«Սահմանադրությամբ հստակ տարանջատված ու ձեւակերպված են թե՛ իշխանության, թե՛ եկեղեցու իրավասության շրջանակները, լիազորություններն ու պարտականությունները»,- ասում է ԵՊՀ կրոնագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Պարգեւ Բարսեղյանը՝ անդրադառնալով վերջին օրերին առավել քան սրված՝ եկեղեցի-իշխանություն առճակատման դրսեւորումներին։
Որտե՞ղ են սկսվում եւ ավարտվում հոգեւոր ու քաղաքական իշխանությունների սահմանները, երկրի վարչապետն իրավունք ունի՞ պահանջել, որ կաթողիկոսի թեկնածուներն անցնեն բարեվարքության ստուգում, եւ որ «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում»։
Միաժամանակ պահանջի, որ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները հեռանան հոգեւոր ծառայությունից։
«Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված է, որ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից, ինչը ենթադրում է, որ նրանք գործում են իրենց կանոնադրության եւ պետության կողմից ներկայացված օրենսդրության շրջանակներում։
Այսինքն՝ եկեղեցին ինքնուրույն, առանձին կառույց է թե՛ իր հոգեւոր գործունեության ոլորտով, թե՛ իր կառուցվածքով։ Այս դեպքում եկեղեցու նվիրապետական կարգը, եպիսկոպոսների դասը, կաթողիկոսական ընտրությունը եւ այլ հարցեր կանոնակարգվում են եկեղեցական ավանդությամբ ու կանոններով, որոնք գալիս են դարերի խորքից, եւ այս դեպքում պետությունը որեւէ կերպ չի կարող, ավելին՝ իրավասություն էլ չունի՝ միջամտելու եկեղեցու ներքին գործերին։ Այս հարթության մեջ պետք է դիտարկվեն բոլոր հարցերը։ Այսինքն՝ եթե վարչապետը կարծիք է հայտնում կամ ասում է, որ այսպես կամ այնպես պետք է արվի, պետք է հասկանանք, որ այդ ամենն իրավական հարթության մեջ չի տեղավորվում, որովհետեւ վարչապետն այդ իրավասությունները չունի»,- նշում է Բարսեղյանը։
Այսինքն՝ առնվազն օրինական չեն վարչապետի հայտարարություն-պահանջները։ «Այո, որովհետեւ կրոնական կազմակերպություններ Հայաստանում բավականին շատ կան, միայն Հայ առաքելական եկեղեցին չէ, նույն հաջողությամբ վարչապետը կարող է պահանջել «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության ղեկավարի փոփոխություն կամ «Եհովայի վկաների» անդամների բարեվարքության խնդիր առաջ քաշել եւ նմանատիպ այլ հարցեր։ Մինչդեռ կրոնական կազմակերպությունների գործունեության ոլորտն այն ոլորտն է, որտեղ պետությունը սահմանադրությամբ երաշխավորում է ազատ գործողությունների ընթացք, որին ինքը չպետք է միջամտի որեւէ կերպ»։
Ինչ վերաբերում է վարչապետի այն գրառումներին, որտեղ շոշափել էր մարդկանց անձնական կյանքին վերաբերող հարցեր, Պ․ Բարսեղյանն ասում է, որ նախկինում այս տեսակ խոսակցություններ միշտ էլ տարբեր մակարդակներում եղել են, բայց «ո՛չ առաջին դեմքի մակարդակով, եւ անձնական հարթության մեջ մարդկանց անձնավորելը, նրանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելն իրավական որեւէ հիմք չունեն»։ «Հատկապես յուրաքանչյուր անհատի անձնական կյանքի գաղտնիությունը երաշխավորված է սահմանադրությամբ։ Իսկ թե որ հոգեւորականն ինչով է զբաղված, դա արդեն եկեղեցու ներքին հարցն է, եւ եթե եկեղեցին գտնում է, որ որեւէ հոգեւորական շեղվել է իր ուղուց, խոստումից, ուխտից, տվյալ դեպքում գործում է եկեղեցական կանոնը՝ կարգալույծ է հռչակվում տվյալ հոգեւորականը, հեռացվում է եկեղեցուց, դասվում է աշխարհիկների շարքը եւ այլն»,- ասում է մեր զրուցակիցը։
Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը եւս գրառում էր արել՝ ուղղված հոգեւորականներին, նրանց մեղադրում էր մանկապղծության մեջ։ Զրուցակիցս ասում է, որ նորմալ երկրներում այս տեսակ հայտարարությունները միանգամից իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են հայտնվում, որին, իհարկե, ընթացք պետք է տրվի․ «Եթե կա քրեորեն հետապնդելի արարքի մասին հայտարարություն, դա արդեն համապատասխան իրավասու մարմինների գործն է, որին պետք է ընթացք տրվի»։
2018-ից հետո աստիճանաբար սրվեցին եկեղեցի-պետություն հարաբերությունները, եւ վարչապետի կողմից եկեղեցու հասցեին հնչող քննադատությունները, մեղադրանքները, սպառնալիքները՝ եկեղեցուն հարկային դաշտ մտցնելու եւ նրան լռեցնելու փորձերը, նոր չեն։ Ինչո՞վ է բացատրում հարաբերությունների այս որակն ու երկխոսելու այս ձեւը։ «Այո, բոլորին է հայտնի, որ վերջին տարիներին եկեղեցու եւ պետության հարաբերություններն այնքան էլ լավ հունով չեն ընթանում, եւ այստեղ տրամաբանություն փնտրելն ու գտնելը անշնորհակալ գործ է, որովհետեւ ես չեմ կարող ասել, թե ինչ նպատակներով կամ մղումներով է այս ամենն արվում։ Բայց այն, որ եկեղեցու եւ պետության ջրերը մի առվով չեն հոսում, դա փաստ է։ Եվ այստեղ, իմ կարծիքով, երկուստեք որոշակի մեղավորություն պետք է փնտրել, որովհետեւ պետության եւ եկեղեցու հարաբերություններն իրականում կարգավորվում են 2007-ին ընդունված առանձին օրենքով, եւ այդ օրենքը գործող է, գործում է, այդ օրենքի շրջանակներում հստակ տրված են ձեւակերպումներ, թե եկեղեցին ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի»,-նշում է զրուցակիցս ու նկատում, որ եկեղեցու՝ պետական ինստիտուտների հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում երբեմն նույնիսկ հաջողված են։
«Օրինակ՝ պաշտպանության ոլորտում գնդերեցների ծառայությունը, հոգեխնամ գործունեությունը հիվանդանոցներում կամ սոցիալական այլ ծրագրերում։ Չեմ կարծում, թե եկեղեցին եւ պետությունը պետք է հանդես գան որպես հակառակ բեւեռներ, նրանք պետք է հանդես գան որպես միմյանց փոխլրացնող օղակներ, եւ դա, ըստ էության, պետք է այդպես լինի, իսկ թե իրականում ինչու այդպես չէ, դժվարանում եմ ասել։ Ուղղակի այստեղ երբեմն պետական եւ հանրային տիրույթից մենք անցնում ենք անձնական դաշտ, անձնական վիրավորանքների, սուբյեկտիվ մոտեցումների, իսկ դրանից ո՛չ եկեղեցին, ո՛չ պետությունը, բնականաբար, չեն շահում»։
Վարչապետը հայտարարում է, թե մեր բոլոր եկեղեցիները վերածվել են «չուլանանոցի», այս առումով` եկեղեցիների պահպանությունն ո՞ւմ ենթակայության ներքո է՝ Մայր Աթոռի՞, թե՞ ԿԳՄՍՆ-ի։ «Բոլոր եկեղեցիները, որոնք հուշարձանի կարգավիճակ ունեն, պետության հովանու ներքո են, այդ թվում՝ գործող եկեղեցիները, բայց ավելի մեծ թիվ են կազմում խոնարհված եկեղեցիները, որոնք պետության հոգածության ներքո են, եւ այդ եկեղեցիների բարեկարգման, պահպանման եւ այլ հարցերով առաջին հերթին զբաղվում է ԿԳՄՍ նախարարությունը։ Այսինքն՝ այս առումով, եթե կան խոնարհված եկեղեցիներ, որոնց վիճակը բարվոք չէ, ապա դրա պատասխանատուն պետությունն է։ Գործող եկեղեցիների դեպքում պետությունն ունի իր հասանելիքը՝ հուշարձանների պահպանության առումով, եւ, բնականաբար, եկեղեցին էլ՝ իրենը։ Գործողի դեպքում, եթե անմխիթար կամ ոչ այնքան լավ վիճակում է գտնվում եկեղեցին, այդ դեպքում Հայ առաքելական եկեղեցին եւս պատասխանատվություն է կրում, բայց, ընդհանուր առմամբ, հուշարձանի կարգավիճակ ունեցող ցանկացած եկեղեցու վիճակն առաջին հերթին պետք է գտնվի պետության հոգածության ներքո, որովհետեւ դա օրենքով է սահմանված, եւ պետությունը դրա սեփականատերն է։ Օրինակի համա՝ր որեւէ հուշարձան-եկեղեցում որեւէ բարեկարգման չնչին իսկ աշխատանք, որը կապ ունի շինարարության եւ այլնի հետ, չի կարող կատարվել առանց պետության իմացության»,- եզրափակում է Պ․ Բարսեղյանը։ Այլ կերպ ասած՝ «չուլանանոցի» վերածելու գործում առյուծի բաժինը հենց պետությանն է։
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի