Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները հայտնում են, որ ԵԽԽՎ քաղբանտարկյալների հարցով գլխավոր զեկուցող Ազադե Ռոժհանը Լենքորանի ծանր հանցագործությունների դատարանի վճռով 18 տարվա ազատազրկման դատապարտված Իգբալ Աբիլովի գործով հատուկ հայտարարություն է տարածել: Աբիլովը ծագումով թալիշ է:
Նա Մինսկի համալսարանի շրջանավարտ է, մշտապես բնակվում էր Բելառուսի մայրաքաղաքում և պատրաստվում էր թեկնածուական ատենախոսություն պաշտպանել:
Աբիլովի դեմ մեղադրանք է ներկայացվել Երևանի պետական համալսարանի և Հայստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողների հետ համագործակցության համար: Ընդ որում, մեղադրանքի համար հիմք են հանդիսացել հայաստանցի արևալեգետների հետ Աբիլովի հեռավար խորհրդատվությունների տեսագրությունները, որ:
Ամենայն հավակնությամբ, ալիևյան պատժիչ մարմիններին տրամադրել են բելառուսական հատուկ ծառայությունները:
ԵԽԽՎ գլխավոր զեկուցողն այս առթիվ հատուկ շեշտադրել է, որ իբրև «պատմաբան-ազգագրագետ՝ Աբիլովն զբաղվել է թալիշ ժողովրդի ինքնության հարցերով»: Ադրբեջանի հատուկ ծառայությունները երիտասարդ գիտնական գործունեությունը համարել են «պետական դավաճանություն» և «ազգային խտրականության քարոզչություն»:
Մեղադրանքի առաջին մասը, ինչպես պարզ հասկացվում է, կառուցված է Աբիլովի և հայաստանցի արևելագետների հեռավար հաղորդակցության «վտանգավորության» կանխավարկածի վրա: Քրեական այդ գործը պարզորոշ վկայում է, որ Ադրբեջանում Հայաստանի, ազգությամբ հայ գործիչների հետ որևէ շփում ի սկզբանե գնահատվում է որպես քրեորեն պատժելի:
Աբիլովի դեմ երկրորդ մեղադրանքը փաստորեն նշանակում է, որ Ադրբեջանում էթնիկ-ազգային, կրոնական կամ քաղաքակրթական ինքնության մասին ցանկացած հիշատակում պետականորեն ճանաչվում է «տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ազգային միասնության դեմ ոտնձգություն, անջատողական քարոզչություն»:
Հատկանշական է, որ Աբիլովի դեմ «դատավարությունը» կազմակերպվել է Լենքորանում, քաղաք, որ ոչ պաշտոնապես համարվում է «Թալիշստանի մայրաքաղաք»: Դա ցուցադրական դատավարություն է, որ տեղաշրջանի էթնիկ թալիշներին միայն մի բան է ակնարկում. ով կհամարձակվի հիշել, որ ինքը թալիշ է, ունի ազգային լեզվով խոսելու, կրթություն ստանալու, իր մշակութային-քաղաքակրթական ինքնությունը պաշտպանելու իրավունք, կարժանանա Աբիլովի ճակատագրին:
ԵԽԽՎ մարդու իրավունքների հարցով գլխավոր զեկուցողն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել «անհապաղ ազատ արձակել Աբիլովին և մյուս քաղբանտարկյալներին»: Իլհամ Ալիևն, ընդհակառակը, սպառնացել է, որ Ադրբեջանը չի ենթարկվի նույնիսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին:
Միաժամանակ Ալիևը Բրյուսել է գործուղել արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հաջիևին, որպեսզի Եվրամիության հետ հարաբերությունների «վերբեռնում» սկսի:
Գործնականում Ալիևն անցել է էթնիկ վենդետայի: Եվրոպական կառույցների զեկույցները, բանաձևերը որևէ նշանակություն չունեն և չեն ունենա, քանի դեռ Ադրբեջանի իշխանությունը միջազգայնորեն չի ճանաչվի բռնապետություն և նրա դեմ պատժամիջոցներ չեն սահմանվի:
Բաց մի թողեք
ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է, բայց խուսափում է պաշտոնական նախազգուշացումից Ադրբեջան այցելելու մասին՝ չսրելու հարաբերությունները Բաքվի հետ
ԱՄՆ – Ադրբեջան – Բելառուս, ժողովրդավարության հոտ չի գալիս
Պեսկովն անդրադարձել է ռուս-ադրբեջանական լարվածությանը. ինչ քայլեր են կատարվում