27/07/2025

Ընդդիմադիրների մեջ կան հեղինակություններ, բայց ոչինչ չեն անում

Հուլիսի 5-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր, հասարակական գործիչ Վահագն Չախալյանը կալանավորվեց 2 ամսով։

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության յուրացման նախապատրաստում, եւ 43-419-րդ հոդվածի 1-ին մասով՝ ահաբեկչություն նախապատրաստելը։ Նրան մեղադրում են նույն հոդվածներով, ինչ հոդվածներով մեղադրանք է առաջադրվել Սրբազան շարժման աջակիցներին՝ «իշխանության յուրացման եւ ահաբեկչության նախապատրաստման» համար։

Փաստաբան Ալեքսան Թումաս­յանն ահազանգել էր, որ Վահագն Չախալյանին ձերբակալելիս ոչ պատշաճ վերաբերմունք են դրսեւորել, նույնիսկ չեն թողել, որ նա իր հագուստը փոխի. «Ամբողջովին փոշոտ, կեղտոտ շորերով նրան տարել են։ Այդ վիճակով նախ տարել են քննչական, հետո՝ արդեն դատարան։ Մեկ շաբաթից ավելի նրան այս վիճակում են պահել, նույնիսկ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց հետո չեն թողել լողանալ, որեւէ պարագա չեն տրամադրել։ Երբ ես այցելեցի, այս վիճակում էր, դրանից հետո միայն իրավիճակը փոխվեց՝ նա կարողացել է լողանալ, որոշակի պարագաներ են տրամադրել։ Հետո նաեւ իմացել եմ, որ արգելել են, որ Վահագն Չախալյանի որդին նրան տեսակցի, կարողացա այս հարցը կարգավորել։ Բայց մարդուն փաստացի ձերբակալելիս, նաեւ կալանավորելիս ցուցաբերել են անմարդկային վերաբերմունք»։

Երեկ Չախալյանը քրեակատարողականից նամակ էր գրել՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, նշելով, որ վարչապետ Փաշինյանը, անհայրենիք լինելուց զատ, նաեւ վախկոտ է: Չախալյանը նրան մաղթել է շուտափույթ հրաժարական: «Կամք» հասարակական նախաձեռնության անդամ, Վահագն Չախալյանի ընկեր Արման Մխիթարյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով իր գաղափարական ընկերոջ կալանավորմանն ու դրա հետեւանքներին, ասում է․

– Առհասարակ, բոլոր ընդդիմադիր գործիչների կալանավորումներն ունեն մեկ պատճառ` քաղաքական եւ քաղաքացիական ակտիվություն: Չկա մեկ օրինակ, որ քաղաքական դրդապատճառը չգերակշռի: Չախալյանի կալանավորումն ակնհայտ քաղաքական հետապնդում է: Հայաստանում բացահայտ ապօրինություններ են տիրում, իշխանությունները ցայտնոտի մեջ են: Նիկոլ Փաշինյանը փորձում է նոր զիջումների գնալ, նոր փաստաթղթերի տակ ստորագրել եւ բոլոր հնարավոր քաղաքական ակտիվիստներին մեկուսացնում է: Նա մեծ վախեր ունի: Գուցե իր սեւ գործն անելուց հետո նա բոլոր քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու հրաման տա, սակայն մինչ իր գործն ավարտին հասցնելը, ես կարծում եմ, որ նա բոլորին պահելու է կալանքի տակ: Մարդկանց կալանքի են տանում շինծու գործերով: Անգամ փաստաբաններն են ապշում, թե դատարանն ինչ աստիճան ապօրինի վճիռներ է կայացնում:

– Այնուամենայնիվ, «Կամք»-ը վերջին տարիներին այնքան էլ ակտիվ չէ: Օրինակ, 2018-2019 թվականներին Ստամբուլյան կոնվենցիայի դեմ էիք պայքարում, մի քանի տասնյակ հազար ստորագրություններ էիք հավաքել, բայց վերջին տարիներին, որպես այդպիսին, ակտիվություն չի նկատվում: Ինչո՞ւ հենց Վահագն Չախալյանն այդ դեպքում: Ի դեպ, Վրաստանում էլ ծնունդով վրացահայ Չախալյանը Սահակաշվիլու կողմից էր հետապնդումների ենթարկվում: Ինչո՞ւ են Փաշինյանը, Սահակաշվիլին այդքան վախենում նրանից:

– Վրաստանում էլ, ինչպես Հայաստանում, նա ազգային շահերի կողմնակից էր: Սահակաշվիլին բոլորովին վերջերս նորից անդրադարձել էր Վահագն Չախալյանին՝ նշելով, որ նա վտանգավոր է, եւ Փաշինյանը շատ ճիշտ որոշում է կայացրել՝ վերջինիս կալանավորելով: Այո, Վահագն Չախալյանի նման անկաշառ ու գաղափարական մարդիկ ծախու եւ հայրենադավ մարդկանց համար իսկապես մեծ վտանգ են ներկայացնում: Գաղափարի մարտիկները երբեք ոչ մեկի հետ չեն գնում կոմպրոմիսների, կուլիսային պայմանավորվածություններ ձեռք չեն բերում: Վահագն Չախալյանը կարող է երիտասարդներին համախմբել, փողոց հանել, այդ պատճառով նրան կալանավորեցին, ի դեպ` ոչ միայն Չախալյանն է այս առումով վտանգ ներկայացնում իրենից, այլեւ բոլոր այն մարդիկ, ովքեր այսօր առանց որեւէ հիմնավոր պատճառների կալանավորված են: Այսօր ընդդիմադիր դաշտը բավականին հանդարտ է, ինչպես տեսնում ենք, որեւէ հավաք, որեւէ բողոքի ակցիա, ըմբոստություն չի նկատվում: Ընդդիմադիր շրջանակներում կան հեղինակություններ, ովքեր ունեն պոտենցիալ՝ այս ամենի դեմն առնելու, սակայն, ինչպես տեսնում ենք, ոչինչ չեն անում, ամեն մեկն իր կյանքով է ապրում….

– Իսկ կոնկրետ «Կամք»-ն ինչո՞ւ ակցիաներ չի նախաձեռնում, ինչո՞ւ եք սպասում, որ մյուս ընդդիմադիր ուժերը դա անեն:

– «Կամք»-ը դեռ փորձում է ինքնակազմակերպվել ներսում եւ որոշել իր անելիքները: Ներքին աշխատանքներ ենք անում, փորձում ենք հասկանալ, թե առանց Չախալյանի ինչպես ենք մեր աշխատանքը կազմակերպելու:

– Իսկ ինչպե՞ս է Վահագն Չախալյանն այժմ:

– Նրա տեսակցությունները բոլորի համար փակ են, բացի ընտանիքի անդամներից, հեռախոսազանգերը նույնպես արգելված են` բացառությամբ ընտանիքի անդամների: Ամեն դեպքում, Չախալյանը չի ընկճվում, նա ամուր մարդ է, Վրաստանում էլ երկար տարիների կալանքի տակ է եղել: Ապրում ենք մի երկրում, որտեղ պայքարի դուրս եկած ցանկացած մարդ պետք է պատրաստ լինի ցանկացած նման իրավիճակի: