Լաչինում Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի ընթացքում չի ընդունվել իհարկե «լաչինյան դեկլարացիա», սակայն գագաթնաժողովի ընթացքում հնչած հայտարարությունները և դրան հաջորդած մեկնաբանություններն օրինակ Բաքվի պրոպագանդայի էջերում, ըստ էության հենց այն մասին են, որ Անկարան, Բաքուն և Իսլամաբադը ձևավորում են գեոպոլիտիկ ալյանս:
Լաչինում այդ հռչակումների հանդեպ լուռ են Ռուսաստանն ու Իրանը, թեև այդ ընթացքում հարաբերվել են թե Թուրքիայի, թե Պակիստանի հետ: Թուրքիայի ԱԳ նախարարը Լաչին էր ժամանել Մոսկվայից, իսկ Պակիստանի վարչապետը՝ Իրանից:
Ռուսաստանն ու Իրանը մշտապես հայտարարում են այն մասին, որ ռեգիոնալ հարցերը պետք է լուծվեն ռեգիոնալ ձևաչափում, առանց արտառեգիոնալ ներգրավումների: Պակիստանը, կարծես թե, Կովկասից չէ, բայց ներգրավվում է:
Լաչինի գագաթնաժողովը այլ բան չէր, քան Պակիստանի ներգրավում, եթե անգամ ոչ ուղիղ հայտարարություններով կամ ձևակերպումներով: Ավելին, Լաչինի գագաթնաժողովից վերադարձին Թուրքիայի նախագահը հայտարարել էր, թե Իրանից աջակցություն են ակնկալում թյուրքական ինտեգրացիայի համար ռազմավարական նշանակություն ունեցող «զանգեզուրյան միջանցքի» ստեղծման հարցում: Թեհրանը դեռ չի արձագանքել:
Միթե՞ Պակիստանը «արտառեգիոնալ» խաղացող չէ, որին կովկասյան սխեմաներ են ներգրավում Բաքուն ու Անկարան, թե՞ ասելով «արտառեգիոնալ», Մոսկվան ու Թեհրանը նկատի են ունենում միայն Եվրամիությանը և Միացյալ Նահանգներին, այլ ոչ թե Պակիստանին: Այլ կերպ ասած, կան «յուրային» արտառեգիոնալներ, և «օտար» արտառեգիոնալներ:
Համենայն դեպս, դատելով հայտարարություններից կամ լռությունից, Մոսկվան ու Թեհրանը այդ հարցում ունեն վերոհիշյալ տարբերակումները, այլապես «լաչինյան հռչակագրի» ստվերը պետք է նրանց մոտ առաջացներ որևէ արձագանք:
Բաց մի թողեք
Մոսկվան զղջում է, թե՝ չի հավատում Բաքվի արցունքներին
Պուտինի պասով նվեր Ալիևին հենց Բաքվում
Հայ – չին – ադրբեջանական ռազմավարական գործակցության համադրելիության հեռանկարը