19/04/2025

Հիմա ինչ կա այստեղ, ինչը Սովետական Միության ժամանակ է կառուցվել, այդ ամենը նրա շնորհիվ է. Ստաս Նամին

«Մենք գտել ենք փաստեր այն մասին, որ 1937 թվականին Հայաստանում կայացած պլենումի ժամանակ Անաստաս Միկոյանն ընդհանրապես ներկա չի եղել»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Անաստաս Միկոյանի թոռը՝ երաժիշտ, կոմպոզիտոր, գեղանկարիչ, կինոյի ու թատրոնի ռեժիսոր Ստաս Նամինը:

Ստաս Նամինը Ռուսաստանի Դաշնությունում լեգենդար մարդ է համարվում, ավելին` նրան համարում են ռուսական ռոքնռոլի հիմնադիրը: Նա հիմնել է առաջին անկախ պրոդյուսերական կենտրոնը, հեռուստաընկերություն, շուրջերկրյա ճամփորդություն է իրականացրել լաստանավով եւ բեմադրել է «Հիսուս Քրիստոս» ռոք օպերան` Երուսաղեմում: Բայց այս ամենի հետ միասին` նա լեգենդար Անաստաս Միկոյանի թոռն է` սովետական տարիների ամենաառեղծվածային եւ ամենահակասական կերպարներից մեկի, եւ որոշել է գրքով ներկայացնել իր լեգենդար պապի կյանքը՝ ծննդյան օրվանից մինչեւ մահ, ընդ որում` փաստաթղթերով: Գրքի վրա աշխատանքը շուրջ 6 տարի է տեւել, պատմաբաններ են աշխատել գրքի վրա, աշխատել են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ճապոնիայի եւ այլ երկրների արխիվներում:
«Ես շատ նոր փաստեր բացահայտեցի: Ես չգիտեի, որ նա երկու անգամ կամավորագրվել է ռուս-թուրքական պատերազմին ու առաջնագծում թուրքերի դեմ է կռվել: Ես զարմանալի փաստաթղթեր եմ հայտնաբերել 26 կոմիսարների մասին: Գտանք Շահումյանի եղբոր կողմից հրատարակված գիրքը, որը հրատարակվել է Բաքվի կոմունայի դեպքերից 2 տարի հետո: Պարզեցի նաեւ, որ 1937 թվականին Հայաստանում կայացած պլենումի ժամանակ Անաստաս Միկոյանն ընդհանրապես ներկա չի եղել, մենք պրոտոկոլներ գտանք թե՛ հայաստանյան, թե՛ այլ արխիվներում, որ նա միայն վերջին օրն է հասել Հայաստան: Անկարայում Աթաթուրքի հետ 2 օր գաղտնի բանակցություններ է վարել»,- պատմում է Ստաս Նամինը:

«Հրապարակ». Այն, ինչ Սովետական Միությունն արել է Հայաստանի համար, ամբողջը եղել է Անաստաս Միկոյանի միջոցով

Այդ պլենումը հաստատել է ստալինյան բռնադատվողների ցանկը: Թոռն ասում է, որ Ա. Միկոյանը վերջին օրն է հասել ու խնդրել է բռնադատվողների թիվը գոնե կրճատել: Անաստաս Միկոյանի մասին մի տեղեկություն էլ է շրջանառվում, որ նա իր ստորագրությունն է դրել Պոլիտբյուրոյին ուղղված մի նամակի տակ, որտեղ ասվում էր, որ Արցախը, Նախիջեւանն ու Ջավախքը պետք է պոկել Հայաստանից, այլապես միասնական ու մեծ Հայաստանը կարող է վտանգավոր լինել նոր ստեղծվող Սովետական Միության համար: Ստաս Նամինից հետաքրքրվեցինք` այդ տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը։ «Միկոյանը, երբ տասնվեց տարեկան էր, մտածում էր, որ հնարավոր է ապրել խաղաղ: Նա այն ժամանակ դեռ այդքան կյանքի փորձ չուներ, որպեսզի հասկանար, որ Ադրբեջանի հետ չի ստացվի խաղաղ ապրել: Այն ժամանակ ինքն իսկապես մտածում էր, որ դա հնարավոր է… բայց նա ընդամենը 16 տարեկան էր՝ 16.5: Իսկ հետո նա աջակցեց Գրիգորի Արությունովին, որը Ստալինին նամակ գրեց այն մասին, որ Արցախը պետք է վերադարձնել Հայաստանին: Բնականաբար, Արությունովը նամակի բովանդակությունը համաձայնեցրել էր Միկոյանի հետ, եւ Միկոյանն այն հստակ գիտակցումն ուներ, որ Արցախը պետք է տալ Հայաստանին: Դա՝ արդեն հասուն տարիքում, իսկ 16 տարեկանում բոլորն են սխալվում»:

Հե՞շտ է արդյոք Անաստաս Միկոյանի թոռը լինելը։ Նամինն ասաց, որ Միկոյանին գրեթե ոչ ոք չգիտի, նրա մասին չգիտեն նաեւ Հայաստանում: Իսկ Միկոյանն արգելված է Ռուսաստանում` նրա անունով ո՛չ քաղաք կա, ո՛չ էլ փողոց, եւ այդ ամենը սկսվեց Բրեժնեւից հետո, երբ սկսեցին նրան արգելել, սեւացնել: Պատճառը մեկն էր՝ Միկոյանը հրաժարվեց Բրեժնեւի թիմի անդամը դառնալ:

«Թե Հայաստանի համար ինչ դեր խաղաց Միկոյանի անձը՝ հսկայական, այդ մասին խոսելը սխալ է: Պետք է կարդալ գիրքը եւ հարցնել պատմաբաններին, ովքեր զբաղվում են պատմությամբ, իսկ Հայաստանում պատմաբանները շատ են: Որտեղի՞ց հայտնվեց ատոմակայանը Հայաստանում, ինչպե՞ս Հայաստանում ամեն ինչ հայտնվեց, ինչո՞ւ էր Հայաստանում ամեն ինչ այդպես զարգանում Սովետական Միության ժամանակ, որը հետո թալանվեց: Այն, ինչ Սովետական Միությունն արել է Հայաստանի համար, այդ ամենն անցել է նրա միջոցով, այդ ամենը եղել է նրա նախաձեռնությունը… Հիմա ինչ կա այստեղ, ինչը Սովետական Միության ժամանակ է կառուցվել, այդ ամենը նրա շնորհիվ է»,- ասաց Նամինը:

Ստաս Նամինն իր ընտանիքի հետ միասին ստացել է Հայաստանի քաղաքացիություն, տուն է գնել ու պատրաստվում է վերանորոգել այն, քանի որ ուզում է ժամանակ առ ժամանակ գալ եւ ապրել նաեւ Հայաստանում: Իսկ հիմա ապրում է միանգամից մի քանի երկրում՝ Լոս Անջելես, Նյու Յորք, Մոսկվա, հիմա կավելանա նաեւ Երեւանը: «Կարեւորն այն է, որ իմ ընտանիքն էլ է շատ հավանում Հայաստանը, այդ պատճառով կնոջս ու երկու երեխաներիս հետ սիրով այստեղ կապրենք` ժամանակ առ ժամանակ»,- ասաց նա:

Նա կարծում է, որ շատ մեծ տարբերություն կա կառավարության եւ ժողովրդի միջեւ՝ կառավարությունը կարող է շատ վատը լինել, իսկ ժողովուրդն ամենուր լավն է: Հայաստանում իրեն ամենաշատը մարդիկ են գերել ու հենց մարդիկ են նաեւ Հայաստանում բնակվելու ցանկություն առաջացրել, որովհետեւ ջերմ են, սրտաբաց ու բարի:

Մշակութային մի շարք ծրագրեր ունի Ստաս Նամինը: Նա պատրաստվում է իր թատրոնը հյուրախաղերի բերել Երեւան եւ հանդիսատեսին ներկայացնել «Հիսուս Քրիստոս» ռոք օպերան՝ գուցե հոկտեմբերի վերջին կամ` նոյեմբերի սկզբին: Մտադիր է նաեւ Երեւանում ներկայացնել ամերիկյան կլասիկ ռոք օպերա՝ «Վարսերը», «Բիթլոմանիա» մյուզիքլը, «Վիլյամ Սարոյան» ներկայացումը, որտեղ ռուս դերասանները հայերեն են երգում, Կոմիտաս են երգում՝ պատմում է Միկոյանի թոռը:

Անդրադառնալով Արցախի կորստին, Նամինն ասաց. «Արցախի կորուստը ողբերգություն է: Երբ այդքան հազարամյակներ պայքար էր գնում այդ հողի համար, որտեղ ապրում էին հայերը, ու հանկարծ մի քանի օրվա ընթացքում այն կորցնելը, այդքան զոհերը մեծ ողբերգություն է: Դա ինձ համար անձնական ողբերգություն է»: «Կարծում եմ, որ պետք է կանխվեր պատերազմը: Ամեն ինչ հնարավոր է, երբ ԱՄՆ-ում «Թայմզ» ամսագիրը լույս տեսավ, շապիկին՝ Միկոյանը, նրան անվանել էին աշխարհի լավագույն ճգնաժամային մենեջերը: Երբ որ ճգնաժամային իրավիճակ է, այդ իրավիճակը լուծելը, դրանից դուրս գալը շատ դժվար է, բայց հնարավոր է: Միկոյանը կանխեց, չէ՞, երրորդ համաշխարհային պատերազմը Կուբայում, չնայած ոչ ոք չէր էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է անել՝ փակուղային վիճակ էր: Հետեւաբար, այստեղ եւս, կարծում եմ, խնդիրը ոչ թե պատերազմում հաղթելն էր, այլ՝ պատերազմը կանխելը: Ես քաղաքական գործիչ չեմ, կարող եմ միայն իմ կարծիքն ասել՝ ես միշտ կողմ եմ խաղաղությանը»,- ասաց Նամինը:

Անդրադառնալով այսօր աշխարհում տիրող իրավիճակին, Ստաս Նամինն ասաց, որ աշխարհը դեպի անդունդն է գլորվում, եւ ինքը որեւէ լավատեսական կանխազգացում այդ մասով չունի, քանի որ Շառլ դը Գոլի փոխարեն ինչ-որ «պիդառաստ է» կառավարում, Մարգարեթ Թետչերի ու Չերչիլի փոխարեն՝ «Բորիս անունով մի ապուշ», «Քենեդու փոխարեն՝ անխելք Բայդեն», եւ այսպես շարունակ:

«Ինձ մոտ տպավորություն է, որ քաղաքական գործիչները ցինիկ են, գող ու կարիերիստներ, նրանցից ջերմություն չի գալիս: Վախենում եմ այդ քաղաքական գործիչների աչքերին նայել, ահավոր մարդիկ են, ես նրանց հետ կյանքում չէի շփվի: Սակայն մեզնից յուրաքանչյուրը եթե իր տեղում իր շրջանակին սեր ու բարություն տա, անպայման կփոխվի ամեն ինչ»,- ասաց Նամինը:

Translate »