«Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ, և մեղադրանքները այդ առնչությամբ սին են»,- հայտարարել է Հայաստանի ՍԴ նախագահ Դիլանյանը:
Ադրբեջանն ինքն էլ թերևս լավ պատկերացնում է, որ Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում որևէ տարածքային հավակնություն, այլապես Բաքուն այդ առնչությամբ որևէ դիտողություն կամ պահանջ կներկայացներ անցնող երեք տասնամյակի ընթացքում:
Ավելին՝ Հայաստանը կարժանանար նաև միջազգային հանրության՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, միջազգային այլ կառույցների դիտողություններին, որոնց անդամակցել է լիարժեքության և լիիրավության սկզբունքով:
Դա հնարավոր չէր լինի Սահմանադրությամբ, որը այլ երկրի հանդեպ պարունակում է տարածքային պահանջ: Ադրբեջանի դիրքորոշումը բոլորովին չի բխում այն համոզումից, թե այդպիսի պահանջ ՀՀ Սահմանադրությունն ունի: Ադրբեջանի դիրքորոշումը բխում է այսպես ասած «հաղթողի դիրքից»:
Ադրբեջանը համարում է, որ քանի դեռ Հայաստանը թույլ է, քանի դեռ ուժային բալանսը իր օգտին է, քանի դեռ գոյություն չունի թե՛ միջազգային անվտանգության համակարգ, թե՛ ռեգիոնալ անվտանգության համակարգ, հնարավոր է և պետք է առավելագույն պահանջներ ներկայացնել Հայաստանին և ապահովել հոգեբանական ու քաղաքական տոտալ ճնշում: Սրանից զատ, սակայն, Ադրբեջանն ունի նաև ավելի կոնկրետ նպատակ:
Մասնավորապես, Սահմանադրության հարցում դա թերևս այն է, որ պետք է ջնջել այն իրավաքաղաքական հետագիծը, որ ունի Հայաստանի Հանրապետությունը: Ադրբեջանը տարիներ շարունակ բանակցել է այդ հանրապետության հետ, բանակցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կկարգավորման համար:
Ավելին՝ այդ Հայաստանի նախագահներն այցելել են Արցախ, այցելել են Արցախի ու Ադրբեջանի շփման գիծ, եղել են դիրքերում, ու Բաքուն այդ առնչությամբ դժգոհության ակնարկ, իսկ չի արտահայտել տարիներ շարունակ:
Այսինքն՝ ըստ էության ճանաչել է այդ այցերի նվազագույն իրավականություն՝ ելնելով արցախյան կարգավորման պրոցեսից և հակամարտության միջազգային իրավա-քաղաքական ընկալումից:
Սրանք գործոններ են, որոնք ֆիզիկական ստատուս քվոյի իմաստով Ադրբեջանը փոխել է, սակայն իրավա-քաղաքական ստատուս քվոյի իմաստով դրանք շարունակում են լինել արտահայտված՝ թեկուզ և ոչ ակտիվ ռեժիմում: Մինչդեռ չկա որևէ երաշխիք, որ այդ ռեժիմը երբևէ չի կարող ակտիվանալ որևէ շեշտադրումով:
Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, ըստ էության, Բաքուն դիտարկում է այդ հնարավորության վրա քաշվող «բետոնե» ծածկի հավելյալ շերտ, ինչպես Մինսկի խմբի լուծարումը:
Բաց մի թողեք
Պետք է ամեն ինչ անենք, որ նման վայրագությունները չկրկնվեն․ ԵՄ դիտորդական առաքելություն. Լուսանկար
Ֆրանսիայի նախագահի և Հայաստանի դեսպանի հայերեն գրառումները
Էրդողանը Ապրիլի 24-ի վերաբերյալ ուղերձ է հղել