19/04/2025

Ի՞նչ հիմքի վրա կարող են զարգանալ հայ-վրացա-ադրբեջանական հարաբերությունները

Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում՝ նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին այցելել է Բաքու: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ արարողակարգային «պսակադրումներից» հետո կայացել է նրա և Իլհամ Ալիևի հանդիպումը:

Ադրբեջանի նախագահի հայտարարության գլխավոր ուղերձը, թերևս, այն է, որ նա Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն առանց Ադրբեջանի և Վրաստանի մասնակցության չի պատկերացնում:

Ալիևը կրկին շեշտել է, որ Ադրբեջանը բնական գազ է մատակարարում տասներկու երկրի, Վրաստանի տարածքով անցնող նավթամուղը և գազատարը սիներգիան են ստեղծում ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ավելի լայն աշխարհագրական տարածքում։

Իլհամ Ալիևը վերջերս մասնակցել է «Հարավային գազային միջանցքի» կոնսուլտատիվ խորհրդի՝ Բաքվում անցկացված նիստին և բացահայտել, որ Եվրահանձնաժողովի հետ չորս տարի առաջ ստորագրված համաձայնագրի իրականացումը փաստացի անհնար է, որովհետև նախ Բաքու-Էրզրում գազատարի ենթակառուցվածքների արդիականացման համար անհրաժեշտ ազատ միջոցներ չկան, երկրորդ՝ եվրոպական գնորդները հրաժարվում են ստորագրել երկարաժամկետ պայմանագրերի:

Եթե մեկ ամսում ինչ-որ բան փոխվել է, ապա հաստատ ոչ Ադրբեջանի օգտին: Եվրամիությունը քննարկում է Իրանի և Թուրքիայի տարածքով թուրքմենական գազի ներմուծման ծրագիրը, իսկ Թուրքիան մտադրվել է վերագործարկել Կատարից դեպի Եվրոպա գազատարի անցկացման նախագիծը, որ դադարեցվել էր Սիրիայում քաղաքացիական պատերազմի պատճառով:

Ադրբեջանը, ընդ որում, մտադրված է մասնակցել Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա էներգակիրների տարանցման ծրագրերին: Ըստ տեղեկությունների՝ այդ հարցի շուրջ նախնական համաձայնություն ձեռք է բերվել Իսրայելի հետ:

Պետք է հավելել, որ Եվրամիությունը գազ է գնում նաև Միացյալ Նահանգներից: Այս համատեքստում խոսել, որ ադրբեջանական գազը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման «կարևորագույն գործոն է», ակնհայտ չափազանցություն է:

«Սիներգիան», որի մասին խոսում է Իլհամ Ալիևը, ամենից առաջ քաղաքական ուղղվածություն ունի: Եվրոպական կառույցների՝ ԵԽԽՎ-ի և Եվրախորհրդարանի հետ լրջագույն խնդիրներ ունենալով՝ Ադրբեջանին լիովին ձեռնտու է, որ Վրաստանը մնա այն ուղեգծի մեջ, որ որդեգրել է խորհրդարանական վիճելի ընտրություններից հետո, այսինքն՝ շարունակի Արևմուտքի հետ դիմակայությունը:

Այդ քաղաքականությունը Վրաստանին կախվածության մեջ է պահում Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններից: Ավելին՝ Վրաստան-ԱՄՆ, Վրաստան-Եվրամիություն «բանավեճը» ֆոն է ձևավորում, որ Ադրբեջանում ոչ թե բռնապետություն է, այլ ազգային-պահպանողական իշխանություն, որ դիմակայում է գլոբալիզացման մարտահրավերները և նույն գծի մեջ է, որ ընտրել է Վրաստանը:

Ալիևի քարոզած վրաց-ադրբեջանական «սիներգիան» խորքային առումով հետապնդում է Հայաստանի քաղաքակրթական մեկուսացման, Հայաստան-Եվրամիություն մերձեցումը խոչընդոտելու նպատակ:

Ըստ երևույթին, Ալիև-Կավելաշվիլի հանդիպմանը քննարկվել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: Վրաստանի նախագահն ասել է, որ Թբիլիսին ցանկանում է, որպեսզի «խաղաղության պայմանագիրն ստորագրվի ամենամոտ ապագայում»:

Ավելի վաղ վրացական կողմը ծանուցել է, որ նախագահ Կավելաշվիլին կայցելի նաև Հայաստան, բայց ժամկետների մասին առայժմ տեղեկություն չկա: Վրաց-ադրբեջանական «սիներգիայի» վրա սևեռվելով՝ Ադրբեջանի նախագահը, կարծես, հասկացնում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տեսանելի հեռանկար չկա:

Ի՞նչ հիմքի վրա կարող են զարգանալ հայ-վրացական հարաբերությունները: Եվ արդյոք հնարավո՞ր է հասնել մակարդակի, որ կհավասարակշռի վրաց-ադրբեջանական «սիներգիան»: Այդ դեպքում, հավանաբար, Բաքուն սկզբունքորեն կգնահատի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր համար կարևորությունը: Այլապես Ալիևը հարավ-կովկասյան «կազուս» է ստեղծում:

Translate »