Անցյալ շաբաթ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել է Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների հեռախոսազրույցի մասին, որի էական ընդգծումն այն էր, որ կողմերը քննարկել են բարձրագույն մակարդակով առաջիկա հանդիպումների ժամանակացույցը:
Քանի որ անցյալ տարի Վլադիմիր Պուտինը պետական այց է կատարել Աստանա, ենթադրվում է, որ քննարկվել է Ղազախստանի նախագահի Մոսկվա փոխայցի հարցը:
Ապրիլի 23-ին ՌԴ արտգործնախարար Լավրովը մեկնել է Ուզբեկստան և իր պաշտոնակից Բախտիյոր Սայիդովին հանդիպել Սամարղանդում: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղելով Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Սամարղանդը, կարծես, Ռուսաստանի համար սակրալ նշանակություն է ստանում, ապրիլի 3-4-ին այնտեղ գումարվել է Եվրամիություն-Կենտրոնական Ասիա առաջին գագաթաժողովը, և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կենտրոնական Ասիան անվանել է «Եվրասիայի բաբախող սիրտը»:
ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթաժողովից մոտ մեկ շաբաթ անց Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հանդիպել է Մոսկվայում հավատարմագրված եվրասիական մի քանի երկրների դեսպաններին և ներկայացրել «21-րդ դարի եվրասիական բազմազանության խարտիայի» սկզբունքները և չափորոշիչները:
Ըստ պաշտոնական վարկածի՝ այդ փաստաթուղթը ներկայացրել է Բելառուսը, այն արժանացել է Ռուսաստանի հավանությանը:
Ի՞նչ սկզբունքների և չափորոշիչների մասին է խոսքը, ոչ մի աղբյուր չի հայտնում: Իսկ Լավրովը Սամարղանդում հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուզբեկստանի հարաբերությունները կառուցված են սուվերեն իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և շահերի փոխադարձ նկատառման, ռազմավարական դաշնակցության սկզբունքների վրա՝ ինչպես որոշել են երկու պետությունների առաջնորդները: Լավրովը, ընդսմին, ընդգծել է, որ նրանց միջև «առկա է վստահության բացառիկ բարձր մակարդակ»:
Դիմելով ուզբեկստանցի գործընկերոջը, Ռուսաստանի արտգործնախարարն ասել է. «Դուք հիշեցրիք, որ մենք բոլոր ուղղություններով հաջողությամբ առաջ ենք ընթանում, ուրախացնում է փոխադարձ առևտրի աճը՝ չնայած աշխատում ենք ապօրինի պատժամիջոցների, քաղաքական ճնշման, համաշխարհային տնտեսության նոր տուրբուլենտության բարդ պայմաններում, որ հիմնականում ստեղծվել են մեր արևմտյան պարտնյորների միակողմանի քայլերի պատճառով»:
Ակնհայտ է, որ Լարվրովի «սամարղանդյան դեսանտը» նախաձեռնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ նպատակը Եվրամիություն- Կենտրոնական Ասիա գագաթաժողովի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին մոսկովյան այլընտրանքի ներկայացումն է: Մայիսի 9-ին ԱՊՀ երկրների առաջնորդները կմասնակցեն Հաղթանակի օրվա տոնակատարությանը: Ի տարբերություն Ղազախստանի և Ղրղզստանի՝ Ուզբեկստանը ԵԱՏՄ անդամ չէ:
Իսկ «միասնական և բազմազան Եվրասիայի» նախագիծը չի կարող իրականություն դառնալ, եթե Կենտրոնական Ասիան չինտեգրվի որպես մեկ անբաժանելի ամբողջություն: Այս առումով, որքանով հասկացվում է, Ռուսաստանն առաջին հերթին կարևորում է Ղազախստանի և Ուզբեկստանի ներգրավվածությունը: Կենտրոնական Ասիայի մյուս երկրները մեծ ներուժ չունեն:
Տարածաշրջանի պատմա-քաղաքակրթական կենտրոնը Սամարղանդն է, որ ներկայացնում է Կենտրոնական Ասիայի էթնիկ բազմազանությունը: Այդ «ինտեգրացիան» կայացել է Չինգիզխանի կայսրության կազմում:
Ռուսական կայսրության կազմում այդ «միասնական բազմազանությունը» պահպանվել է, տարածաշրջանն ունեցել է «Թուրքեստան» ընդհանրական անվանումը: Պետական-քաղաքական ինքնություն այդ ժողովուրդները ձեռք են բերել բոլշևիկյան ազգային քաղաքականության շրջանակներում:
Չափազանց մեծ երևակայություն է պետք, որպեսզի պատկերացվի, որ Ռուսաստանին կհաջողվի Կենտրոնական Ասիան վերադարձնել «Թուրքեստանի» կարգավիճակին, բայց պարզ է, որ «սուվերեն իրավահավասարության» մասին Լավրովի «հավաստիացումը» դիվանագիտական այլասացություն է:
Մոսկվան Եվրամիության հետ դիմակայությունը «տրանզիտով» տեղափոխում է Կենտրոնական Ասիա: Հաջորդ «կայարանը», անկասկած, Հարավային Կովկասն է: Ալիևի Չինաստան այցը ներգրվո՞ւմ է «Մեծ Եվրասիայի» մոսկովյան նախագծին:
Բաց մի թողեք
Թրամփը Պուտինից նվեր է ստացել իր դիմանկարը. CNN-ը հրապարակել է այն
Երբ Պուտինը չի գնում Էրդողանի մոտ, Էրդողանը որդուն Մոսկվա «բանագնա՞ց է ուղարկում»
«Չնստեք կոճղին, չուտեք կարկանդակ», այն է՝ չտապալեք ավագանու նիստերը՝ հարուցելով կառավարման ճգնաժամ