Ապրիլի 5-ից Պռոշյան և Քասախ գյուղի բնակիչները Երևան-Աշտարակ ճանապարհը փակելու միջոցով ակցիաներ են իրականացնում` պահանջելով, որ 25 և 59 համարի երթուղին սպասարկող ավտոբուսները շարունակեն մինչև իրենց համայնքներ հասնել։
Բանն այն է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության որոշմամբ նոր երթուղի է ներդրվելու։ Եթե Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ, ապա նոր ներդրվող երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձն էլ լինելու է 250 և 200 դրամ։
Նոր երթուղին Պռոշյան և Քասախ համայնքներից կհասնի մինչև Երևանի Աջափնյակ վարչական շրջան, որտեղից էլ քաղաքացիները պետք է այլ ավտոբուսից օգտվեն՝ իրենց նախընտրած վայր հասնելու համար:
Այս ընթացքում բնակիչները մի քանի անգամ հանդիպումներ են ունեցել թե՛ Կոտայքի մարզպետի, թե՛ Կառավարության և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներից հետո բնակիչները նշել էին, որ Պռոշյանցիների համար խնդիրը մասամբ լուծվել է։
Չնայած դրան՝ այսօր արդեն Քասախի բնակիչներն են կրկին ճանապարհ փակել՝ պնդելով՝ չեն նահանջելու։ Նրանք պահանջում են կարգավորել գյուղի տրանսպորտի խնդիրը. վերականգնել ավտոբուսային 59 երթուղին։ Ուշագրավն այն է, որ մինչ այս ակցիաները սոցիալական բնույթ էին կրում, սակայն արդեն սկսել են քաղաքական բնույթի հայտարարություններ ևս հնչել:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն էլ այսօրվա ակցիան գնահատել է որպես ապակառուցողական՝ նկատելով. Միասնական երթուղային ցանցի բարեփոխման ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Քասախ և Պռոշյան բնակավայրերի բնակիչների կողմից Երևան համայնքը սպասարկող տրանսպորտի՝ իր վարչական տարածք hետ քաշման և բնակավայրեր միջմարզային տրանսպորտի մուտք գործելու հարցի առնչությամբ բողոքի բարձրաձայնումից ի վեր Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից բազմաթիվ հանդիպումների և քննարկումների արդյունքում առաջարկվել են խնդրի լուծման մի շարք տարբերակներ:
Մասնավորապես.
1. Փոխադրավարձի նվազեցում՝ Պռոշյան-Երևան՝ 200 դրամ (250 դրամի փոխարեն) Քասախ-Երևան՝ 150 դրամ (200 դրամի փոխարեն)։
2. Չվացուցակով սահմանված երթերի քանակի ավելացում։
3. Երևանի տրանսպորտին հասանելիություն բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից։
4. Տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացում։
5. Երևան քաղաքում վերջնակետի փոփոխություն։
Նախարարությունն ընդգծել է, որ ապակառուցողական գործողությունները վտանգում են տրանսպորտային բարեփոխման շարունակականությունը, խնդիրներ առաջացնում Երևան համայնքին սահմանակից այն բնակավայրերի բնակիչների համար, որտեղ գործում է միջմարզային տրանսպորտը։
Նախարարությունից շեշտել են նաև, որ բնակիչների հնչող պահանջները չեն տեղավորվում գործող օրենսդրության շրջանակներում։
Բաց մի թողեք
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 9 տուժած հոսպիտալացվել է. Լուսանկար
26-ամյա Էլենին վրաերթի ենթարկած ու կյանքից զրկած վարորդը կդատապարվի 2 տարով․ ծնողները պատրաստվում են բողոքարկել
Երևանում թալանել են «Chevrolet Volt», տուժածին պատճառվել է 1,5 միլիոն դրամի վնաս. Լուսանկար