Իշխանականները համառորեն փորձում է շրջանցել հօգուտ Կարապետյանների արբիտրաժային դատարանի ընդունած որոշումը՝ կառչել են ՀԵՑ-ից, պոկ չեն գալիս՝ մանկահասակ երեխային հատուկ կապրիզով։
Իրենց պատե պատ են տալիս՝ փորձելով սխալ հանել անգամ միջազգային դատարանի ընդունած որոշումը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր հայտարարեց, թե արբիտրաժային դատարանի որոշումը կարող է չկատարվել։
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն էլ նշում է, թե այդ որոշման ակտը դեռ որևէ կերպ չի կարող տարածվել իրեն վերաբերելի գործողությունների առումով այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ օրենսդրությամբ այն չի ճանաչվել եւ կիրառման մեխանիզմները դեռ հստակեցված չեն։ Էլ չենք ասում Ռոմանոս Պետրոսյանի համառությունը, ով ֆեյսբուքյան էջում «հեշթեգ» է գրել, թե` «ձեւ չունեք», ուզում է ասի՝ ձեւ չկա, էս աթոռն իմն է։
Ռոմանոս Պետրոսյանին միանձնյա որոշումով ՀԵՑ-Ի տնօրեն նշանակած ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը չի վախենում, որ վաղ թե ուշ դատվելու է՝ իշխանության քաղաքական հրահանգները կատարելու, եւ ՀԵՑ-ի «խլմանը» մասնակից լինելու համար։ «Ես այն մարդն եմ իմ կենսագրությամբ, որ եթե զգայի իմ խղճի դեմ որևէ քայլ եմ կատարում, ես երբեք դրա տակ չէի մտնի»,- ասաց Մեսրոպյանը՝ պատասխանելով «Հրապարակ»-ի հարցին՝ չի վախենո՞ւմ, որ հետագայում կարող է դատվել ՀԷՑ–ի հետ կապված իր որոշումների համար։
Դիտարկմանը, որ իրեն մեղադրում են քաղաքական հրահանգ կատարելու մեջ, ասաց. «Այդ մարդիկ սխալ գնահատական են հնչեցնում, ես քաղաքական հրահանգներ չեմ կատարում, ես Ազգային Ժողովի կողմից ընդունված օրենքներով ինձ տրված բացառիկ լիազորությունների շրջանակում կատարել եմ գործողություններ։ Այդ գործողությունների հետ որոշակի հիմնավոր կասկածներ ես ևս ունեմ, բայց այդ մասին այս պահին ավել բան ասել չեմ կարող, որովհետև վարույթ կա հարուցված, և այդ հարցերի հիմնավոր ապացուցողական պատասխանները կլինեն վարույթի ավարտից հետո»։ Քաղաքական հրահանգ է, բա ի՞նչ է։ ՀԵՑ-ի «խլման» գործընթացը սկսվեց այն բանից հետո, երբ գործարար Սամվել Կարապետյանը հակառակվեց Փաշինյանին, եւ եկեղեցին պաշտպանելու հայտարարությամբ հանդես եկավ։ Կարապետյանին նստեցրին բանտ, անցան ՀԵՑ-ին։
ՀԵՑ-ն իր սեփականատիրոջից «խլելն» այսպես է հիմնավորում ՀԾԿՀ նախագահը․ «ՀԷՑ–ում ներդրումների արդյունավետություն, վթարային անջատումների հաճախակի տևողություն, գնումների գործընթաց, այս ամեն ինչը ենթակա են մանրամասն, մանրակրկիտ ուսումնասիրության, որովհետև վերջին հաշվով, այս ամեն ինչի արդյունքում այդ ընկերության վատ մենեջմենտի, վատ կառավարման հարց է բարձրացվել պետության կողմից»։ Հարցին՝ խոստանո՞ւմ է, որ եթե պետությունը կառավարի ՀԷՑ–ը, անջատումներ չեն լինի, մարդկանց լվացքի մեքենաները, սառնարանները շարքից դուրս չեն գա, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Որևէ մեկը նման բան չի կարող խոստանալ։ Հասարակ կենցաղային օրինակ բերեմ. երբ մենք մեր բնակարանը որոշում ենք վերանորոգել, սկզբից որոշում ենք, որ այն կարժենա «X» դրամ, կտևի «Y» ժամանակ և մեզ վրա կնստի այսքան դրամ, բայց դրանից հետո դա ավելի շատ է մեր վրա ֆինանսական առումով նստում, ավելի երկար ժամանակ է տևում և վերանորոգման ընթացքում էլ տնեցիները կարող են բողոքել, որ այսքան երկար ձգվեց վերանորոգումը։ Դա դեռ չի նշանակում, որ այդ վերանորոգման կարիքը արդարացված չէր։ Ասելիքս այն է, որ անջատումներ, վթարներ միշտ կարող են լինել ընթացքում»։
ՀԵՑ-ի նախկին տնօրենի ժ/պ Դավիթ Ղազինյանը պատասխանում է Մեսրոպյանին։ «Տան շինարարության օրինակով Մեսրոպյանն ավելի շատ հերքում է ինքն իրեն, որովհետեւ երբ այդ օրինակը բերում են ներդրումային ծրագրի փոփոխության համար, ասում են՝ ոչ, չի լինի, բայց ահա ինքը այդ օրինակն է բերում։ Խճճվել են, չեն կարողանում հասկանալ»,-նշեց նա։
– Իշխանությունը կասկածի տակ է դնում ՀԵՑ-ի սեփականատիրոջը, ասում են՝ սաբոտաժ կանի, միտումնավոր կանջատեն էլեկտրաէներգիան։ Արդյո՞ք սա կանխակալ մոտեցում եւ մեղադրանք չէ ընկերության սեփականատերերի հասցեին։
-Եթե իրենք վերցնում են կառավարման, որ սաբոտաժ չլինի՝ վերացնում են իրավապահ համակարգը։ Ըստ իրենց տրամաբանության՝ ամեն ինչ պիտի լինի պետական, որպեսզի ոչ մի մասնավոր ընկերություն սաբոտաժ չանի։ Այդ դեպքում իրավապահ մարմիններն ինչի՞ համար են, եթե ՀԵՑ-ը կարող է սաբոտաժ անել, իսկ դրա մեջ մեղադրելուց առաջ պետք է ապացույցներ ունենան։ Երբ տղամարդն ասում է մի բան ու դրա պատասխանը չի կարողանում տալ, դիսկուրսն անիմաստ է դառնում։ Հայտարարել, թե մարդկանց տանում ենք միտինգի, կարող ենք սաբոտաժ անել, նորմալ չի։ Ես երկու սցենար եմ տեսնում՝ անջատումներ, որ լինեն, ասելու են՝ նախկիններն են մեղավոր՝ ի դեմս ինձ: Կասեն՝ Ղազինյանը պուլտով ուրիշ տեղերից անջատում ա, եւ երկրորդ՝ իրենց «ստրախովկա» են անում, որ առանց անջատման հնարավոր չի։
– Վերջին անգամ ՀԵՑ-ը երբ է դիմել հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիան թանկացնելու համար։
-Չի դիմել։ Մենք ունենք մարժա հասկացությունը, ամեն տարի հանձնաժողովը հաշվարկ է կատարում, ինչի արդյունքում վճարում է։ Հենց այդ հաշվարկի արդյունքում է հանձնաժողովը հասկանում թե իր էներգետիկ կայունության համար ինչ է պետք, օրինակ՝ 4․8 դրամ վերջին տասը տարվա մեջ թանկացել է, բայց ոչ ՀԵՑ-ի համար, այդ գումարը գնում է արտադրողին, այսինքն՝ ում համար, որ թանկացրել է։ ՀԵՑ-ը չի դմել թանկացման, իսկ թանկացումներից հետո էլ ոչ մի դրամ չի գնացել ՀԵՑ-ին։
– Ի վերջո ինչպե՞ս է լուծվելու ՀԵՑ-ի կառավարման հարցը, իշխանականները մտադիր չեն կատարել արբիտրաժային դատարանի պահանջը։
-Իրենց բոլոր ջանքերն ապարդյուն են, որովհետեւ արբիտրաժի որոշումը պարտադիր պետք է կատարվի։ Մենք ունենք միջազգային պայմանագիր, որը ներքին ենթաօրենսդրական ակտերից եւ օրենքներից բարձր է։ Մենք միացել ենք Նյու Յորքի համաձայնագրին։ Երբ երկիրը միանում է միջազգային պայմանագրի, այն անցնում է Սահմանադրական դատարանով։ Եթե Հայաստանը ստորագրել է, նշանակում է` չի հակասում ՀՀ սահմանադրությանը, եւ այդ պայմանագրերի կայացրած որոշումները պարտադիր ենթակա են կատարման։ Սա շատ պարզ է։ Այո, սա միջանկյալ որոշում է, բայց դա էլ է կատարման ենթակա։
Բաց մի թողեք
Չորս երեխաների մայրը մահացել է Ուիգմորում վիրահատությունից հետո
Իմ ամուսինն աղանդավոր չէ, կարող եմ կոնտակտները տալ՝ ինքը Ձեզ կբացատրի, բայց զգույշ եղեք՝ քարոզ չանի․ Ավանեսյան
Եթե հետապնդումը քաղաքական չլիներ՝ Սրբազանը վաղուց ազատության մեջ կլիներ