Կառավարությունը որոշել է ֆինանսական աջակցություն տրամադրել այն ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններից ուղևոր կներգրավեն Զվարթնոց և Շիրակ օդանավակայաններ:
Շիրակի դեպքում ամեն մի լրացուցիչ ուղևորի համար Հայաստանի պետական բյուջեից կվճարվի 15 հազար, իսկ Զվարթնոցի դեպքում՝ 20 հազար դրամ:
Կարելի է պատկերացնել, թե սա ինչ զգալի ծավալի ֆինանսական բեռ կլինի պետական բյուջեի համար: Հիմնավորումն այն է, որ ուզում են զարգացնել ավիացիա: Եվ այս հիմնավորումը բերում է կառավարությունը, որը «բարեհաջող» տապալեց ազգային ավիափոխադրող ստեղծելու ծրագիրը, դրա համար, ըստ էության, ջուրը նետելով տասը միլիարդ դրամ:
Ընդ որում՝ դրա համար առ այսօր չկա որևէ պատասխանատու: Փոխարենը, այժմ որոշում է կայացվել դե ֆակտո սուբիսդավորել ավիաընկերությունների նոր ուղղություններ: Ո՞վ է լինելու այդ «սուբսիդիայի» շահառուն: Եթե որևէ մեկի համար տնտեսապես եկամտաբեր է դիտվելու որևէ նոր ավիացիոն ուղղության, ապա ինչո՞ւ պետք է առաջանա կառավարության լրացուցիչ «սուբսիդիայի» կարիք:
Իսկ եթե պետք է որևէ ուղղություն շահութաբեր ու գրավիչ դառնա այդ կերպ, ապա հարց է առաջանում, թե արդյո՞ք դա չի լինելու տնտեսական գրեթե զրոյական էֆեկտով պետական գումարների հերթական մսխումը, առավել ևս, որբ բոլորի աչքի առաջ է ԱՆԻՖ հիմնադրամի պատմությունը:
Այդ հիմնադրամը, ըստ էության, հենց տարբեր բիզնեսների պետական դե ֆակտո սուբիսիդայի գործիքն էր, տնտեսական զարգացումների բարձր խորագրերի ներքո: Ի վերջո, կառավարությունն ինքը ազդարարեց, որ դա եղել է անարդյունավետ նախաձեռնություն, ԱՆԻՖ-ը պարզապես լուծարվեց՝ դարձյալ դե ֆակտո իր հետ տանելով իր համար ծախսված միլիարդավոր դրամներ:
Այժմ, ըստ էության, բիզնեսի պետական սուբսիդիայի մեկ այլ մեխանիզմ է, կասկածելի տնտեսական հիմնավորումով և տնտեսական էֆեկտի կասկածելի չափումով: Եվ, հաշվի առնելով նախադեպերը, կա մեծ մտավախություն, որ պետական բյուջեի հաշվին կարող են միլիոնների սնուցում ստանալ սահմանափակ թվով տնտեսվարողներ, որոնք ներգրավված են ավիաբիզնեսում, իսկ պետությանն ի վերջո կմնա այն «ափսոսանքը», որ արտահայտվեց ԱՆԻՖ տապալման կապակցությամբ:
Եվ այս ամենը մի դեպքում, երբ բյուջետային եկամուտները ապահովվում են հարկային բեռի ակնհայտ, տոտալ բարձրացումով, ինչը բավականին բարդ խնդիրների առաջ է կանգնեցնում փոքր ու միջին բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչների:
Ավելին՝ այդ ամենով հանդերձ բյուջետային դեֆիցիտը 2024 թվականի համար կազմում է մոտ 200 միլիարդ դրամ, իսկ 2025 թվականի բյուջեի համար՝ դրանից մի քանի անգամ ավելի, որը ծածկելու համար Հայաստանը բոլորովին վերջերս ներգրավվեց 750 միլիոն դոլարի արտաքին թանկ պարտք՝ եվրապարտատոմսերի թողարկման միջոցով:
Այդ պայմաններում, պետական բյուջեի միջոցների ամեն մի լումա պահանջում է ոչ միայն պարզապես հիմնավորվածություն, այլ ծանրակշիռ հիմնավորվածություն, և գլխավորը ոչ թե սահմանափակ անձանց շահերի, այլ հասարակական շահի տեսանկյունից:
Բաց մի թողեք
Պետք է ամեն ինչ անենք, որ նման վայրագությունները չկրկնվեն․ ԵՄ դիտորդական առաքելություն. Լուսանկար
Ֆրանսիայի նախագահի և Հայաստանի դեսպանի հայերեն գրառումները
Էրդողանը Ապրիլի 24-ի վերաբերյալ ուղերձ է հղել