Հռոմում ավարտվեց բանակցությունների հինգերորդ փուլը՝ առանց վճռորոշ արդյունքի
Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև Հռոմում ընթացող ուղղակի ու անուղղակի բանակցությունները չեն հասել վերջնական արդյունքի, սակայն որոշակի առաջընթաց արձանագրվել է։
Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդին X-ում գրել է, որ «կողմերը որոշ առաջընթաց են արձանագրել, սակայն դա վճռորոշ չէ», ընդգծելով, որ առաջիկա օրերին կփորձեն հստակեցնել մնացած հակասությունները՝ կայուն և արժանապատիվ համաձայնության հասնելու համար։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ միջնորդ երկիր Օմանը նոր առաջարկներ է ներկայացրել, որոնք դեռևս պարտավորեցնող չեն կողմերի համար։ Նրա խոսքերով՝ «առաջիկա մեկ կամ երկու փուլերում հնարավոր է լուծումներ գտնվեն՝ կողմերի դիրքորոշումները հիմա ավելի լավ են ընկալվում»։
Սակայն բանակցությունների առանցքում մնում է ուրանի հարստացման խնդիրը։ Մինչ Իրանը պնդում է, որ ուրանի հարստացումը պետք է շարունակվի երկրի ներսում, ԱՄՆ-ը հետևողականորեն պահանջում է այդ գործընթացի լիակատար դադարեցում։
Միաժամանակ, ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության նոր զեկույցը զգուշացնում է՝ Թեհրանը կտրուկ կրճատել է անհրաժեշտ ժամանակը՝ միջուկային զենք ստեղծելու համար՝ այն հասցնելով մեկ շաբաթից պակաս ժամկետի։ Սակայն, չնայած դրան, փորձագետները նշում են, թե ամիսներ կպահանջվեն, որ Իրանը կարողանա միջուկային ռումբ պատրաստել։
Թրամփի վարչակազմը շարունակում է ճնշումը. նախագահը մի քանի անգամ հրապարակավ սպառնացել է ռազմական հարվածներով, եթե համաձայնություն չկնքվի։ Պետդեպի խոսնակ Թեմի Բրյուսը հայտարարել է․ «մենք հավատում ենք, որ հաջողության կհասնենք այս բանակցություններում»։
Հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել տարածաշրջանային հովանավորությամբ մի կառույցի ստեղծումը, որը Իրանից դուրս կտրամադրի ցածր մակարդակի հարստացված ուրան՝ խաղաղ նպատակներով։ Սակայն Իրանը նախկինում մերժել է նման վառելիքի փոխանակման մեխանիզմները։
Իսրայելը ևս սպառնում է ինքնուրույն հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե տեսնի, որ սպառնալիքը մոտ է։ Արաղչին նախազգուշացրել է՝ նման հարվածի դեպքում Թեհրանը դա կդիտի նաև որպես ԱՄՆ-ի մեղսակցություն։ Fordo-ի հանքային միջուկային կայանում այս օրերին անվտանգության միջոցառումները ուժեղացված են՝ ուսանողները նույնիսկ մարդկային շղթա են կազմել՝ պաշտպանելու կայանը։
Ինչպես նշում է AP գործակալությունը, ներքաղաքական ճնշումները նույնպես Թեհրանին մղում են համաձայնության․ պարտադիր հիջաբի դեմ բողոքները շարունակվում են, վառելիքի գնի հնարավոր բարձրացման լուրերը նորից դժգոհության ալիք են բարձրացրել, իսկ ռիալի անկումը վերջերս անցել էր մեկ միլիոն սահմանը մեկ դոլարի դիմաց։ Տնտեսական նոր բախումները կարող են թուլացնել իշխանության դիրքերը։
Հատկանշական է նաև, որ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ՝ արգելափակելով հատկապես նատրիումի պերկլորատի ներմուծումը։ Նշվում է, որ այդ քիմիական նյութը Չինաստանից Իրանի նավահանգիստներից մեկն է տեղափոխվել, որտեղ ապրիլին տեղի ունեցած հսկայածավալ պայթյունը խլել է տասնյակ կյանքեր։
Զարգացումները վկայում են, որ Թեհրանը հույս ունի խուսափել կործանարար պատերազմից և պահել տնտեսական կայունության նվազագույն շեմը, իսկ Վաշինգտոնը փորձում է ստիպել նրան զիջումների գնալ՝ առանց պատահական բախման ռիսկի։ Սակայն կողմերի հիմնական տարաձայնությունները դեռևս չեն լուծվել։
Բաց մի թողեք
Նոր բախում Թրամփի և Մասկի միջև․ Մասկը սպառնում է Հանրապետականներին, Թրամփը՝ Մասկին
Վաշինգտոնը կրճատում է ռազմական օգնությունը Ուկրաինային, երկարաձգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին քաղաքացիությունից զրկել է. պատճառը ՌԴ անձնագիրը թաքցնելն է. Լուսանկար