Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ «խոսելու ցանկություն այլևս չունի» և նրան տասը-տասներկու օր ժամանակ է տվել, որպեսզի Ուկրաինայում հասնի հրադադարի համաձայնության:
Կրեմլի խոսնակ Պեսկովը Միացյալ Նահանգների նախագահի այս հայտարարությունը չի մեկնաբանել, միայն ասել է, որ այն «առնվել է ի գիտություն»:
Այս ֆոնին սուր բանավեճ է ծավալվել ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի և հանրապետական սենատոր Գրեմի միջև, կողմերը նույնիսկ պատերազմի և «դժոխային պատժամիջոցների» սպառնալիքներ են փոխանակել, հեռակա բանավեճի ընթացքում Մեդվեդևն ամերիկյան սենատորներին անվանել է «ծերուկներ», որ փոխանակ իրենց երկրի համար աշխատեն, միայն «պատերազմներ են հրահրում»:
Իրավիճակին յուրովի արձագանքել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը, որ մամուլի բյուրոյի միջոցով տեղեկություն է տարածել Ուկրաինայի նախագահ Զելենսկուն «փոխելու հարցով Ալպերում կայացած գաղտնի հանդիպման» մասին:
Ըստ այդմ, քննարկումները նախաձեռնել են Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան, իսկ ուկրաինական կողմից «մասնակցել են նախագահի Գրասենյակի ղեկավար Երմակը, Անվտանգության ծառայության տնօրեն Բուդանովը և Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Զալյուժնին»:
ՌԴ ԱՀԾ տեղեկություններով՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան առաջարկել են Զելենսկուն փոխարինել Զալյուժնիով, ինչին Երմակը և Բուդանովը «համաձայնել են՝ պայմանով, որ իրենք կպահպանեն ներկայիս պաշտոնները, իսկ կառավարության կազմավորմանը կունենա բավարար մասնակցություն»:
Գրեթե ակնհայտ է, որ Նարիշկինի «կոնտորայի» անունից տարածված այս տեղեկությունը բացառապես քաղաքական է: Financial Times-ի մեկնաբանի հայացքով՝ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի «հարցում չափազանցված լավատեսություն է ունեցել»:
Իհարկե, այնպես չէ, որ Ռուսաստանն ընդունելու է Թրամփի «վերջնագիրը» կամ վերջինս տասներկու օրից հետո Պուտինի հետ բոլոր կապերը խզելու է, բայց իրավիճակը, կարծես, մոտենում է «սահմանայինի», և գոնե միջանկյալ կարգավորում պետք է գտնվի:
Հուլիսի 28-ին կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների «հերթական փուլն ամենամոտ ապագայում դարձյալ կկայանա Ստամբուլում»:
Էրդողանը, ընդսմին, հատուկ ընդգծել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների միջնորդ «մնում է Թուրքիան»:






Բաց մի թողեք
Բաքուն բզբզում է, իբր «Հանուն Իսրայելի հետ մերձեցման Հայաստանը զոհաբերում է Իրանի շահերը»
ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի և Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի միջեւ «մրցակցություն է սկսվել»
Լիբիական ինքնաթիռի «հարձակմամբ սարքել են Թուրքիայի գլխին»