27/07/2025

Ռուսաստան – ԱՄՆ երկխոսությունը սրվո՞ւմ է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Շանհայի համագործակցության կազմակերպության «մինիստերիալի» ավարտին մամուլի ասուլիս է անցկացրել:

Մինչ այդ բանակցություններ է վարել Հյուսիսային Կորեայի առաջնորդի և Չինաստանի արտգործնախարարի հետ՝ նպատակ ունենալով ճշտել, թե դաշնակից երկրները հավելյալ ի՞նչ աջակցություն կարող են ցուցաբերել, որպեսզի Ռուսաստանը լուծի ուկրաինական պատերազմով առաջադրված անխտիր բոլոր խնդիրները:

Լավրովը երկարատև գործուղման մեջ էր, երբ հուլիսի 14 –ին ԱՄՆ նախագահ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեի հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ Ուկրաինայում հրադադար հաստատելու համար Ռուսաստանը 50 օր ժամանակ ունի: Այս «վերջնագրի» վերաբերյալ հարցին պատասխանելիս Լավրովը «ծաղրել է» Թրամփին: Նա ասել է, որ ժամանակին ԱՄՆ նախագահը խոստացել է խնդիրը կարգավորել քսանչորս ժամում, հետո սահմանել 100-օրյա «դեդլայն», և այժմ Մոսկվան «փորձում է հասկանալ, թե ի՞նչ է նշանակում այդ նոր գաղափարը»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն, այսպիսով, հասկանալ է տվել, որ ԱՄՆ նախագահի նոր «դեդլայնն ավելին չարժե, քան նախկինները», Մոսկվայի համար էական է, թե այդ ժամկետն սպառվելուց հետո ի՞նչ է ձեռնարկելու Սպիտակ տունը: Այս առումով ուշագրավ է ՌԻԱ-Նովոստի պետական գործակալության խմբագրականը, որի «բանալի» թեզն այն է, որ պետք է ԱՄՆ նախագահին շնորհակալություն հայտնել, քանի որ հիսուն օրում կարելի է հասնել Ուկրաինայի վերջնական ջախջախմանը:

Նման տպավորություն, ի դեպ, ունեն նաև արևմտյան որոշ փորձագետներ: Տպավորություն է, որ Վաշինգտոնի քաղաքական շրջանակներում նույնպես Թրամփի «դեդլայնի» վերաբերյալ թերահավատություն կա: Ըստ երևույթին, այդ տպավորությունները ցրելու համար հուլիսի 15-ին հանրապետական սենատոր Գրեմը, որ հայտնի է Թրամփի հետ մերձավոր կապերով, մամուլի ասուլիս է հրավիրել և վերահաստատել Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներ» սահմանող բանաձևը քվեարկության ներկայացնելու պատրաստակամությունը:

Լրագրողներից մեկը հանրապետական սենատորին «թունավոր» հարց է ուղղել, թե իսկ ի՞նչ կարող է անել նախագահ Թրամփը, եթե Վլադիմիր Պուտինը մերժի նրա «վերջնագիրը», ինչին Գրեմը պատասխանել է. «Ովքեր կասկածում են, թե ինչ կլինի հիսունմեկերորդ օրը, թող զանգեն Խամենեիին և պարզեն»:

Ակնրակն, ինչպես նման դեպքերում են ասում՝ չափազանց թափանցիկ է. Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում գործարքի հասնելու համար ԱՄՆ նախագահը սահմանել էր վաթսունօրյա ժամկետ, բայց այն դեռ չէր սպառվել, երբ Իսրայելն անցավ հարձակման, որին միացավ նաև Միացյալ Նահանգները:

Իրանին համեմատելով Ռուսաստանի, Պուտինին՝ Խամենեիի հետ՝ ամերիկացի հանրապետական սենատորը, իհարկե, տուրք է տալիս երևակայությանը կամ պարզապես «մաչո է խաղում». Ռուսաստանի դեմ ուղղակի ռազմական գործողություններ սկսելու որոշում Դոնալդ Թրամփը երբեք չի ընդունի, ոչ էլ այդ քայլին որեւէ եվրոպական երկիր կգնա:

Ըստ էության՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հենց այդ իրողությունից է ելնում, երբ ակնհայտ ծաղրանքով հասկացնում է, որ հիսուն օրը լրանալուց հետո Միացյալ Նահանգներն առավելագույնը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել: Դա Ռուսաստանի համար նորություն չէ:

ՌԻԱ-Նովոստիի խմբագրականում ԱՄՆ նախագահին «երախտագիտություն է հայտնվում» նաև նրա համար, որ Ռուսաստանին ազատում է «անպտուղ բանակցությունների վրա ժամանակ, միջոցներ և նյարդեր ծախսելու պարտավորությունից»:

Իրավիճակը գնահատելու համար, երևի, չափազանց կարևոր է մի բան. բանակցություններից ազատվելու «հրճվանքը» վերաբերում է միայն Ուկրաինայի՞, թե նաև Միացյալ Նահանգների հետ քննարկումների՞ն: Հայաստանի, հետխորհրդային տարածքի երկրների համար այս հարցն ունի էքզիստենցիալ նշանակություն: