11/07/2025

Պուտինը ձեռնունայն կմնա հայ – ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո

Ռուսաստանն աջակցում է Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացքում հայ-ադրբեջանական բարձր մակարդակի ուղղակի բանակցությունները: Այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք բազմիցս տարբեր մակարդակներով ասել ենք, որ կողջունենք խաղաղության պայմանագրի ստորագրման համաձայնությունը: Միայն այդպիսի պայմանագրի ստորագրումը կլինի շատ կարևոր գործոն, որ թույլ կտա տարածաշրջանում ավելացնել կանխատեսելիություն, կայունություն և խաղաղություն»,- մանրամասնել է Կրեմլի խոսնակը:

Եթե լրատվամիջոցներն ամբողջությամբ են փոխանցել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքը, ապա աչքի է զարնում, որ նա չի կրկնել հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի այն նարատիվը, որ խաղաղության պայմանագիրը պետք է հենված լինի Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ 2020-2022 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև «ձեռք բերված բազային պայմանավորվածությունների վրա»:

Տառացիորեն մեկ շաբաթ առաջ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության փոխտնօրեն Մասյուկը հայ-ադրբեջանական համաձայնեցված պայմանագիրն անվանել է «վաղահաս», այն ստորագրելու «արևմտյան ինքնակոչ միջնորդների» կոչերը՝ Հարավային Կովկասում գործընթացներին «Ռուսաստանին դուրս մղելու փորձ» և պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնություն ձեռք բերելու ընդունելի հարթակը Մոսկվան է:

Պեսկովի դիտարկումից, իհարկե, ուղղակի չի հետեւում, որ Ռուսաստանը հրաժարվել է այդ դիրքորոշումից: Այս փուլում, կարծես, Մոսկվայի համար էական է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների Աբու-Դաբիի հանդիպումը միջնորդավորված չէ գոնե ֆորմալ առումով, թեև ԱՄԷ-ի նախագահի առաձին հանդիպումները նախ Ադրբեջանի նախագահի, ապա և Հայաստանի վարչապետի հետ «ցանկության դեպքում կարելի է համարել անուղղակի միջնորդություն»:

Ուշագրավ է, որ Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև բանակցություններին գրեթե համաժամանակյա՝ Մալայզիայի Կուալա- Լամպուրայում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի և ՌԴ արտգործնախարար Լավրովի հանդիպումը, որ կազմակերպվել է ԱՍԵԱՆ-ի գծով խորհրդաժողովի շրջանակներում: Բանակցությունների օրակարգի մասին առայժմ տեղեկություններ չկան:

ԱՄՆ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպում են Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի կողմից Վլադիմիր Պուտինի հասցեին մի քանի կոշտ արտահայտությունների ֆոնին: Բայց այս դեպքում ավելի կարևոր է, որ երկու օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ ապագայում շատ հավանական է համարել:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությունից կարելի՞ է ենթադրել, որ այդ հարցում Մոսկվան Վաշինգտոնի հետ «տարաձայնություններ չունի», դժվար է ասել: