24/04/2025

«Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին

«Հայկական ավիաուղիների» Airbus A321 տիպի երկու օդանավերը, որոնք մինչեւ վերջերս Հայաստանում գրանցված էին իբրեւ EK-AAB եւ EK-AAD, տեղափոխվել են Թուրքիա ու գրանցվել այդ երկրի Southwind Airlines ավիաընկերության շարժակազմում:

Նախորդ հոդվածում գրել էինք, որ այն բանից հետո, երբ հայկական փոխադրողը հայտարարեց, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները, EK-AAB գրանցումով Airbus A321-ը մարտի 25-ին Երեւանից թռել է Ստամբուլ:

EK-AAB-ն 2023 թ. ապրիլին էր տեղափոխվել Հայաստան ու գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում: Ընդ որում՝ այս օդանավը հունվարի 6-ից կոմերցիոն թռիչքներ չէր կատարում եւ կանգնած էր «Զվարթնոցում»: Այսպիսով՝ EK-AAB-ն «Հայկական ավիաուղիների» շարժակազմում մնաց շուրջ 2 տարի:

Հիշեցնենք, որ մինչեւ Հայաստան տեղափոխվելը ինքնաթիռը շահագործվում էր ռուսական Northwind Airlines ավիաընկերության կողմից, սակայն գրանցված էր Բերմուդյան կղզիներում: Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, երբ ռուսական ավիացիան հայտնվեց արեւմտյան պատժամիջոցների տակ, այս օդանավը դուրս բերվեց Northwind Airlines-ի ավիապարկից ու 2022-ի գարնանը տեղափոխվեց Ստամբուլ, իսկ շուրջ մեկ տարի անց հայտնվեց «Հայկական ավիաուղիների» տրամադրության տակ: Թուրքական Southwind Airlines-ի շարժակազմում, ըստ planespotter.net-ի, այս Airbus A321-ը ստացել է TC-GRG գրանցումը:

«Հայկական ավիաուղիների» մյուս Airbus A321-ը մեր երկիր էր տեղափոխվել ավելի վաղ՝ 2022-ի դեկտեմբերին, ու նույն ամսում գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում իբրեւ EK-AAD: Ինքնաթիռն այս տարվա ապրիլի 9-ին Երեւանից թռել է Անթալիայի օդանավակայան, որտեղ բազավորվում է Southwind Airlines-ը:

Այս ընկերության ավիապարկում, ըստ planespotter.net-ի, օդանավը ստացել է TC-GRF գրանցումը: Ընդ որում՝ 2022-ի տարեվերջին Հայաստան տեղափոխվելուց առաջ, planespotters.net-ի տվյալներով, նախատեսվում էր, որ այս ինքնաթիռը պետք է համալրի հենց Southwind Airlines-ի շարքերը, սակայն դրա փոխարեն այն հանձնվեց «Հայկական ավիաուղիներին»: Բայց ինչպես տեսնում ենք, մեր երկիր տեղափոխվելուց շուրջ 2,5 տարի անց, այդուհանդերձ, այն դարձավ թուրքական օպերատորի բորտ:

Այն, որ վերոնշյալ երկու օդանավերը վերջին տարիներին անցել են Northwind Airlines-«Հայկական ավիաուղիներ»- Southwind Airlines «եռանկյունով», ամենեւին տարօրինակ չէ, քանի որ սրանք փոխկապակցված ավիաընկերություններ են:

Դեռ 2022-ին, անդրադառնալով «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ին, գրել էինք, որ դրա հիմնադիր Արարատ Սարգսյանի մեկ այլ հայկական ընկերություն՝ «Ալյանս Ավիաընկերություն» ՍՊԸ-ն, ըստ համացանցի բաց աղբյուրների, ռուսական Северный ветер (թարգմանաբար՝ հյուսիսային քամի) ավիափոխադրողի ներկայացուցիչն է Հայաստանում, իսկ ռուսական այս օպերատորն առավել հայտնի է որպես Nordwind Airlines։ Վերջինիս 100 %-ի սեփականատերը գործարար Կարինե Վիտալեւնա Բուկրեյն է: Նա նախկինում նաեւ ռուսական «Պեգաս Տուրիստիկ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն էր, իսկ այս տուրիստական գործակալության սեփականատերը թուրք գործարար Ռամազան Աքպինարն է։ Ըստ «Կոմերսանտի»՝ վերջինս Կ. Բուկրեյի ամուսինն է։

«Պեգաս Տուրիստիկը» բավականին հայտնի ու խոշոր ընկերություն է տուրիզմի ոլորտում։ Հենց սա է համարվում ոչ միայն Nordwind Airlines-ի, այլեւ մեկ այլ ռուսական փոխադրողի՝ Икар-ի (2015-2022 թթ․ ներկայանում էր Pegas Fly ապրանքանիշով) գլխադասային ընկերությունը։ Ընդ որում՝ փաստաթղթերով «Իկարի» միանձնյա սեփականատերը նույնպես Կարինե Բուկրեյն է։ Այդուհանդերձ, վերոնշյալ ռուսական ընկերությունների իրական սեփականատեր է համարվում Ռամազան Աքպինարը։

«Պեգաս Տուրիստիկին», հետեւաբար, նաեւ Nordwind Airlines-ին ու Ikar-ին փոխկապակցված է թուրքական Southwind Airlines-ը (թարգմանաբար՝ հարավային քամի), որի անունն ու լոգոն մտածված են ռուսական Nordwind Airlines-ի նմանությամբ։

Նկատենք, որ Southwind Airlines-ն իր գործունեությունն սկսել է 2022-ի գարնանը, այն բանից հետո, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, եւ ռուսական փոխադրողները, այդ թվում՝ Nordwind Airlines-ն ու Ikar-ը, ընկան արեւմտյան պատժամիջոցների տակ: Թուրքական նորաստեղծ ավիաընկերության նպատակն էր այնպես անել, որ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանից դեպի Թուրքիա զբոսաշրջային հոսքերը չնվազեն, այսինքն՝ «Պեգաս Տուրիստիկի» բիզնեսը չտուժի:

Այսպիսով՝ Աքպինար-Բուկրեյ զույգը ռուսական Nordwind Airlines եւ Ikar ավիաընկերությունների, ինչպես նաեւ Pegas Touristik տուրգործակալության սեփականատերն է, որոնց փոխկապակցված են թուրքական Southwind Airlines-ն ու «Հայկական ավիաուղիները»:

Եթե 2021-ի փետրվարին հիմնադրված «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ի միանձնյա սեփականատերն Արարատ Սարգսյանն էր, ապա այն բանից հետո, երբ 2022-ի դեկտեմբերին ընկերությունը օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ, կոմերցիոն թռիչքներ կատարելու հիմնաքարային փաստաթուղթն է) ստացավ, 2023-ի հունվարին ՍՊԸ-ում կատարվեց սեփականատերերի փոփոխություն, ինչի մասին «Հետքը» եւս գրել է:

Արարատ Սարգսյանն օտարել է իր բաժնեմասի 90 %-ը՝ մնալով 10 %-ի սեփականատեր:

Այսպիսով՝ 2023-ի հունվարին «Հայկական ավիաուղիների» («ՀԱՈւ») 22 %-ի սեփականատեր է գրանցվել ՀՀ քաղաքացի, մեծամորցի Հերմինե Հովհաննիսյանը: Վերջինս, ըստ իր ֆեյսբուքյան էջի, նախկինում աշխատել է թուրքական AtlasGlobal ավիաընկերությունում, որը ժամանակին Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ թռիչքներ էր իրականացնում: Հովհաննիսյանը, նույն տվյալների համաձայն, աշխատել է նաեւ Ստամբուլի Kaçkar Tour տուրիստական գործակալությունում: Սրա անունը ծագում է ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արեւելքում գտնվող Խաչքարի կամ Խաղտյաց լեռների անունից:

«ՀԱՈւ»-ի 19 %-ի սեփականատեր է դարձել ՀՀ քաղաքացի, երեւանցի Միխայիլ Ասրիյանը, որը նաեւ ՌԴ քաղաքացի է, ծագումով՝ Սամարայից: Ասրիյանը անմիջական կապ ունի ռուսական «Պեգաս Տուրիստիկի» հետ, նախկինում աշխատել է այս ընկերության ղազախական մասնաճյուղում: 2013-ին Ասրիյանը Երեւանում հիմնել է նույնանուն՝ «Պեգաս Տուրիստիկ» ՍՊԸ-ն, որը հետո անվանափոխվել է՝ դառնալով «Արիոն Տուր». սա ռուսական ընկերության ներկայացուցիչն է ՀՀ-ում:

Սարգսյանի, Հովհաննիսյանի ու Ասրիյանի ընդհանուր մասնաբաժինը «ՀԱՈւ»-ում 51 % է, ինչը «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի պահանջ է: Օրենքը սահմանում է, որ ՕՇՎ ստացող կամ ունեցող ավիաընկերությունների առնվազն 51 %-ը պետք է պատկանի ՀՀ քաղաքացիներին կամ Հայաստանում գրանցված այլ ընկերությունների/կազմակերպությունների: «ՀԱՈւ»-ում պահպանել են այս նվազագույն շեմը: Ընկերության մնացած 49 %-ը պատկանում է օտարերկրացիների:

24 %-ը գրանցված է Բուլղարիայի քաղաքացի Ռոսեն Բոյանովի անունով: Վերջինս եւս փոխկապակցված է «Պեգաս Տուրիստիկին», ինչի մասին է խոսում այն փաստը, որ նա ժամանակին եղել է Կիեւում հիմնադրված PGS Travel տուրիստական գործակալության սեփականատերը: Բացի դրանից՝ Բոյանովը եղել է ուկրաինական Kharkiv Airlines-ի վերստուգիչ հանձնաժողովի անդամ, զուգահեռաբար Ռ. Աքպինարը եղել է դիտորդ խորհրդի անդամ: Այս ավիաընկերությունը, որն արդեն 10 տարի թռիչքներ չի կատարում, պատկանում է ուկրաինական «Լոնգիտուրս» ընկերությանը, որը նախկինում կոչվում էր «Պեգաս Տուրիստիկ», այսինքն՝ ցանցի ուկրաինական մասնաճյուղն է (նշենք, որ Kharkiv Airlines-ի լոգոն եւ ռուսական Nordwind Airlines-ի լոգոն նույն դիզայնն են ունեցել): Փաստորեն, կարող ենք ասել, որ Kharkiv Airlines-ը եղել է Ռամազան Աքպինարի հերթական ավիաընկերությունը:

Այդուհանդերձ, «Հայկական ավիաուղիների» ամենահետաքրքիր սեփականատերը Շվեյցարիայի քաղաքացի, ազգությամբ թուրք Օզ Յակուպխանոգուլարինդանն է (ՀՀ պետռեգիստրի գործակալության կայքում ազգանունը ներկայացված է այսպես, սակայն տարբեր աղբյուրներում այս անձը ներկայանում է որպես Օզ Յակուպհան՝ Öz Yakuphan. այդուհանդերձ, սա, թերեւս, Yakuphanoğullarindan ազգանվան կարճ ձեւն է): Ըստ ֆեյսբուքյան անձնական էջի՝ Յակուպհանը ծագումով թուրքական Իզմիրից է:

Հատկանշական է, որ 2023-ի ամռանը հրապարակված մեր նախորդ հոդվածից հետո Յակուպհանը սահմանափակել է իր ֆեյսբուքյան էջի հասանելիությունը, հանվել են նաեւ rocketrich.co-ում ներկայացված նրա անձնական տվյալները, որոնք, սակայն, հասանելի են արխիվացված տարբերակով: Ըստ այդմ՝ Յակուպհանը ՏՏ ոլորտի մասնագետ է, 1980-1984 թթ. սովորել է Կուլելիի բարձրագույն ռազմական դպրոցում, որը համարվում է իր տեսակի մեջ ամենահինը Թուրքիայում (հիմնվել է Օսմանյան կայսրության օրոք՝ 1845-ին): 2016 թ. Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո դպրոցը փակվել է՝ դառնալով թանգարան:

1986-1990 թթ. Օզ Յակուպհանը սովորել ու բակալավրի կոչում է ստացել Անկարայի Միջին Արեւելքի տեխնիկական համալսարանում (METU), իսկ հետո մագիստրոսի դիպլոմ է ստացել ամերիկյան Ռոչեսթերի տեխնոլոգիական ինստիտուտում (RIT): Թուրք մասնագետն, ըստ rocketrich.co-ի, ռուսական «Պեգաս Տուրիստիկի» տնօրենների խորհրդի անդամ է, ընկերության ՏՏ գծով տնօրենը (CIO – Chief information officer): Յակուպհանի կինը՝ Օքսանա Յակուպհանը, ըստ սոցկայքերի տվյալների, «Պեգաս Տուրիստիկի» անձնակազմի գծով տնօրենն է:

Ահա այսքանից հետո հասկանալի է, թե ինչու են «Հայկական ավիաուղիների» այլեւս նախկին օդանավերը, որոնց սեփականատերն, ի դեպ, ամերիկյան խոշոր լիզինգատու Air Lease Corporation-ն է (ALC) իր դուստր ընկերությունների միջոցով, տակավին վերջերս տեղափոխվել Թուրքիա ու հանձնվել Southwind Airlines-ին (ռուսական, հայկական եւ թուրքական օպերատորները օդանավերը լիզինգով վարձակալում են սեփականատիրոջից):

Ինչ վերաբերում է «ՀԱՈւ»-ին, ապա ինչպես ասվեց վերեւում, ընկերությունը մարտի 17-ին՝ թռիչքները դադարեցնելուց առաջ, հայտարարել էր նոր օդանավեր ձեռք բերելու մասին: Առայժմ դրանց մասին հրապարակային ինֆորմացիա չկա: