Դիլիջանի 2 բնակիչներ կստանան կրթաթոշակ` սովորելու Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցում: Ընդ որում` նրանք առաջին ուսումնառության տարին կանցկացնեն Դիլիջանում, երկրորդը` Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում:
Այս կրթաթոշակները նախատեսված են այն երիտասարդների համար, ովքեր բնակվում են Դիլիջանում կամ հարակից համայնքներում, հետաքրքրված են խոհարարության և հյուրընկալության ոլորտներով, սակայն ֆինանսական սահմանափակումների պատճառով չունեն հնարավորություն ստանալու համապատասխան կրթություն։ Յուրաքանչյուր կրթաթոշակ ամբողջությամբ կփակի երկամյա կրթական ծրագրի ծախսերը՝ առաջին տարին Դիլիջանում՝ Apicius Armenia-ում (արժեքը՝ €3,500), իսկ երկրորդ տարին՝ Ֆլորենցիայում՝ Apicius International-ում (արժեքը՝ €10,000):
Կրթաթոշակների հայտադիմումները բաց են մինչև հուլիսի վերջ այն անձանց համար, ովքեր կարող են ներկայացնել Դիլիջանում կամ հարակից բնակավայրերում մշտական բնակության փաստաթուղթ, միջնակարգ կրթության ատեստատ կամ համարժեք վկայական, ֆինանսական անհրաժեշտության հիմնավորում, ինչպես նաև մոտիվացիոն նամակ կամ տեսանյութ՝ խոհարարության և հյուրընկալության ոլորտներում կրթությունը շարունակելու հետաքրքրվածությամբ։
Մոտիվացիոն նամակում կամ կարճ տեսանյութում դիմորդը պետք է ներկայացնի իր տեսլականը։ Նախապատվությունը կտրվի այն դիմորդներին, ովքեր կարտահայտեն ցանկություն՝ ապագայում իրենց գիտելիքները Դիլիջանի համայնքում կիրառելու համար։
«Apicius Armenia-ում մենք հավատում ենք, որ իրական տաղանդը կարելի է գտնել մեր երկրի յուրաքանչյուր անկյունում՝ անկախ սոցիալ-տնտեսական հնարավորություններից։ Ֆինանսական միջոցները չպետք է խոչընդոտ հանդիսանան մասնագիտական կրթություն ստանալու ճանապարհին: Այս կրթաթոշակը ուղերձ է Դիլիջանի երիտասարդությանը՝ մենք հավատում ենք ձեզ և պատրաստ ենք աջակցել ձեր առաջընթացին» – նշում է նախագծի ղեկավար Կատյա Բրեդիխինան։
Հայտերի ընդունման գործընթացն արդեն իսկ մեկնարկել է։ Ընտրված ուսանողները կսկսեն իրենց ուսումնառությունը Դիլիջանում այս աշնանը, իսկ հաջորդ ուսումնական տարում կշարունակեն իրենց կրթությունը Ֆլորենցիայում։
Հիշեցնենք, որ Դիլիջանում շուտով իր դռները կբացի Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցը, որը մասնագիտացած է հյուրընկալության կառավարման, սննդի, գինու ոլորտներում։ Վերջինս Իտալիայի համանուն կրթական հաստատության հայաստանյան ներկայացուցչությունն է։
Դպրոցը, որը կբացի իր դռները Դիլիջանում, կլինի կարևոր միջազգային հյուրընկալության կրթօջախ տարածաշրջանում՝ ուղղված գաստրոնոմիայի, հյուրընկալության և առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը։ Դասընթացները կիրականացվեն իտալացի փորձագետների կողմից՝ համադրելով միջազգային փորձը և հայկական առանձնահատկությունները։
Բաց մի թողեք
Բարձրացել է աթոռին, բացել պատուհանը և ընկել. Երևանի մանկապարտեզներից մեկից 5-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց
Tech Week Vanadzor 2025-ի շրջանակում` Wings գաղափարների մրցույթը․ Լուսանկարներ
Օրենքը սահմանում է բուհի առանձին կարգավիճակ