08/07/2025

Ի՞նչ քայլեր կձեռնարկի Մոսկվան, որպեսզի Կենտրոնական Ասիան պահի ազդեցության ոլորտում

«Արդի փուլում Տնտեսական համագործակցության կազմակերպությունը Եվրասիայի միջնամասում տարածաշրջանային ազդեցիկ ինտեգրացիայի հարթակ է»,- օկուպացված Ստեփանակերտում կազմակերպության գագաթաժողովի տպավորությամբ գրում է Բաքվի իշխանամերձ haqqin.az-ի մեկնաբանը: Եվ դրանում ճշմարտության մեծ չափաբաժին կա:

ՏՀԿ հիմնադիր անդամ են Թուրքիան, Իրանը և Պակիստանը: Ընդ որում, նախագիծն այնքան է կարևորվել, որ իսլամական հեղափոխությունից հետո էլ Իրանը մնացել է կառույցում, իսկ վերջին համաժողովին հրավիրվել է Աֆղանստանի թալիբների կառավարության փոխվարչապետ մոլլա Աբդուլ Գանի Բարադարը:

ՏՀԿ գագաթաժողովին մասնակցել են Ուզբեկստանի և Ղրղզստանի նախագահները, Ղազախստանի վարչապետը, Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարը, որ նա փոխվարչապետի կարգավիճակ ունի:

Եվ անկախ նրանից, որ օրակարգում եղել է կլիմայի փոփոխության դեմ միջոցառումների կազմակերպման հարցը, քաղաքական առումով ակնհայտ է, որ Կենտրոնական Ասիայի երկրները հաղթահարում են «փակ տարածաշրջանի» բարդույթը:

Ընդ որում, այդ երկրներից Ղազախստանը և Ղրղզստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ են, կառույցներ, որ հետխորհրդային Ռուսաստանի հովանու ներքո ստեղծվել են, որպեսզի պահպանվի «եվրասիական ընդհանուր տունը»:

Ավելի քան երկու տասնամյակ Ռուսաստանի անվտանգային և տնտեսա-կոմունիկացիոն քաղաքականությունը կառուցվել է ՀԱՊկ-ին և ԵԱՏՄ-ին Ադրբեջանի ուղղակի կամ առնվազն ասոցացված ձեւաչափով անդամակցության «միանգամայն իրատեսական լինելու» կանխավարկածի վրա:

ՏՀԿ գագաթաժողովը բացառեց այդ հավանականությունը: Ավելին, Կենտրոնական Ասիայի երկրների և Աֆղանստանի մասնակցությունը փաստում է, որ Եվրասիայում, իրոք, ձևավորվում է ինտեգրացիոն նոր կառույց, որ «բուֆերային» է լինելու Հյուսիսի և Հարավի միջև, բայց միաժամանակ ապահովելու է Արևելքի և Արևմուտքի հորիզոնական հաղորդակցությունը:

Տարեսկզբին ստորագրվել է Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի համաձայնագիր, բայց վերջին իրադարձությունները թույլ են տալիս ենթադրել, որ Ադրբեջանը մտադիր չէ Ռուսաստանի և Իրանի միջև տրանզիտ ապահովելու քաղաքական հանձնառությանը հավատարիմ մնալ:

Փոխարենը, կարծես, Թեհրանին առաջարկվում է Կենտրոնական Ասիայում «արժանապատիվ ներկայություն», եթե, իհարկե, իրանական տնտեսության հնարավորությունները թույլ տան:

Ինչ էլ որ լինի, մի բան ակնհայտ է. ԵԱՏՄ-ն մտնում է քաղաքական ճգնաժամի փուլ, որի լուծման հնարավորություն կլինի Տնտեսական համագործակցության կազմակերպության և Ռուսաստանի միջև ասոցացված կապերի մասին համաձայնությունը:

Հակառակ դեպքում Կենտրոնական Ասիայի երկրների համար Ռուսաստանից կախվածությունը վերածվելու է առևտրա-տնտեսական և կոմունիկացիոն «բալաստի»:

Այս իրավիճակը բավական խնդրահարույց է նաև Հայաստանի համար, որ շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, բայց միաժամանակ ձգտում Եվրամիության հետ նոր մակարդակի երկխոսության:

Ի՞նչ քայլեր կձեռնարկի Մոսկվան, որպեսզի Կենտրոնական Ասիան պահի ազդեցության ոլորտում: Կարևոր է այդ տարածաշրջանում Չինաստանի ներկայությունը: Արդյոք Տնտեսական համագործակցության կազմակերպությունը կգնա՞ Չինաստանի հետ հարաբերությունների ինստիտուցիոնալացման, թե կընտրի ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացիա՞ն: Բայց Ռուսաստանն ի՞նչ ունի առաջարկելու: