Իրավապաշտպան, փաստաբան Զարուհի Փոստանջյանի շնորհիվ հայտնի դարձավ մի զարհուրելի դեպքի մասին, որը տեղի է ունեցել փետրվարին, եւ որի շուրջ պետական մարմինները, առողջապահության նախարարությունը մինչ օրս լռել են:
Չորս երեխաների մայրը, որի անունը հարազատները չեն ցանկանում հայտնել, մահացել է վիրահատական միջամտությունների արդյունքում:
Վիրահատությունը տեւել է մոտ 8 ժամ եւ արվել է «Ուիգմոր» կլինիկայում, որտեղ անգամ տարրական վերակենդանացման բաժանմունք չկա: Ավելին, ըստ մեր տեղեկությունների, երբ հիվանդի վիճակը վատացել է, «Ուիգմոր Քլինիք»-ի բժիշկներն արգելել են նրան տեղափոխել «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Հարազատի ամուսնու պնդմամբ, միայն մահից 3-4 ժամ առաջ են թույլ տվել, որ հիվանդին «Էրեբունի» տանեն։ Երբ պարզ է եղել, որ կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է, եւ նրա կյանքին վտանգ է սպառնում, տարել են «Էրեբունի», որտեղ էլ նա մահացել է: «Էրեբունի» ԲԿ-ն տեղեկացրել է իրավապահներին պացիենտի մահվան մասին, որից հետո քրեական գործ է հարուցվել՝ բժշկական սխալի փաստի առիթով:
Զարուհի Փոստանջյանը չի ցանկանում նշել, թե հատկապես ինչ վիրահատական միջամտություններ են կատարել՝ պահպանելով բժշկական գաղտնիքը, բայց ասում է՝ դրանք եղել են լայնածավալ, միաժամանակ մի քանի միջամտություն է կատարվել, ինչն անթույլատրելի էր: «Այսօր մենք անգամ փորձաքննական եզրակացություն չունենք, չնայած դեպքից անցել է 5 ամիս: Նման դեպքերում կարելի էր 1-2 ամսում ունենալ դատաբժշկի եզրակացություն: Այսինքն՝ պետությունն իր պոզիտիվ պարտականությունները Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածի իմաստով չի կատարում, պատշաճ քննություն չի իրականացնում, որում այս փորձաքննությունը ելակետային է»,- ասում է Զարուհի Փոստանջյանը: Չկա ո՛չ դատաբժշկի եզրակացություն, ո՛չ մեղադրյալ:
«Չնայած նրան, որ նախաձեռնված է քրեական վարույթ, որը վերաբերում է բժշկական սխալի հետեւանքով մահվանը եւ փաստաթղթերի կեղծմանը, սակայն այլ ուղղություններով՝ հնարավոր կոռուպցիայի, կամ թե որքան գումար են վերցրել այս վիրահատության համար, ուր է գնացել, իսկ գումարն ահռելի է եղել, ինչո՞ւ է այս ծավալի վիրահատություն միանգամից իրականացվել, եւ արդյոք լիցենզիան օրինակա՞ն է տրված եղել կլինիկային, թե՞ ոչ, եւ ամենակարեւորը՝ ինչո՞ւ են դեպքից մեկ ամիս անց այդ հիվանդանոցին թարմ լիցենզիա տրամադրել՝ մեջը նշելով տարբեր ծառայություններ, այդ թվում՝ նաեւ բարդ վիրահատություններ: Մինչդեռ, իմ պատկերացումներով, թեեւ ես մասնագետ չեմ, բայց Պուշկինի 56 հասցեում չի կարող գործել այդպիսի բարդ վիրահատական ծառայություններ մատուցող հիվանդանոց, քանի որ հիվանդանոցները պետք է լուրջ հագեցվածություն ունենան, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունք, որն «Ուիգմորում» չի եղել»,- ասում է իրավապաշտպանը:
Նա օրերս է ներգրավվել որպես հանգուցյալի ամուսնու ներկայացուցիչ եւ համարում է, որ վարույթը պետք է հարուցված լիներ 2 հիմքով: «Ոչ միայն այն հիմքով, որ բժիշկը չի ունեցել համապատասխան որակավորում, եւ փաստաթղթեր են կեղծվել: Մինչեւ այդ բժշկին հասնելը հիվանդանոցն անցնում է լիցենզավորում, որն իրականացնում է պետությունը, ի դեմս առողջապահության նախարարության: Նախարարությունը, առողջապահական տեսչությունը պետք է ստուգումներ իրականացնեին»,- «Հրապարակի» հետ զրույցում նշում է Զարուհի Փոստանջյանը:
Նա հայտնում է նաեւ, որ բազմազավակ մայրը չի ստորագրել վիրահատության վերաբերյալ պայմանագրի տակ: Նրա փոխարեն ստորագրություն են վերցրել նրա 18-ամյա երեխայից: Ընդ որում, պայմանագրի տակ նշված չի եղել նաեւ վիրահատության իրական արժեքը: «Այստեղ, հավանաբար, մեծ գումարների մասին է խոսքը, որոնք թաքցվել են, հետեւապես, այստեղ ե՛ւ ՊԵԿ-ը, ե՛ւ առողջապահության նախարարությունը, ե՛ւ լիցենզավորման վարչության պետ Վահե Ալեքսանյանը ունեցել են իրենց անելիքը: Եվ փոխանակ բժշկի լիցենզիան դադարեցնեն, դեպքից մեկ ամիս անց նրան կրկին լիցենզիա են տվել»,- ասում է փաստաբանը:
Ի դեպ, վիրաբույժը, որը կատարել է ճակատագրական վիրահատությունը, փախած է: Մենք զանգահարեցինք ԱՆ լիցենզավորման վարչության պետ Վահե Ալեքսանյանին՝ խնդրելով պատասխանել, թե ինչու են «Ուիգմորին» բարդ վիրահատությունների լիցենզիա տվել, երբ կլինիկան չունի տարրական պայմաններ, վերակենդանացման բաժանմունք: Սակայն նա մեր զանգերին չպատասխանեց:
Առողջապահության նախարարությունից մանիպուլյատիվ պատասխան ստացանք, որը վերաբերում է ոչ այնքան դեպքի կոնկրետ հանգամանքներին, որքան օրենքի դրույթներին: ««Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն, «Ուիգմոր» կլինիկային տրված են վիրաբուժական եւ նաեւ մնացած լիցենզիաները: Ինչ վերաբերում է անժամկետ լիցենզիա տրամադրելուն, ապա դա ոչ թե կոնկրետ «Ուիգմորին» է տրված, այլ օրենքն է այդպիսին եղել, մինչեւ 2023 թվականի համապատասխան փոփոխությունը. հետայսու տրամադրվում է 5 տարի ժամկետով: Վերանայվելու են նաեւ նախորդները: Մնացածն իրավական դաշտում է, նախաքննության փուլում»: Այնինչ, մենք ընդամենը ուզում էինք իմանալ, թե ինչու է բժշկական սխալի հետեւանքով մահվան դեպքից մեկ ամիս անց այս հիվանդանոցին, որը չունի վերակենդանացման բաժանմունք՝ համապատասխան հագեցվածությամբ, կրկին վիրաբուժական լիցենզիա տրվել, եւ երկրորդ՝ ինչու ԱՆ-ն ուսումնասիրություններ չի իրականացրել դեպքի առթիվ:
Մեր աղբյուրից ստացած տվյալների համաձայն, «Ուիգմորը» թուղթ է ներկայացրել լիցենզավորման վարչությանն այն մասին, որ ունի վերակենդանացման բաժանմունք, սակայն վարչությունը չի ստուգել, թե արդյո՞ք իրականում այդ բաժանմունքը գոյություն ունի: Գուցե այն պատճառով, որ այդ կլինիկան արտոնյալ է, ահռելի գումարներ է ստանում պետությունից եւ հարկ եղած ժամանակ՝ նաեւ ինֆորմացիոն հովանավորություն, ինչպես այս դեպքում:
Հիշեցնենք․ «Ուիգմոր» բժշկական կենտրոնը, որի շահերը հաճախ է պաշտպանում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխկապակցված է նրա ընտանիքի հետ: Այս մասին բազմաթիվ վկայություններ կան մամուլում: Ինքը՝ նախարարը, ժխտում է իր կապն այս հաստատության հետ՝ ասելով, որ տարիներ առաջ «Ուիգմորի» շենքը պատկանել է իր մոր գլխավորած կազմակերպությանը, բայց այն վաղուց վաճառվել է:
Բաց մի թողեք
Իմ ամուսինն աղանդավոր չէ, կարող եմ կոնտակտները տալ՝ ինքը Ձեզ կբացատրի, բայց զգույշ եղեք՝ քարոզ չանի․ Ավանեսյան
Եթե հետապնդումը քաղաքական չլիներ՝ Սրբազանը վաղուց ազատության մեջ կլիներ
Հայտնի ՀԿ-ն ծածուկ նիստեր է անում․ Լուսանկար