Ստամբուլում ռուսական պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ ցնցող խոսքեր լսվեցին պատերազմի մասին, որը, իբր, ընդամենը «ռուսների» միջև ներքին հակամարտություն է։
Ուկրաինական պատվիրակության անդամները իրենց հակառակորդներից լսեցին ուկրաինական ազգի ուղղակի ժխտում։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան։
Նրա խոսքով՝ ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցությունների ընթացքում ռուսական կողմը ցնցող հայտարարություն է արել։ Ռուսական պատվիրակության ղեկավարը պատերազմն անվանել է «ներքին հակամարտություն»՝ ասելով, որ դա, ըստ էության, «ռուսների կողմից ռուսների սպանություն է՝ որոշակի նրբերանգներով»։
«Ինչ-որ պահի ռուսական պատվիրակության ղեկավարն է խոսում… Նրա առջև նստած է Ուկրաինայի լիազոր պատվիրակությունը, որը ներկայացնում է պետությունը և բաղկացած է զինվորականներից։ Եվ ռուսական պատվիրակության ղեկավարն ասում է. «Պատերազմը, ըստ էության, այն է, երբ ռուսները սպանում են ռուսների։ Որոշակի նրբերանգներով»։ Մեջբերման ավարտ», – ասվում է դիվանագետի հայտարարության մեջ։
Նման խոսքերը, ըստ Կիսլիցայի, ընկալվում են որպես Ուկրաինայի՝ որպես անկախ պետության գոյության ժխտում։ Ռուսական պատվիրակության ներկայացուցիչները փաստացի հայտարարեցին, որ ուկրաինացիները գոյություն չունեն առանձին վերցված, այլ միայն «ռուսներ» են։
«Ըստ էության, մյուս կողմը ժխտում է ձեր գոյությունը որպես ազգ։ Նրանք ձեզ դեմքին ասում են, որ դուք ուկրաինացի չեք, դուք ռուս եք, և մենք պարզապես սպանում ենք ձեզ, ռուսները սպանում են ռուսների, և «մեզ ցավ է պատճառում, որ մենք՝ ռուսներս, սպանում ենք ռուսների», – նշել է Կիսլիցյան։
Մինչ ռուսական և ուկրաինական կողմը շարունակում են «1000-ը՝ 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների լայնածավալ փոխանակման գործընթացը, այդ երկու երկրների զինված ուժերն անցած գիշեր ինտենսիվ հարձակումներ են կազմակերպել միմյանց դեմ:
Հայտնել ենք, որ ռուսների ինտենսիվ հարձակումների հետևանքով Ուկրաինայում անցած գիշեր բազմաթիվ զոհեր են եղել, այդ թվում՝ երեխաներ, գրանցվել մեծ ավերածություններ և այլն:
Պարզվում է, Ուկրաինան ևս հուժկու գրոհ է անցկացրել Ռուսաստանի դեմ: Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը ՌԴ մարզերում խոցել են 110 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Մայիսի 25-ի գիշերը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 0:00-ից մինչև 7:00-ը, հերթապահ ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են 110 ուկրաինական ինքնաթիռ-անօդաչու թռչող սարք», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես պարզաբանել է ռազմական գերատեսչությունը, դրանցից 16-ը խոցվել է Տուլայի մարզում, իսկ 14-ը՝ Բրյանսկի և Կալուգայի մարզերի վրա։ 13 անօդաչու թռչող սարք է չեզոքացվել Մոսկվայի և Տվերի մարզերի վրա, իսկ տասը՝ Բելգորոդի և Կուրսկի մարզերի։
Ութ անօդաչու թռչող սարք է խոցվել Օրյոլի մարզում, յոթը՝ Ղրիմի, երկուսը՝ Սմոլենսկի մարզի և մեկական՝ Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի և Նովգորոդի մարզերի վրա։
Բաց մի թողեք
Նոր բախում Թրամփի և Մասկի միջև․ Մասկը սպառնում է Հանրապետականներին, Թրամփը՝ Մասկին
Վաշինգտոնը կրճատում է ռազմական օգնությունը Ուկրաինային, երկարաձգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին քաղաքացիությունից զրկել է. պատճառը ՌԴ անձնագիրը թաքցնելն է. Լուսանկար