«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Հակոբ Բադալյանն է:
– Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական մամուլի ասուլիսով հանդես եկավ: Նա կրկին խոսեց հոգեւորականների մասին՝ անդրադառնալով նրանց ինտիմ կյանքին: Վստահ հայտարարեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսը չի հավատում Աստծուն՝ երկար շփվել է նրա հետ եւ դրանում համոզված է: Վստահեցրեց, որ ինքը հավատացյալ է` 30 տարի անընդհատ ամեն օր աղոթում է, մոմ է վառում, Պահք է պահում: Խոսեց տարիներ առաջ իր ավտոշարասյան մեղքով մահացած հղի կնոջ` Սոնա Մնացականյանի մասին եւ համոզմունք հայտնեց, որ ինքն այդտեղ բնավ մեղավոր չէ, անգամ իր ավտոշարասյունը համեմատեց հանրային տրանսպորտի հետ, որ եթե դուք ավտոբուսում նստած լինեք, եւ ինչ-որ մեկին վթարի ենթարկեն, դա նույն բանն է: Փաշինյանը նաեւ խոսեց «Զանգեզուրի միջանցքի» մասին, ապա զարմացավ, որ լրագրողներն անհարմար են զգում ցիտել իր հայհոյախառն գրառումները, հայտարարեց, որ դա ինքնապաշտպանություն է` իրեն վիրավորում են, ինքն էլ է վիրավորում, խոսում են իր թլպատված լինելուց, ինքն էլ առաջարկում է ստուգել, որ թլպատված չէ, եւ այլն: Ըստ Ձեզ` Փաշինյանի այս խայտաբղետ ասուլիսի հիմնական մեսիջը կամ մեսիջները որո՞նք էին:
– Իմ գնահատմամբ՝ այս ասուլիսում կար երկու հաղորդագրային ուղղություն. մեկն արտաքին դաշտում էր, մյուսը` ներքին: Ներքին դաշտի համար Նիկոլ Փաշինյանը խոսեց բոլորի համար քաջ հայտնի, ծանոթ ու ոչինչ չասող թեմաների մասին, որն իրականում ոչ մեկին չզարմացրեց, քանի որ, մեծ հաշվով, ոչնչի մասին էր, փոխարենը նման թեմաները կլանում են հանրային էներգիան, ստիպում են մարդկանց քննարկել: Այս ամենը Նիկոլ Փաշինյանին պահում է ուշադրության կենտրոնում եւ նրան հնարավորություն է տալիս թելադրել հանրային տրամադրություններ: Մյուս մեսիջն արտաքին դերակատարներին էր ուղղված: Աբու Դաբիի պրոցեսների անմիջական մասնակիցներից սկսած մինչեւ ճանապարհների դեբլոկադայի շահառուներ: Մեսիջն այն էր, որ ինքը պատրաստ է՝ այն, ինչ հանձն է առնում բանակցային սենյակներում կամ առանձին հանդիպումներում, քննարկելու նաեւ հրապարակային տիրույթում: Նիկոլ Փաշինյանն արտաքին խաղացողներին ցույց տալու հետեւյալ խնդիրներն ունի, որ ինքը չի խաղում ու չի խաբում: Ժամանակագրական իմաստով այս ասուլիսի օրը նույնպես պատահական չէր: Այն հաջորդեց Աբու Դաբիի հանդիպմանը, Էրդողանի հետ ունեցած հանդիպմանը, Բրյուսելում եւ Փարիզում տեղի ունեցած հանդիպումներին եւ այլն: Սրանք էին նրա երկու հիմնական մեսիջները:
– ԱՄՆ-ի` «Սյունիքի միջանցքի» հետ կապված վարձակալության հայտնի առաջարկի մասին խոսելիս Փաշինյանն ասուլիսի ժամանակ տպավորություն ստեղծեց, որ անգամ չի հասկանում, թե խոսքն ինչ տեսակ պայմանագրի մասին է: Մե՛կ վարձակալություն ասաց, մե՛կ` արտապատվիրակում, մե՛կ` կոնցեսիա: Երկաթուղու եւ «Վեոլիա ջրի» օրինակները բերեց: Ի վերջո, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պրոցեսներ տեղի կունենան առաջիկայում:
– Վստահաբար կարող ենք ֆիքսել, որ այդ պրոցեսը լավագույնս պատկերացնում է հենց Նիկոլ Փաշինյանը, եւ մեզնից ամենաինֆորմացվածը հենց նա է՝ այս առումով: Նա շատ լավ գիտի, թե նույն ԱՄՆ-ն, Եվրոպան ինչ են առաջարկում, Իրանը, Չինաստանն ինչ են մտածում եւ այլն: Համոզված եմ, որ այստեղ դերակատարները շատ են: Միայն ԱՄՆ-ով հարցը չի սահմանափակվում: Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային հայտարարություններում փորձում է ավելի շատ մանեւրել իրարամերժ տարբեր մոտեցումներ՝ հասարակությանը նաեւ զբաղեցնելով ինչ-որ վերնագրային տրամաբանություններով: Ինչ է կատարվում իրականում: Սա իրականում շատ բարդ է միանշանակ ասելը: ԱՄՆ-ն մինչ այս պահը լուռ էր, ոչ մի հոդաբաշխ միտք չէր արտաբերում ոչ միայն ճանապարհային դեբլոկադայի վերաբերյալ, այլեւ` առհասարակ հայ-ամերիկյան պրոցեսների, մեծ հաշվով՝ նույնիսկ Կովկասի վերաբերյալ: Հանկարծ մենք տեսնում ենք, որ Եվրոպայի` վերջին ամիսների ակտիվության ֆոնին, որտեղ նաեւ նշմարվում էր ինչ-որ կոմունիկացիա Չինաստանի հետ, հանկարծ նախաձեռնություններով է սկսում հանդես գալ Միացյալ Նահանգները: Այստեղ կարող են տարբեր հարցեր առաջանալ. ինչպիսի կոմունիկացիաներ կան ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ, մրցակցային նշանակություն ունի՞ արդյոք այս հարցը:
Դոնալդ Թրամփը կարո՞ղ է մտածել Ռուսաստանի վրա ճնշումներ բանեցնելու մասին, թե՞ կարող ենք նաեւ դիտարկել աներեւակայելի թվացող, սակայն շատ հավանական մեկ այլ տարբերակ` Թրամփն իր այս նախաձեռնությամբ նաեւ եվրոպացիների հետ է մրցակցում, ըստ էության, օգնելով նաեւ Ռուսաստանի Դաշնությանը: Մոտեցումները կարող են տարբեր լինել, եթե խոսում ենք ամերիկյան խաղերի մասին:
Բաց մի թողեք
Չորս երեխաների մայրը մահացել է Ուիգմորում վիրահատությունից հետո
Իմ ամուսինն աղանդավոր չէ, կարող եմ կոնտակտները տալ՝ ինքը Ձեզ կբացատրի, բայց զգույշ եղեք՝ քարոզ չանի․ Ավանեսյան
Եթե հետապնդումը քաղաքական չլիներ՝ Սրբազանը վաղուց ազատության մեջ կլիներ