Հայաստանում նախատեսվում է ստեղծել Ժողովրդական աշխարհազոր: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել «Համահայկական ազգային միասնության խորհուրդ» միավորումը, որը հիմնադրել են «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ու «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը:
«Փաստ» օրաթերթը գրում է. Խորհրդի տարածած հայտարարության մեջ նշվում է. «Հայաստանի գործող վարչախումբը չդիմակայելով Արցախը զավթած ագրեսորի քմահաճույքներին, քայլ առ քայլ կատարում է նրա պահանջները՝ ընդունելով նրա կողմից առաջադրված պայմանները՝ իբրև տխրահռչակ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման նախապայման: ՀՀ իշխանությունները կանխորոշված ելքով և անհավասար պայմաններում տեղի ունեցած պատերազմից հյուծված հայ ժողովրդին համոզում են գնալ խիստ անհամաչափ զիջումների՝ հանուն խաղաղության հաստատման: Ի պատասխան ՀՀ վարչապետի պատրաստակամությանը՝ ընդունելու Ադրբեջանի բոլոր պահանջներն ու պայմանները, և ստորագրել Հայաստանի համար բացարձակապես անբարենպաստ այդ փաստաթուղթը՝ Ադրբեջանի ղեկավարությունը անընդհատ նոր պայմաններ է առաջադրում և հող նախապատրաստում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու համար: Այդ են վկայում վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ Հայաստանի հասցեին հնչեցվող անհիմն մեղադրանքներն ու բացահայտ սադրանքները մեր սահմաններին: Ադրբեջանն ակնհայտորեն չի ձգտում խաղաղության հաստատման: Հակառակորդի Հայաստան ներխուժման սպառնալիքը օրեցօր մեծանում է, և հետևաբար, յուրաքանչյուր հայի ու ՀՀ քաղաքացու, պահեստազորի զինվորականի և ազատամարտիկի սուրբ պարտքն է՝ մեր պետության պաշտպանությանը տեր կանգնելու պատրաստակամությունը»։
«Համահայկական ազգային միասնության խորհուրդը» Հայաստանի համար խիստ վտանգավոր այս իրավիճակում կոչ է անում համախմբվել ու դիմակայել «մեր ազգային արժեքները ուրացող, մեր պետական շահերը ոտնահարող թրքահաճո իշխանության կողմից իրականացվող պարտվողական քաղաքականությանը»:
«Մենք չպետք է թույլ տանք մեր պետությանն ու մեր ժողովրդի անվտանգությանը սպառնացող որևէ փաստաթղթի ստորագրում: Հարկ եղած դեպքում՝ մենք պատրաստակամ ենք հայոց բանակի զինվորների կողքին կանգնել և արժանի հակահարված տալ թշնամուն՝ յուրաքանչյուրս ներդնելով մեր ռազմական գիտելիքներն ու փորձը»,-հայտարարում է միավորումը և կոչ անում գրանցվել Ժողովրդական աշխարհազորի շարքերում:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում