29/07/2025

Կեղծ էջ՝ հայտնի բրենդի անվան տակ․ Megamall Armenia-ի անունից վառարաններ չեն բաժանվում

Facebook սոցիալական ցանցում բացվել է նոր էջ՝ «Megamall Armenia» անվամբ, որը հրապարակել է միայն մեկ գրառում՝ օգտատերերին կոչ անելով մասնակցել 175 վառարանների և լվացքի մեքենաների ակցիային, որոնք չեն վաճառվել «աննշան քերծվածքների և վնասվածքների պատճառով»։

«Մենք պատահականորեն կուղարկենք դրանք նրանց, ովքեր կմուտքագրեն @ տառը և կսեղմեն դրա վրա՝ այն ընդգծված տեսնելու համար։ Եթե այն կապույտ դառնա, դուք կմասնակցեք վիճակահանությանը մինչև հուլիսի 31-ը»,- նշված է հրապարակման մեջ։

Գրառումը տարածվում է շատ արագ՝ հավաքելով հազարավոր մեկնաբանություններ, կիսումներ ու հավանումներ. 20 ժամվա ընթացքում`ավելի քան 2000 հավանում, 8555 մեկնաբանություն և 1400 կիսում։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ֆեյսբուքյան էջն ու պարզել, որ այն ոչ պաշտոնական է և պարունակում է խարդախության մեծ ռիսկեր։

Ի՞նչն է կասկած հարուցում

• Էջը ստեղծվել է ընդամենը մեկ օր առաջ՝ հուլիսի 23-ին։ Մինչդեռ բոլոր հեղինակավոր ընկերությունների էջերը, այդ թվում՝ Megamall-ի պաշտոնական էջը, ստեղծվել են տարիներ առաջ և ունեն տեսանելի ակտիվություն՝ հրապարակումների պատմություն, հաղորդագրություններ, մեկնաբանություններ։

• «Էջի մասին» բաժնում բացակայում է որևէ կոնտակտային տվյալ՝ հեռախոսահամար, հասցե, էլեկտրոնային փոստ կամ հղում դեպի բրենդի պաշտոնական կայք։ Պաշտոնական էջերը սովորաբար պարտադիր տրամադրում են նման տեղեկություններ։

• Էջում առկա չեն օգտատերերի կարծիքներ կամ գնահատականներ, ինչը ևս վկայում է դրա նոր կամ կասկածելի լինելու մասին։

• Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ էջը՝ ներկայանալով որպես «MegaMall Armenia», ի սկզբանե ստեղծվել է հենց այս անունով։ Անվանման փոփոխություն կամ գովազդային արշավ մինչ այժմ չի իրականացվել։

• Էջը չունի բովանդակային արխիվ կամ շարունակական հրապարակումներ։ Ստեղծման պահից ի վեր տեղադրվել է միայն մեկ գրառում, ինչը խորթ է ակտիվ առևտրային կենտրոնի էջին բնորոշ վարքագծից։

Ինչո՞ւ են նման էջերը վտանգավոր

Նման էջերը կարող են վտանգ ներկայացնել օգտատերերի համար, քանի որ առաջին հայացքից վստահություն են ներշնչում՝ ներկայանալով որպես պաշտոնական կամ արժանահավատ աղբյուր։ Օգտատերերը կարող են առանց վարանելու ներգրավվել այդ «նվերախաղերին», մինչդեռ դրանց նպատակը կարող է լինել հետևյալը․

• Անձնական տվյալների հավաքում՝ սկզբում պահանջվում են անվանական տվյալներ, այնուհետև՝ հեռախոսահամար, բանկային քարտի տվյալներ և այլ զգայուն տեղեկատվություն։

• Ֆիշինգային հղումների տարածում՝ օգտատիրոջը ուղարկվում են կեղծ հղումներ՝ ձևացնելով, թե շահել է մրցանակ։ Հղումների միջոցով կարող են գողացվել մուտքագրած տվյալները։

• Ֆինանսական կամ վարկային խաբեություններ՝ կարող են առաջարկել «մրցանակի» առաքման անվան տակ վճարումներ, փոխանցումներ կամ վարկային տվյալների տրամադրում։

Megamall Armenia-ի պաշտոնական արձագանքը

«Փաստերի ստուգման հարթակը» նաև կապ է հաստատել Megamall Armenia-ի մարքեթինգային գծով փոխտնօրեն Նունե Խերիբեկյանի հետ, որը հաստատել է մեր կասկածներն այն մասին, որ նորաբաց էջը կեղծ է և կապ չունի կառույցի հետ։

Վերջինիս փոխանցմամբ՝ նախկինում ևս եղել են նմանատիպ դեպքեր, երբ կեղծարարները փորձել են սոցիալական հարթակներում օգտագործել հայտնի բրենդի անվանումը կամ նմանակել են բրենդի ապրանքանիշը՝ լոգոն։ Այս դեպքը, սակայն, առանձնանում է նրանով, որ առաջին անգամ է օգտագործվում բրենդի իրական լոգոն։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Megamall Armenia-ի մասնագետները արդեն աշխատում են Facebook-ի հետ՝ կեղծ էջը արգելափակելու ուղղությամբ։

Այսպիսով, մեր ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ նորաբաց էջը կեղծիսկ խաբեության զոհ դառնալու ռիսկի տակ գտնվողները՝ հազարավոր քաղաքացիներ։

Գայանե Մարկոսյան