01/07/2025

Ռուսաստանում նախապատրաստվում են «հետթրամփյան» ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր փուլի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և միլիարդատեր Իլոն Մասկի «քաղաքական ապահարզանը» հանրապետականների համար վտանգ է, եկող տարի Միացյալ Նահանգներում տեղի կունենան Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ և, ինչպես ցույց են տալիս սոցհարցումները, Թրամփի կուսակիցները կարող են երկու պալատներում էլ կորցնել մեծամասնությունը:

Այս տեսակետն է հայտնել ամերիկագետ Պավել Շարիկովը: Նրա կարծիքով՝ այսօր պայքար է նաև Մասկի փողերի համար: Նա հանրապետականների խոշոր հովանավորներից է:

Շարիկովի կարծիքով՝ վեճը վտանգավոր է հատկապես Թրամփի համար, քանի որ այն փուլում է ծավալվել, երբ «մեծ գեղեցիկ օրենքը» Ներկայացուցիչների պալատում ընդունվել է ընդամենը մեկ ձայնի առավելությամբ և ակնհայտ է, որ օրինագծին դեմ քվեարկողները, որոնց հետ Թրամփը մեծ հույսեր էր կապում, նաև Հանրապետական կուսակցությունում են ազդեցիկ:

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ԱՄՆ և Կանադայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Վասիլևը գտնում է, որ Իլոն Մասկը նախագահի հետ իր ընդամենը չորսամսյա շփումներով «Թրամփի քաղաքականությանը և թրամփիզմին դատավճիռ է կարդացել տեխնոլոգիական գործարարների այն շրջանակների կողմից, որ երկրի առաջնորդից արմատական փոփոխությունների սպասելիքներ ունեին»:

Նրա գնահատմամբ՝ այդ շրջանակները գիտեին, որ «նախագահը ծեր է, նախկին շոումեն է, բայց նրա կարծում էին, թե նրա արտաքին քաղաքականությունը ծրագրային է, իսկ Մասկը բացահայտում է, որ՝ ոչ, ոչ մի ռազմավարություն չկա, Թրամփն իրականում ամեն ինչ վերածում է շոուի»:

Որպես ասվածի վկայություն՝ ռուսաստանցի ամերիկագետը բերում է մաքսատուրքերի, Ուկրաինայի հարցում Թրամփի «քաղաքական անդիմության» օրինակները: «Ամեն տեղ նախընտրական բարձրագոչ խոստումներ են տրվել, բայց ամենուր, ըստ էության, ոչինչ չկա, և Մասկն ահազանգում է, որ Թրամփը ոչ թե հեղափոխական, այլ դասական-համակարգային գործիչ է, որ մտասևեռված է միայն իր վերընտրության նպատակի վրա»:

Ռուս-ամերիկյան հարաբերությունների «վերբեռնման» շուրջ տեղեկատվա-քարոզչական մթնոլորտն, ամենայն հավանականությամբ, Մոսկվայում գնահատում են որպես Միացյալ Նահանգների նախագահի կազմակերպած «հերթական շոու, որ ռազմավարական –հայեցակարգային աջակցություն չունի»:

Ըստ երևույթին, այդ է պատճառը, որ Կրեմլում Թրամփ-Պուտին հանդիպման վերաբերյալ չափազանց զգուշավոր, անգամ վերապահ կարծիք է ձևավորվել:

Ռուսաստանի նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովի գնահատմամբ՝ նման հանդիպմանը պետք է «հիմնովին նախապատրաստվել»: Ակնհայտ է, որ ավելի քան չորս ամիս շարունակվող ռուս-ամերիկյան բաց և փակ քննարկումներն այդպես էլ «ընդհանուր հայտարար» չեն ուրվագծում:

Ամենևին էլ պատահական չէ, որ ռուսաստանցի ամերիկագետն ուշադրություն է հրավիրում ԱՄՆ-ում եկող տարի նախատեսված՝ Կոնգերսի միջանկյալ ընտրությունների վրա: Սոցիոլոգիական հարցումները, իրոք, բացահայտում են, որ Թրամփը վարկանիշային մեծ կորուստներ ունի:

Դա չի կարող չազդել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների վրա: Իսկ եթե Թրամփը կորցնի Սենատի և Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը, ապա Ռուսաստանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունը, բնականաբար, փոխվելու է:

Խնդիրը, հավանաբար, Կրեմլի «ուղեղային կենտրոններում» լրջորեն քննարկվում է: Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, Ռուսաստանը տարածքային նոր նվաճումներ է արձանագրում:

Դա, հավանաբար, այն է, ինչի մասին Դոնալդ Թրամփն ասել է, որ «դատավորը մարզիկներին մի քանի վայրկյան կռվելու հնարավորություն է տալիս, մինչև կբաժանի նրանց»: Բայց անցած հինգ ամիսները վկայում են, որ նա կամ նման ցանկություն չունի, կամ հնարավորությունները բավարար չեն, որպեսզի Ռուսաստանին և Ուկրաինային «միմյանցից բաժանի»:

Ռուսաստանում, երևում է, նախապատրաստվում են «հետթրամփյան» ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր փուլի: Դա կարող է մեկնարկել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո: