ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը: Աբու Դաբիի հանդիպումից հետո հնչած այդ կոչը կարո՞ղ է նշանակել, որ հանդիպումը ըստ էության չի նպաստել «արագացմանը», այսինքն չի ունեցել սկզբունքային համաձայնությունների շրջանակ:
ԵՄ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը համենայն դեպս արժանի է ուշադրության: Ինչու՞ բարձրաձայնել «արագացնելու» կոչ, եթե տեղի է ունեցել հանդիպումը, որը՝ ըստ էության ինքնին ենթադրվում է իբրեւ «արագացման» քայլ:
Թե՞ Բրյուսելը ունի այլ գնահատական եւ համարում է, որ Աբու Դաբիում ոչ թե տեղի է ունենում արագացում, այլ տեղի ունենում ավելի շուտ եւ ավելի շատ պրոցեսի տրանսֆորմացիա եւ շարժ դեպի աշխարհաքաղաքական «գլոբալհարավային» կամ «մեծեվրասիական» ուղղություն, ինչի մասին դիտարկումներ ինքս անում էի դեռեւս հանդիպումից առաջ:
Ի դեպ, ինչպես առիթ եմ ունեցել խոսելու այս օրերին մի քանի հարցազրույցի ընթացքում, ուշադրության արժանի է հանգամանքը, որ հենց Աբու Դաբիի հանդիպմանը «զուգահեռ» Երեւանը բարձրաձայնեց Շանհայի գործակցության կազմակերպությանն անդամակցելու մտադրության մասին:
Հայ-ադրբեջանական պրոցեսի հնարավոր շարժն իհարկե չի ենթադրելու, որ ԵՄ-ն կմնա խաղից դուրս: Ավելին, դիտարկեմ անմիջական կապ չունեցող, սակայն շատ էական մի հանգամանք եւս: ԵՄ-ն ու կենտրոնասիական հանրապետությունների միջեւ մեկնարկել է հակաահաբեկչական պայքարի երկխոսություն:
Սա նոր կոմպոնենտ է ԵՄ-Կենտրոնական Ասիա հարաբերությունում: Իհարկե, թերեւս հարաբերական է, թե ԵՄ-ն ինչ գործնական հնարավորություն ունի այդ կոմպոնենտի մրցակցային բաղադրիչի գործակցի առումով, օրինակ Չինաստանի, Ռուսաստանի, կամ հենց Թուրքիայի ռեգիոնալ ներկայության համեմատությամբ:
Բայց, Եվրամիության ջանքը՝ մնալ մրցակցության մեջ, իհարկե ակնառու է, անկախ այդ ջանքի արդյունավետության իրական հնարավորությունից:
Հետեւաբար, իհարկե ԵՄ-ն շաարունակելու է մրցակցության մեջ մնալու ջանք գործադրել նաեւ հայ-ադրբեջանական թեմատիկայի առումով:
Բայց, «արագացնելու» մասին ԵՄ ներկայացուցչի արտահայտությունը թերեւս իր տողատակում թույլ է տալիս նշմարել որոշակի դժգոհություն Աբու Դաբիի հանդիպումից:
Քաղաքագետ Հակոբ Բադալյան
Բաց մի թողեք
Վստահ եմ, որ այս փորձերը անհաջողության են մատնվելու. Նարեկ Կարապետյան
Դաշինք չի լինի. Լևոն Քոչարյան
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան