Մայիսի 21-ին Բուդապեշտում տեղի ունեցավ կարեւորագույն հանդիպում, որը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային հարաբերությունների վրա։
Այս հանդիպումը կազմակերպվել էր Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթաժողովի շրջանակում, որին մասնակցում էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը եւ այլք։
Հանդիպման ընթացքում Էրդողանը հումորով, բայց միեւնույն ժամանակ վտանգավոր արտահայտություն արեց՝ նշելով. «Տոկաեւը երբեք չի ծերանում, Ալիեւն ունի ինը թոռ, ես էլ՝ ինը, մեր ապագան ապահովված է»։
Էրդողանը նաեւ հավելեց. «Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ մշտական խաղաղության ստորագրումը կնպաստի Կովկասում եւ թյուրքական աշխարհում կայունությանը։ Հավատացած եմ, որ Իլհամ Ալիեւը պատմության մեջ կմտնի որպես առաջնորդ, ով տարածաշրջանին խաղաղություն բերեց»։
[Թե որն է էությամբ ցեղասպան, բռնապետ եւ ֆաշիստ Ալիեւի բերած «խաղաղությունը», միայն Էրդողանին է հայտնի: Փաստն այն է, որ Բաքվի սուլթանի՝ տարածաշրջան բերած «խաղաղության» գինը Արցախի բռնագրավումն ու հայաթափումը եղավ: Չլինի՞ Թուրքիայի նախագահի ակնարկի հաջորդ թիրախը Հայաստանն է: Չէ՞ որ այս երկուսն էլ «մշտական խաղաղության» մասին են փափագում-խմբ.]:
Հանդիպմանը ներկա էր նաեւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, քանի որ Հունգարիան Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ։ Այն նաեւ շատ խորհրդանշական էր, քանի որ Հունգարիան՝ լինելով եվրոպական երկիր եւ թյուրքական ժառանգության հետ կապ ունեցող պետություն, հանդես է գալիս որպես կամուրջ Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ։
Քննարկման կենտրոնում էին տրանսպորտային եւ լոգիստիկ ուղիները։ Քննարկվել է Միջին միջանցքի (Trans-Caspian International Transport Route) զարգացումը, որը հնարավորություն է տալիս Ասիայից Եվրոպա բեռների տեղափոխումը կազմակերպել առանց Ռուսաստանի եւ Իրանի տարածքով անցնելու։
Սա մեծ ռազմավարական նշանակություն ունի, քանի որ ապահովում է տրանսպորտային անկախություն եւ նոր տնտեսական հնարավորություններ։ Իսկ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» համարվում է Միջին միջանցքի կարեւոր օղակներից մեկը, առանց որի Թուրքիան եւ Ադրբեջանը չեն կարող լիարժեք օգտվել Միջին միջանցքի հնարավորություններից։
Բացի դրանից, քննարկվել է էներգետիկ համագործակցությունը, մասնավորապես՝ գազի եւ նավթի մատակարարումների դիվերսիֆիկացումը, ինչը կարող է կարեւոր դեր ունենալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում:
Բաց մի թողեք
ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է, բայց խուսափում է պաշտոնական նախազգուշացումից Ադրբեջան այցելելու մասին՝ չսրելու հարաբերությունները Բաքվի հետ
ԱՄՆ – Ադրբեջան – Բելառուս, ժողովրդավարության հոտ չի գալիս
Պեսկովն անդրադարձել է ռուս-ադրբեջանական լարվածությանը. ինչ քայլեր են կատարվում