Եկող շաբաթ Լոնդոնում հնարավոր է հասնել Ուկրաինայում լրիվ և համապարփակ հրադադարի համաձայնության: Այդ մասին գրում է «Նյու Յորք թայմսը»:
ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն և հատուկ բանագնաց Ուիթկոֆը եվրոպացի գործընկերների հետ այս շաբաթ հանդիպում են ունեցել Փարիզում, որից հետո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի հետ:
Ամերիկյան փորձագետներից մեկը վերջինիս արձագանքը որակել է «նյարդային»: Լավրովը, ինչպես հայտնի է, ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ ուկրաինական կարգավորումը պետք է տեղի ունենան «հակամարտության նախապատճառների վերացման հիմքով», այսինքն՝ Ռուսաստանի նախապայմաններով:
Դրանք հայտնի են՝ «նոր տարածքների» ռուսաստանապատկանության ճանաչում, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունի հրաժարում, նրա ոչ բլոկային կարգավիճակի հաստատում և «դենացիֆիկացիա»՝ սահմանադրական փոփոխություններիով և «դրակոնական օրենքների չեղարկմամբ։
Այս փակուղային իրավիճակում, ինչպես Bloomberg-ի դիվանագիտական աղբյուրն է հայտնել, Վաշինգտոնը Մոսկվային վերջին ազդակն է հղել, որ պատրաստ է ճանաչել Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը։ Այդ մասին անուղղակի խոսել է նաև ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը:
Նա ասել է, որ Ռուսաստանը կարող է որոշ տարածքներ ստանալ։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ումերովը, ըստ Bloomberg-ի, ակնարկել է, որ Կիևը համաձայն է ԱՄՆ ներկայացրած շրջանակային համաձայնագրի 90 տոկոսին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դադարեցնել միջնորդություն և դուրս գալ բանակցություններից, եթե կողմերը չընդունեն հրադադարի հաստատման վերջին նախաձեռնությունը:
Մոսկվան ակնհայտորեն դժգոհ է ուկրաինական կարգավորմանը եվրոպական «եռյակին»՝ Ֆրանսիային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային ներգրավելու ԱՄՆ քայլերից: «Ինչ անվան տակ էլ որ լինի՝ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի «տարրերի» հայտնվելը չի կարող կառուցողական լինել»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Եթե ռուս-ամերիկյան «գործարքը» չկայանա, իսկ դրա հավանականությունը չափազանց մեծ է, որովհետև տարածքային և Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժերի տեղակայման հարցերում Մոսկվան անզիջում է, ապա Վլադիմիր Պուտինը պատասխանատվությունը կբարդի, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի նախագահ Զելենսկու վրա, իսկ Դոնալդ Թրամփը՝ եվրոպացիների:
Ըստ երևույթին՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան վճռականապես դեմ են Ղրիմի անեքսիայի օրինականացմանը:
Առկա իրավիճակի «նրբությունն» այն է, որ, չնայած եվրոպացիների հասցեին սուր քննադատությանը, ԱՄՆ նախագահն, այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական գերակարևորություն ունեցող հարցում չի կարողացել կամ չի ցանկացել անտեսել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի շահերը:
Ըստ երևույթին՝ այլընտրանքը, որ «եվրոպական եռյակը» կարող է գնալ ռազմաքաղաքական դաշինքի ձևավորման, Վաշինտոնի համար զգաստացնող է:
Ի՞նչ է հետևելու, եթե Վաշինգտոնն ուկրաինական կարգավորման ծրագիրը համաձայնեցնի «եվրոպական եռյակի» հետ, բայց Ռուսաստանը չընդունի այդ պայմանները: ԱՄՆ-ն կդադարեցնի՞ միջնորդությունը:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդևը սոցցանցային գրառում է կատարել, որ Ռուսաստանը խաղաղություն կհաստատի, եթե ԱՄՆ-ն և Եվրամիությունը ձեռքները լվանան Ուկրաինայից։
Սուր քննադատության ենթարկելով իր նախորդին՝ նախագահի պաշտոնն ստանձնելով «ես պատերազմ չեմ սկսում, ես պատերազմն ավարտում եմ» կարգախոսով, Դոնալդ Թրամփը չորս ամսում Միացյալ Նահանգների համար առնվազն երկու լուրջ փորձություն է «հրահրել»՝ ուկրաինական կարգավորման միջնորդություն և Իրանի միջուկային ծրագրի «ապամոնտաժման բանակցություններ»:
Առաջինն ակնհայտորեն փակուղում է, երկրորդի հաջողությունը՝ չափազանց կասկածելի: Հակամարտությունների, տարածաշրջանային պատերազմների բորբոքման սպառնալիքն, ըստ այդմ, ոչ թե նվազում, այլ կտրուկ աճում է: «Խաղաղության աղավնի» Թրամփի ժամանակն սպառվում է:
Բաց մի թողեք
Մոսկվան Եվրամիության հետ դիմակայությունը «տրանզիտով» տեղափոխում է Կենտրոնական Ասիա
Թրամփը Պուտինից նվեր է ստացել իր դիմանկարը. CNN-ը հրապարակել է այն
Երբ Պուտինը չի գնում Էրդողանի մոտ, Էրդողանը որդուն Մոսկվա «բանագնա՞ց է ուղարկում»