է, որ օր առաջ նախագիծն ընդունվի, որպեսզի «երկիրը հստակություն ստանա»:
Իսկ հետաձգվեց, որովհետեւ «նախագծի տեքստում կային մի քանի դարձվածքներ, որոնք մեզ խնդրեցին խմբագրել, հիմնական խոսակցությունը խմբագրվող, խմբագրվելիք տեքստի շուրջ էր»։ «3 կուսակցություն է մասնակցել եւ մի շարք ՀԿ-ներ, բնականաբար, դա մեկ մարդու որոշելիք չէր, որ տեւեց երկար ժամանակ, բայց կարծում եմ՝ երեկ մեզ հաջողվեց առանց էական փոփոխությունների, ոճական խմբագրումներ տեղի ունեցան, վերնագիրը նույնն է, նպատակը նույնն է, ժամկետները՝ եւս։ Այնպես որ, մեծ բան չի փոխվել, եւ մենք սպասելու ենք այս ամսվա ընթացքում սպասվող հերթական նիստին, որտեղ նախագիծը կդառնա օրենք»,- ասաց Խզմալյանը:
Միաժամանակ նշեց, որ իշխող ուժից չեն ստացել հավաստիացում, որ նախագիծը կընդունվի մարտի 25-ի նիստերի ժամանակ: Հարցին` հնարավո՞ր է այլ պատրվակով չընդունեն, ասաց. «Իհարկե, մեր ժամանակներում ոչ մի բան էլ չի կարելի բացառել, անգամ՝ երրորդ համաշխարհային պատերազմ»։
Բաց մի թողեք
Ընտրությունը փակ է լինելու, սակայն կան շատ լավ թեկնածուներ․ Բաբայան
Ռուբեն Վարդանյանին նույնացնում եմ Լևոն Հայրապետյանի հետ․.. մեր առաջին թշնшմին մեր անտարբերությունն է. Լուսանկարներ
Համախմբվածությունը ոչ թե իշխանությանը հեռացնելու հարցում պետք է լինի, այլ, թե ինչ ենք ուզում. Մանուկյան