27/07/2025

ՔՊ-ի մուտքերն ու ելքերը. ո՞վ է ամենաշատը փոխանցել, ով՝ ընդամենը 5000 դրամ

Շատ քաղաքական գործիչների ու քաղաքացիների որակմամբ՝ պետությանը կործանման տարած, հասարակության սպասումները չարդարացրած ՔՊ-ական իշխանությունը ներկայացրել է 2024 թվականին կուսակցության գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, որում նշված են դրամական մուտքերն ու ելքերը։

Այսպիսով տեղեկանում ենք, որ 2024 թվականի սկզբին կուսակցության դրամական միջոցները կազմել է 74 մլն 750 հազար դրամ, որը ենթադրաբար նախորդ տարվա մնացորդն է։

Հաշվետու տարում ՔՊ-ի հաշվին մուտքերը կազմել է 487 մլն 522 հազար դրամ։ Օրենքով սահմանված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորումը կազմել է 214 մլն 646 հազար դրամ։

Պետական ընդհանուր ֆինանսավորումը՝ 160 մլն 985 հազար դրամ, պետական նպատակային ֆինանսավորումը՝ 53 մլն 661 հազար դրամ։ Երկու խոշոր նվիրատվություն է եղել, մեկը՝ 146 մլն 645 հազար, մյուսը՝ 138 մլն 880 հազար դրամ, իսկ բնեղենով նվիրատվությունը կազմել է 7 մլն 765 հազար դրամ։

Մուտքի վճարների և անդամավճարների գումարը կազմել է 109 մլն 199 հազար դրամ, առանձին վերցված անդամավճարների գումարը նույնչափ է՝ 109 մլն 199 հազար դրամ, այլ մուտքերը ՔՊ-ի մոտ կազմել է 17 մլն 30 հազար դրամ, իսկ տարվա ընթացքում ելքագրված գումարի չափը կազմել է 534 մլն 866 հազար դրամ։

Առաջին հայացքից թվում է, թե Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն ավելի շատ ծախսել է, քան մուտք ունեցել, այնինչ հետո նկատում ենք, որ հաշվետու տարվա վերջին դրամական միջոցների մնացորդը կազմել է 19 մլն 641 հազար դրամ։ Այստեղից հասկանալի է, որ ինչ-որ բան այն չէ. կա՛մ ՔՊ-ն սխալ է լրացրել հաշվետվությունը, կա՛մ էլ շատ նրբորեն փորձում է թաքցնել իրական մուտքերն ու ելքերը, քանի որ բոլոր փաստական տվյալները համադրելով անհամապատասխանություն կա թվերում։

Ֆիզիկական անձանց դրամական նվիրատվությունները ուսումնասիրելով MediaHub-ը նկատել է, որ ՔՊ-ական շատ պատգամավորների անուններ կան այս ցանկում, այդ թվում և ամենակարկառուն դեմքերը, օրինակ՝ Վահագն Ալսեքսանյանը, որը 2024-ին իր կուսակցությանը նվիրել է 2,5 մլն:

Մոհամադ Մաքքին, ում անունը շրջանառվում էր նաև Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին 50 հազար դոլար փոխանցելու հետ կապված, անմասն չի մնացել նաև ՔՊ-ին գումար փոխանցելու հարցում. նրա նվիրատվության չափն այս անգամ 2,5 մլն դրամ է։

Հետաքրքիր է, որ ՔՊ-ական Նարեկ Բաբայանը՝ Լենա Նազարյանի ամուսինը, երևի թե իր հավատարմությունը Փաշինյանին ապացուցելու նկրտումներով դրդված, տարվա ընթացքում մի քանի անգամ է նվիրատվություն արել՝ ընդհանուր 2,5 մլն դրամի չափով (4 անգամ 600 հազար դրամի, 2 անգամ էլ 25 հազար դրամի չափով)։ Թերևս, կարող ենք ենթադրել, որ դա պայմանավորված է նրանով, որ թե՛ ինքը, թե՛ իր տիկինը՝ նախկին ակտիվիստ, բայց ակտիվիզմի սուրբ գաղափարները մանդատով փոխած Լենա Նազարյանը որևէ ակտիվություն չեն ցուցաբերում ու անգամ ԱԺ-ում կռիվ սարքելու, ընդդիմությանը հրահրելու, հայհոյելու «պատվաբեր» գործում միշտ աջները քաշած են: Հետևապես, գուցե այս կերպ են ապացուցում իրենց հավատարմությունը ՔՊ-ին ու իրենց շեֆին:

Իսկ ահա Լենա Նազարյանը կուսակցությանը փոխանցել է 72 000 դրամ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից տեսնում ենք ընդամենը մեկ փոխանցում՝ 36 000 դրամի չափով, Հայկ Կոնջորյանը փոխանցել է 25 000 դրամ:

Ոմն Արմեն Խաչատրյան մինիմալ նվիրատվություն է կատարել կուսակցությանը՝ 5000 դրամի չափով, բայց՝ 2 անգամ։ Քանի որ մասնագիտական ոլորտը չի նշվում հաշվետվության մեջ, բայց այդ նույն շարքում բոլորը պատգամավորներ են հիմնականում, ենթադրում ենք, որ խոսքը ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի մասին է:

ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, ով վերջերս լավ պաշտոնի նշանակվեց՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն, կուսակցությանը փոխանցել է ընդամենը 25 հազար դրամ։

Ընդհանուր առմամբ հաշվետու տարում ՔՊ կուսակցությանը նվիրատվություն է կատարել 590 անձ, որոնցից շատերը տարվա ընթացքում մի քանի անգամ են կատարել փոխանցում, նվիրատվության գումարը կազմել է 138 մլն 880 հազար դրամ։