Ֆրանսիան և Գերմանիան անվտանգության ու պաշտպանության համատեղ խորհուրդ են ստեղծում: Կողմերն այդ մասին հայտարարել են Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցի Փարիզ այցի ժամանակ:
«Մենք կստեղծենք ֆրանս-գերմանական պաշտպանության և անվտանգության խորհուրդ, որը կհանդիպի պարբերաբար՝ մեր ընդհանուր ռազմավարական մարտահրավերներին օպերատիվ պատասխաններ տալու համար», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
75 տարի առաջ գրեթե այս օրերին՝ 1950 թվականի մայիսի 9-ին, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ռոբեր Շումանը բարձրաձայնեց ֆրանս-գերմանական՝ ածխի և պողպատի միավորում ստեղծելու գաղափարը, որը տասնամյակներ անց, ըստ էության, լինելու էր միջազգային պատմության մեջ առանձնահատուկ և բացառիկ կառույցի՝ Եվրամիության հիմքը:
Այսօր, սակայն, Եվրամիությունը գտնվում է աշխարհակարգային վերափոխումների հորձանուտում, կանգնած լինելով հիմնարար վերափոխումների գործնականում անխուսափելի դարձող հրամայականների ու մարտահրավերների առաջ:
Դրանք ինչ տեսքով, բնույթով և ձևաչափով լուծումներ կպահանջեն, միարժեք նկարագրելը բարդ է: Սակայն այն, որ ԵՄ-ն որպես միավոր, որպես ձևաչափ ինքն է արդեն, ըստ էության, արձանագրել էական փոփոխությունների անխուսափելիությունը՝ փաստ է:
Եվ այդ փաստի առանցքային հանգամանքներից մեկը անվտանգության ճարտարապետությունն է, Եվրոպայի անվտանգության նոր համակարգը: Այդ իմաստով Փարիզն ու Բեռլինը կատարում են խորհրդանշական քայլ, այսպես ասած՝ նոր «ածուխի ու պողպատի» միավորում, բայց անվտանգության թեմատիկայով:
Հատկանշական է, որ դրա մասին հայտարարում են 75-ամյա տարեդարձին ընդառաջ: Անշուշտ, համեմատությունները, թերևս, դրանով կավարտվեն, որովհետև այսօր ոչ միայն միջազգային միջավայրը, այլ նաև Ֆրանսիան ու Գերմանիան բոլորովին այլ են, քան 75 տարի առաջ:
Ի վերջո, այսօր նոր միավորումը կամ խորհուրդը ստեղծվում է գոյություն ունեցող ԵՄ պայմաններում, նաև իր գոյությամբ պայմանավորված ներքին կառուցվածքի և ոչ միատարության պայմաններում:
Ի վերջո, հենց այդ պատճառով է նաև առաջացել անվտանգության ճարտարապետության հրամայականը, երբ անվտանգության հարցում ԵՄ տարբեր երկրներ ունեն տարբեր պատկերացումներ, իսկ եվրոպական անվտանգության հովանոցը, որ ԱՄՆ ձեռքում է, փակվում է:
Ըստ այդմ, Բեռլինի ու Փարիզի նախաձեռնությունը առայժմ դեկլարացիա է, որը դեռ պետք է վերածվի առարկայական գործընթացի, իր օրակարգով, որը բնականաբար ունենալու է նաև իր հակազդեցության օջախները:
Բաց մի թողեք
Գերմանիայի առաջ լրջորեն կանգնած է այսպես ասած «նոր Եվրոպայի» խնդիրը
Weimar + Նոր կոալիցիա. առաջընթացից մինչև պատասխանատվություն. Ի՞նչ օգուտ ունի Եվրոպայի համար
Եվրոպայի պաշտպանական հեղափոխության մեկնարկը տրված է. Weimar+ դաշինք