11/07/2025

ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում

ՀՀ քաղաքացիների դժգոհությունը՝ շենգեն վիզաներ ստանալու հետ կապված, հասել է աստղաբաշխական չափերի․ շենգեն վիզայի համար դիմում լրացնելուց մինչեւ պատասխան ստանալը տեւում է համարյա մեկ տարի, եւ դեռ հարց է` կբավարարվի՞ մարդու դիմումը, կկարողանա՞ մեկնել Եվրոպա, թե՞ դիմելուց գրեթե մեկ տարի անց մերժում կստանա, ու պլանները կձախողվեն, վատնած ժամանակն ու գումարը ջուրը կլցվեն:

Հրապարակ թերթը գրել է․ Իսկ իշխանությունը շարունակ հայտարարություններ է անում, թե գնում ենք դեպի Եվրոպա, վիզաների ազատականացման ուղղությամբ լուրջ քայլեր ենք անում: Օրինակ, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն է հաճախ հանդիպումներ ունենում այս թեմայով:

Փետրվարին նա ընդունել էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին, որը բարձր էր գնահատել «վիզաների ազատականացման առաջին գնահատման առաքելության հետ կատարված համատեղ աշխատանքները՝ ինչպես կազմակերպչական, այնպես էլ բովանդակային մասով»։ Առաջին հայացքից թվում է, թե ԵՄ դեսպանն ու Արփինե Սարգսյանը ծաղրում են հայ ժողովրդին, որովհետեւ այս հարցում Հայաստանում ոչ մի առաջընթաց էլ չի արձանագրվել, ավելի ճիշտ` հետընթաց է արձանագրվել եւ այն էլ՝ լրջագույն:

ԵՄ դեսպանատներում վիզաներ տրամադրելու գործընթացն այնքան կամայական ու անկանխատեսելի է դարձել, որ անգամ գործուղումների կամ աշխատանքային վիզաներով մեկնող պաշտոնյաներն են այժմ խնդիրներ ունենում։ Մեզ պատմեցին, որ վերջին ամիսներին արդարադատության նախարարության աշխատակիցներն են հայտնվել նման մի անհարմար իրավիճակում։ Նրանք դիմել են Գերմանիայի դեսպանություն՝ 10 օրով վիզա ստանալու համար՝ աշխատանքային գործուղման մեկնելու նպատակով, ընդամենը 5 օր են տրամադրել, ավելին՝ աշխատակիցներին առձեռն վերադարձրել են վիզայի համար վճարված գումարի մի մասը՝ 35 եվրոյի չափով, ասելով՝ փոխանցեք նախարարին։

Արդարադատության նախարարության մամուլի խոսնակից նախ հետաքրքրվեցինք՝ իրենց աշխատողները երբ են դիմել Գերմանիայի դեսպանատուն, քանի օրվա համար։ «Վիզան ստացել են նախատեսված այցի օրերի քանակով՝ մայիսի 11-17-ը, հունիսի 10-14-ը։ Դեսպանությանը դիմել են` ներկայացնելով այցի օրերը, եւ խնդրել են վիզա տրամադրել: Օր չեն նշել: Ըստ այդմ՝ դեսպանատունը տրամադրել է վիզան»,- պատասխանեցին դեսպանատնից։ Խոսնակը հերքեց այն տեղեկատվությունը, թե դեսպանատունը քիչ քանակով օր է տրամադրել, դրանից ելնելով էլ՝ մնացած օրերի գումարն առձեռն վերադարձրել է աշխատողներին, որպեսզի փոխանցեն նախարարին։

Գերմանիայի Դաշնության դեսպանությունից շենգեն վիզա չստանալու խնդրին բախվել է նաեւ քաղաքացի Լուսինե Ասլանյանը։ Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում ներկայացրեց ստեղծված իրավիճակը․ «Հուլիսի 4-ին ինձ ժամ էր տրված վիզաների աջակցության կենտրոնում՝ Գերմանիայի դեսպանատուն դիմելու համար։ Մտնում եմ՝ ամեն ինչով պատրաստված։ Այնտեղ այդ աշխատողի գլխի վերեւը կանգնած է դեսպանատան աշխատող մի կին, որն իմ թղթերը վերցնող աղջկան ասում է՝ ինչը վերցնի, ինչը չվերցնի, իմ թղթերի որոշ մասի վերաբերյալ ասաց՝ սա Ձեզ պետք չէ, ինչո՞ւ եք բերել։ Ետ վերադարձրին։ Ասաց՝ դա իրեն պետք չէ, ինքն առանց դրա էլ իր երեխու մոտ է գնում։ Երեխաս այնտեղ ուսանող է, դիմել էի, որ որպես տուրիստ գնամ, բայց նաեւ այցելում եմ երեխայիս։ Ինքը ոչինչ չվերցրեց, անգամ հյուրանոցի բրոնյան չնայեց։ Ոչինչ։ Ես էլ մտածեցի՝ եթե ինքն է ասում, ուրեմն նորմալ է։ Հուլիսի 4-ին դիմել եմ, հուլիսի 7-ին՝ 3 օր հետո, ինձ նամակ է գալիս՝ գերմաներենով գրված, որ ես բավարար փաստաթղթեր չեմ ներկայացրել, հիմք չեմ ներկայացրել իմ գնալ-գալու, այսինքն՝ ես գնում եմ չվերադառնալու նպատակով: Բայց իրականում` իրենք չեն վերցրել իմ թղթերը։ Ես հետ եմ վերադառնում աջակցման կենտրոն, ասում եմ՝ ինձ հիմնավոր պատասխան տվեք, եթե դուք չեք վերցրել իմ թղթերը, ո՞նց է այսպես։ Ասում են՝ դեսպանատան աշխատողն է մեր գլխի վերեւը կանգնած եղել, դուք՝ ինքներդ տեսել եք։ Ես զանգում եմ դեսպանատուն, նամակ եմ գրում, ինձ ասում են՝ մենք աշխատող չունենք այնտեղ՝ իրենց գլխի վրա կանգնած, այսինքն՝ ես չեմ կարողանում ապացուցել, որ բերել եմ թղթերը, դուք չեք վերցրել։ Մի խոսքով՝ ոնց որ ձեռք առնեն, ինձ այդպես էլ սպառիչ պատասխան չկարողացան տալ»։

Մեր զրուցակիցը պատմեց, որ վերջին շրջանում մերժվողների թիվը շատ-շատ է․ «Շատ են այդպես անում, ինչքա՜ն մարդ է գրում, որ իրենց հետ էլ են այդպես վատ վարվում․․․ Ես ուզում եմ հասկանալ՝ իրենք երկու օրում ո՞նց կարողացան ճշտել այդ ամեն ինչը եւ պատասխան ուղարկել, ես անգամ չեմ հավատում, որ թղթերն ուղարկել են դեսպանատուն»։

Ի դեպ, չնայած բոլոր երկրների դեսպանություններից կան դժգոհություններ` վիզաների տրամադրման հետ կապված, սակայն ամենից շատ դժգոհությունները Գերմանիայի Դաշնության դեսպանությունից են: Գերմանիան, ըստ իրենց մամուլի հրապարակումների, խստացրել է միգրացիոն քաղաքականությունը, եւ դա, փաստորեն, արտահայտվում է նաեւ Հայաստանից Գերմանիա մեկնող զբոսաշրջիկների, անձնական նպատակներով կամ գործուղման մեկնողների վրա: