03/07/2025

Ի՞նչ է խոսել և պայմանավորվել Կայա Կալլասը Իլհամ Ալիևի հետ

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի Բարձր հանձնակատար Կայա Կալլասը ողջունել է Բաքվում ազատազրկված Ֆրանսիայի քաղաքացուն ներում շնորհելու Իլհամ Ալիևի որոշումը:

Ֆրանսիացին նախորդ տարի եռամյա ժամկետով ազատազրկվել էր Բաքվի մետրոյի վագոնների վրա նկարելու համար:

Կասկած չկա, որ այդ պատիժը պայմանավորված էր այն քաղաքականությամբ, որ Ֆրանսիայի հանդեպ վարում էր Իլհամ Ալիևը՝ հայտարարելով, օրինակ, որ թույլ չի տա Ֆրանսիային ամրապնդել դիրքերը Կովկասում:

Նոր Տարուն էլ Ֆրանսիայի նախագահն ու ՆԳ նախարարն էին անում հայտարարություններ այն մասին, որ Բաքուն միջամտում է Ֆրանսիայի անդրծովյան տարածքների ներքին գործերին:

Այս ֆոնին, իհարկե, բավականին կոնտրաստային էր Ալբանիայում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ջերմ շփումը:

Իլհամ Ալիևը, իհարկե, համաներում է շնորհել մի քանի հարյուր ազատազրկվածի, որոնց մեջ եղել է մի քանի տասնյակ արտասահմանցի, բայց առավել ուշադրության է արժանացել հենց ֆրանսիացու ազատ արձակումը: «Բարի գալուստ տուն, Թեո Կլերկ:

Նրա ազատ արձակումը ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել լուռ դիվանագիտության և հարգալից մոտեցման շնորհիվ», գրել է եվրահանձնակատար Կայա Կալլասը Իքսում:

Ենթադրելի է, որ Կալլասը լուռ դիվանագիտություն և հարգալից մոտեցում ասելով՝ որպես Ֆրանսիայի քաղաքացու ազատ արձակման բերած գործողություն, նկատի ունի ապրիլի 25-ին Բաքու կատարած իր այցը:

Համենայն դեպս, Կալլասը անդրադարձել է թեմային, թերևս, հենց այն պատճառով, որ ինքն է դրան ունեցել առնչություն: Կալլասը ապրիլի 25-ին եղել է Բաքվում և հանդիպել Չինաստանից նոր վերադարձած Իլհամ Ալիևի հետ:

Այդ հանդիպումից հետո նա հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահի հետ խոսել է Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հաղորդակցության կարևորության և այդ հարցում Ադրբեջանի ունեցած դերի մասին: Իսկ ինչի՞ մասին է «լռել»՝ Ֆրանսիայի քաղաքացու ազատ արձակման հարցում «լուռ դիվանագիտության» շնորհը արձանագրող Կայա Կալլասը:

Ի՞նչ է խոսել և պայմանավորվել նա Իլհամ Ալիևի հետ՝ Ֆրանսիայի քաղաքացու ազատ արձակման դիմաց: Խոստացել է, որ Մակրոնը ջերմություն կցուցաբերի Ալբանիայու՞մ, թե՞ «լուռ դիվանագիտության և հարգալից մոտեցման» փոխարժեքը Բաքվում եղել է շատ ավելի բարձր: