27/07/2025

Գևորգ Պոպոյանի այցից հետո խնդիրները ոչ թե նվազել, այլ՝ ավելացել են

Տեւական ժամանակ հայկական կոնյակն ու գինին Ռուսաստան արտահանելու խնդիրներ կային, որոնց մենք նախկինում անդրադարձել ենք: Կոնյակագործներն անգամ Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ ակցիաներ արեցին, քանի որ ՀՀ կառավարությունը, ըստ էության, չէր կարողանում լուծել խնդիրը, եւ մեծ թվով ֆուռեր ամիսներով կանգնած էին Թբիլիսիում, որովհետեւ վրացիները որոշել էին ստուգել իրենց երկրով տարանցվող խմիչքի որակը, եւ այդ ստուգումները ոչ մի կերպ չէին ավարտվում:

Իրականում, վրացիները կոնկրետ ամեն ֆուռից կաշառք էին ուզում, իսկ մերոնք չէին վճարում: Ի վերջո, հայտարարեցին, որ հարցերը կարգավորվում են, եւ արդեն կոնյակը գնում է Ռուսաստան: Իրականում` հայ կոնյակագործները համաձայնել էին «մուծվել»` ամեն մեքենայից մոտ 300 դոլարի չափով:

Բայց ՀՀ կառավարությունը ձեւացնում էր, թե փորձում է հարցը կարգավորել եղբայրական Վրաստանի կառավարության հետ: Հունիսի 23-ին Վրաստան էին գործուղվել Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը՝ քննարկելու  հայկական կոնյակի արտահանման խնդիրները։ Գեւորգ Պապոյանը հանդիպումից հետո հայտարարել էր՝ վրացական կողմի հետ պայմանավորվել են, որ առաջիկա օրերին Վրաստանի անցակետում ամիսներ շարունակ կանգնած 150 հայկական բեռնատարները կանցնեն սահմանը եւ կուղեւորվեն Ռուսաստան։
Դրանից հետո Գեւորգ Պապոյանը գրեթե ամենօրյա ռեժիմով Ֆեյսբուքում գրառումներ է անում՝ օրվա ընթացքում սահմանն անցած բեռնատարների թվի մասին է տեղեկացնում, փորձում է ցույց տալ, որ իրենց գնալուց հետո իրավիճակը փոխվել է, հարցերը լուծվել են։ Մինչդեռ իրականությունը Ֆեյսբուքից դուրս լրիվ այլ է։ Եթե Պապոյանենց գնալուց առաջ միայն ալկոհոլ արտահանողները խնդիրներ ունեին, հիմա արդեն խնդիրներ ունեն հեղուկ գազ ներկրողները, Հայաստանից միրգ եւ ծաղիկներ արտահանողները։

Ըստ որոշ տեղեկությունների՝ հիմա հայկական ընկերությունները յուրաքանչյուրը մի քանի հազար դոլար է տալիս վրացական կողմին՝ որպես կաշառք, սահմանն անարգել անցնելու համար։ Կաշառք տալու հետ կապված մեկնաբանություններ կան նաեւ Գեւորգ Պապոյանի գրառումների մեկնաբանությունների դաշտում, որոնք մեծամասամբ վերաբերում են Հայաստան հեղուկ գազի անարգել մուտքին։ Պարզվում է` դրա վերաբերյալ նախարարը տեղեկացել է կրկին Ֆեյսբուքից, ինչին նա արձագանքել է այսպես․ «Վաղը բոլոր այն մեկնաբանությունները, որոնք վերաբերում են ինչ-որ կաշառքի, ուղարկելու եմ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ ըստ էության քննության համար։ Սա կարեւոր է, քանի որ, եթե իրոք կաշառք կա, ապա սա եւս պետք է բացահայտվի եւ վրացական կոլեգաներին տեղեկացվի։ Շնորհակալ եմ համագործակցության եւ տեղեկատվության համար»։

Այն, որ տեւական ժամանակ է՝ Հայաստան հեղուկ գազ չի մտնում, իր հետեւանքն է ունեցել նաեւ հեղուկ գազի գնի վրա․ այն 110-120-ից վերջին օրերին դարձել է 170 դրամ։ Թեպետ Պապոյանը հայտարարում է, որ վերջին 4 օրում 143 մեքենա է հեղուկ գազով բեռնված մտել Հայաստան, սակայն անցակետում հարյուրավոր մեքենաներ են հերթում կանգնած։

Մենք փորձեցինք պարզել, թե ինչ իրավիճակ է տիրում ալկոհոլային խմիչքների արտահանման հարցում: Կոնյակի արտահանմամբ զբաղվող ՄԱՊ ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ներկայացրեց այսօրվա իրավիճակը վրացական անցակետում․ «Մեքենաները շարունակում են նույն քանակի կանգնել Վրաստանում, վրացիների հետ, ասեմ՝ ինչ մեխանիզմ է աշխատում․ ամեն օր վրացիները նմուշառումներ են վերցնում, ուղարկում իրենց լաբորատորիաները, երբ պատասխանը գալիս է դրական, մեքենաները թողնում են` գնում են Ռուսաստան, եթե բացասական՝ ետ են գալիս»։

– Անալիզի պատասխանները քանի՞ օրում են գալիս։

– Ժամանակը երկար է տեւում՝ 15-20 օր, բայց ես ունեմ այսօր ինֆորմացիա, որ վրացիներն ասել են՝ պետք է իրենց լաբորատորիան ավելի հզորացնեն, որ մեծ թողունակություն կարողանան ապահովել։

– Մեծամասամբ դրակա՞ն, թե՞ բացասական են լինում անալիզի պատասխանները։

– Մեծամասամբ՝ դրական է լինում, շատ մեծ տոկոսով։

– Բայց մենք ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկացել ենք, որ գործում է «գումարով անցնելու» մեխանիզմը։

– Շատ պատասխանատու ասում եմ, որ «գումարով անցել» կոնյակի մասով չկա, ու չկա տենց թիվ… Ուղղակի քաշքշուկ, դժվարություններ կան, որոնք իրենց հետեւանքները թողնում են հայկական կոնյակագործության վրա։

– Ձեր ընկերությունն այժմ ֆինանսական խնդիրներ ունի՞։

– Ոնց բոլոր կոնյակի գործարանները, նաեւ՝ ՄԱՊ-ը, ունի ֆինանսական խնդիրներ՝ կապված այս արհեստական խոչընդոտների հետ։

– Այս պահի դրությամբ, քանի՞ մեքենա է կանգնած սահմանին։

– Այս պահին 8 մեքենա ունեմ կանգնած, որ սպասում են իրենց հերթին, որ պատասխանները գան, շարունակեն։