28/07/2025

Տավուշում նոր տարածքներ են հանձնվելու, տավուշցիները անհանգստացած են

Տավուշցիներն օր օրի սպասում են, երբ է «սահմանազատվելու ու սահմանագծվելու» իրենց մարզը։ Տավուշի սահմանում շատ հանգիստ է այս պահին, բայց ժողովուրդը սպասում է, թե ե՞րբ է իրականացվելու այդքան աղմուկ հանած «սահմանազատում ու սահմանագծումը»։

«Սահմանը հանգիստ է, ոչ մի փոփոխություն դեռ չկա, չնայած ամեն ինչ պատրաստ է, որ հանձնեն տարածքները, բայց այս պահին սահմանային փոփոխություն չկա։ Կան տարածքներ, որ պետք է սահմանազատեն ու սահմանագծեն, այսինքն՝ հանձնեն, արդեն փշալարերը քաշել են, ականազերծումներն արել էին, ու այդ վիճակում մնացել է, սպասողական իրավիճակ է մարզի ժողովուրդի մոտ»,– նշեց Տավուշցի մեր զրուցակիցը։

Մի մեծ հողատարածք գտնվում է սահմանամերձ, ականապատ գոտում կամ ադրբեջանցիների հսկողության տակ, արդյո՞ք մարզի ժողովուրդը ստացել է փոխհատուցում, մեր զրուցակիցը նշեց։ «Առհասարակ նման դեպքերում փոխհատուցում չեն տալիս, չեն տվել նաև այս տարի։

Անգամ նախորդ տարի Կիրանցի հանձնված տարածքների թիկունքի մասում Կիրանցին պատկանող հողեր կային, որոնք աշնանացան ցորեններ ունեին, իբր, ցուցադրական, տեսախցիկներով եկան, նկարեցին, որ անվտանգ է։

Ասում էին՝ «անվտանգ է, գնացե՛ք, հնձե՛ք», ճանապարհ բացեցին, տարան ցորենները, հնձեցին ու աշնանը արդեն թույլ չտվեցին օգտագործեն մարդիկ այդ հողը, չնայած 30-35 տարի օգտագործել են։ Ես գիտեմ, որ ոչ մեկին էլ փոխհատուցում չեն տվել»,– նշեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ արդյո՞ք տավուշցիները գիտեն, թե երբ են «հանձնելու» տարածքները, մեր զրուցակիցը նշեց, որ ժողովուրդը ոչինչ չգիտի։

Ընդհանուր տրամադրությունն էլ Տավուշում հետևյալն է. միանշանակ, կան տարածքներ, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին, բայց խիստ կասկածներ ունեն, որ Ադրբեջանը ինչ–որ հողեր կտա Հայաստանին, և վստահ են՝ կլինի միակողմանի զիջում։