04/07/2025

Իսկ եթե Թրամփն ու Պուտինը համաձայնեցված են թեժացնում ու պղտորում ջուրը Ուկրաինայում

The Wall Street Journal-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրին, հայտնում է, որ Թրամփը արդեն հաջորդ շաբաթ կարող է նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ հանդեպ:

Նախօրեին Թրամփը, անդրադառնալով Ուկրաինային հասցվող ուժգին հարվածներին, հայտարարել էր, թե Պուտինը, կարծես թե, խելագարվել է:

ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը Թրամփի այդ հայտարարությանն արձագանքել էր, ասելով, որ գուցե այդ գնահատականը այն էմոցիոնալ գերծանրաբեռնվածությունից է, որ կա Թրամփի մոտ՝ կապված այն դիվանագիտական ջանքի հետ, որ գործադրել է ուկրաինական պատերազմը դադարեցնելու համար: Թրամփն ու Պուտինը խաղո՞ւմ են, թե՞ նրանց միջև երկխոսությունը մոտենում է ավարտին:

Միարժեք ասելը բարդ է: Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարել էր, որ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան ու ԱՄՆ հանել են Ուկրաինայի հեռահար հարվածների արգելքը: Գրիգորի Կարասինը՝ Պետդումայի պատգամավոր, նախկին փոխարտգործնախարար, արձագանքել է, որ դա շատ տխուր նորություն է:

Ու՞մ համար տխուր: Բոլորի՞, Ռուսաստանի՞, թե՞ Ուկրաինայի: Մերցը նաև հայտարարել է, որ ուկրաինական պատերազմը կձգվի ավելի երկար, քան կարող էր թվալ: Հազիվ թե այդ պատկերը որևէ մեկի համար լինի ավելի տխուր, քան Ուկրաինայի:

Պատերազմը դադարեցնելու շուրջ պայմանավորվել չի ստացվում, փոխարենը, կարծես թե, ստացվում է «պայմանավորվել» պատերազմը շարունակելու շուրջ: Շարունակելը գործնականում բոլորի համար այս պահին թվում է ավելի շահեկան, քան դադարեցնելը: Այլ հարց է, որ այդ ամենը տեղի է ունենալու Ուկրաինայի ապագայի հաշվին:

Մեզ համար, իհարկե, առանցքային է այն, թե պատերազմի թեժացումը ինչ ազդեցություն կթողնի Կովկասի վրա: Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը, որ մեկնել էր Ռուսաստան, հանդիպել է թե Սերգեյ Լավրովի, թե ՌԴ նախագահ Պուտինի, և թե Ուկրաինայի հետ բանակցության համար ձևավորված ռուսական պատվիրակության ղեկավար, Պուտինի օգնական Մեդինսկու հետ:

Թուրքիան, իհարկե, փնտրում է առկա իրավիճակում առավելագույն օգուտն իր համար՝ դարձյալ զգալով, որ պատերազմի շարունակությունը, կարծես թե, բացում է այն «պղտոր ջրի» հնարավորությունը, որ միշտ փնտրել է Թուրքիան:

Եթե Թրամփն ու Պուտինը համաձայնեցված են թեժացնում ու պղտորում ջուրը Ուկրաինայում, Զելենսկուն ի վերջո համաձայնություն պարտադրելու համար, ապա Կովկասի համար ռիսկերը այդ պարագայում կլինեն թերևս նվազ:

Հակառակ պարագայում, «պղտոր ջուրը» կարող է հոսել Կովկաս: Այստեղ, սակայն դրական ազդակ է այն, որ ԱՄՆ նախագահ Թրամփը խոսել է Իրանի հետ բանակցային գործընթացում առաջխաղացման մասին:

Իսկ Կովկասի հարցում ներկայումս, անշուշտ, առանցքային ցուցիչը, թերևս, Իրանն է, ոչ թե Ուկրաինան: