Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը․
«Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։
Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»:
Սա հատված է ՀՀ ԱԳՆ պատասխանից, որ տրվել է Ազատություն ռադիոկայանի հարցին ի պատասխան: Իսկ հարցը վերաբերել է Ալիևի հայտարարությանը, որ մինչև 2024 թվականի հունվար Հայաստանը փորձել է Արցախի խնդիրը տեղավորել այսպես կոչված խաղաղության օրակարգում:
Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը թերևս դժվար է այլ կերպ բնութագրել, քան՝ մանիպուլյատիվ հայտարարություն: Իհարկե, Երևանը պետք է ինչ որ արդարացում գտնի, թե ինչո՞ւ է տեղի տվել Ադրբեջանին և դուրս թողել Արցախի հարցը, կամ հրաժարվել Արցախի հարցից:
Բայց, արդարացումը, թե դրա պատճառը այն է, որ Արցախը հրաժարվել է երրորդ երկրներում Ադրբեջանի հետ բանակցելու հնարավորությունից, կամ Արցախի լուծարման հրամանագիրն է «փակել» հարցը, մեղմ ասած անարժանապատիվ է:
Պաշտոնական Երևանն ամենից լավ գիտե, որ Արցախը չի հրաժարվել Ադրբեջանի հետ այսպես ասած բանակցության երրորդ երկրների նախաձեռնությունից: Դրանից հրաժարվել է Ադրբեջանը, որը դրել է բանակցության մի պայման, այն պայմանը, որը դրել էր սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայից հետո:
Օրինակ, եթե որևէ մեկն ասի, որ այդ ագրեսիայից և զոհերից խուսափելու համար պետք էր գնալ ու պայմաններն ընդունել ավելի վաղ, ապա այդ դեպքում իհարկե դա լրիվ հասկանալի դիրքորոշում է: Որեւէ մեկը կարող է համաձայնել, կամ ոչ, բայց դա հասկանալի դիրքորոշում է: Բայց, ներեցեք, մանիպուլյատիվ է ասել, թե այդ այսպես ասած բանակցությամբ Արցախին տրվելու էր ավելին, մինչդեռ չհամաձայնելով՝ կորցրել են կամ հրաժարվել:
Պաշտոնական Երևանը սակայն, Արցախի հարցից հրաժարման գործընթացը սկսել է 2022 թվականի Պրահայից: Իհարկե, դա պարզ դարձավ հետո, որովհետև Պրահայի հանդիպումից հետո եղած հայտարարություններում այդպիսի ուղիղ արձանագրումներ չկային: Բայց, սկսվեց գործընթացը, իմ գնահատմամբ՝ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայով ահաբեկելու միջոցով:
Իսկ ռեինտեգրացիայի հարցը օրակարգ բերվելու է դրանից երկու շաբաթ առաջ, ինչպես մի քանի անգամ նշել եմ՝ Բրյուսելի հանդիպմանը՝ Միշել-Փաշինյան-Ալիև: Երևանն այն չի ընդունել: Երկու շաբաթ անց հաջորդել է գրոհը Ջերմուկի ուղղությամբ: Դրանից երեք շաբաթ անց Երևանը Պրահայում փաստորեն սկսել է Արցախի հարցից տարանջատվելու գործընթացը»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, ըստ որի՝ ԼՂ-ի լուծարման հրամանագրի հրապարակումից հետո Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարցը դուրս է եկել կարգավորման օրակարգից։
«ԱԳՆ այս արձագանքը որակել այլ կերպ, քան դավաճանական, ուրացող և ապազգային, դժվար է»,- «Տելեգրամ»-ում գրել է Քոչարյանը։
Բաց մի թողեք
Հայաստանի պետականությունը վերացնելու մասին շատ ուղիղ հայտարություն եղավ․ Շարիկովները գլխներիցս անպակա՞ս են լինելու
Խաղաղ անհնազանդության գործողության դասական վիճակ է, ագրեսորի վրա տեսախցիկ ես պահում խելոքանում է. Հովհաննես Ավետիսյան
Սա չի նշանակում, թե «պատերազմ» բառը պետք է դառնա սեփական հանրությանը սարսափի մեջ պահելու գործիք. Վարդան Ոսկանյան