Դեռ ինչքա՜ն ուղերձներ ենք լսելու այս մեկ տարուց պակաս ժամանակում: Ինչքա՜ն հարցազրույցներ ու լայվեր է անելու երկրի առաջին դեմքը, ինչքա՜ն ստատուսներ է գրելու եւ իր նախորդ հայտարարությունները հերքող հայտարարություններ է դեռ հնչեցնելու:
Հրապարակ թերթը գրել է․ Ինչքա՜ն հոլովակներ են նկարելու ամուսիններով եւ դեռ ինչքա՜ն են կրթելու ու կրթվելու… Այնպես որ, մեզ առաջիկայում ամուր նյարդեր, անսասան կամք, փիառը՝ իրականությունից, կեղծիքը` ճշմարտությունից զատելու խելք է հարկավոր, որ դիմանանք այս տեկտոնական շարժերին եւ հասկանանք, որ կան մարդիկ, որոնք հանուն իշխանության ունակ են ամեն ինչի:
Ու քանի որ «կրեատիվությամբ» Նիկոլ Փաշինյանին հասնող չկա, ուրեմն պետք է պատրաստ լինենք՝ ականատես լինելու ամենաանսպասելի դրսեւորումներին:
Մի օր նա ներողություն կխնդրի` զղջում բեմադրելով իր ասածների համար, հաջորդ օրն ավելի վատ խոսքերով կդիմի մեկ այլ անձի կամ խմբի:
Մի օր ոտքով աշխատանքի կգնա` հանրային տրանսպորտից օգտվելով, մյուս օրն ամբողջ ազգուտակին կնստեցնի թիվ 1 բորտն ու կտանի, ասենք, Զանզիբար` հանգստանալու: Մի օր Պուտինին կհայհոյի, մյուս օրը` Թրամփին, հաջորդ օրը` Մակրոնին չի խնայի:
Մե՛կ Էրդողանին կընդունի իր հարկի տակ` նրա գիրքը սրտին սեղմած, բայց մյուս օրն էլ կարող է Մոնթեին գովաբանել, ԱՍԱԼԱ-ի հերոսներին հիշել ու նրանց արձանը կանգնեցնել:
Մե՛կ կհայտարարի, որ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, հաջորդ օրը ՆԱՏՕ մտնելու մասին կազդարարի: Մի օր Մադոննա կբերի Հայաստան, հաջորդ օրը` Ալլա Պուգաչովային ու Կիրկորովին: Մե՛կ կասի՝ ես խաղաղարար եմ, մյուսը օրը պատերազմի հրձիգ կդառնա ու զինվորական հագուստով սահման կմեկնի: Նորանոր մարդիկ կհայտնվեն բանտերում, բայց նախկին բռնածներից մի մասին էլ անսպասելի բաց կթողնի:
Եվ այդ ամենը ոչ միայն փիառի, ռեյտինգ բարձրացնելու, այլ նաեւ հասարակությանը շփոթեցնելու, ապակողմնորոշելու, նաեւ` հիասթափեցնելու, հուսահատեցնելու համար:
Մեր հասարակությունը պետք է հիմա բարձրացնի իր իմունիտետը, փորձի այս փիառին, հիբրիդային պատերազմին, հոգեբանական գրոհներին եւ ուղերձներին թեթեւ վերաբերվել` դրանցից ո՛չ ուրախանալ, ո՛չ տխրել, ո՛չ դրանց մեծ իմաստ վերագրել, ո՛չ էլ դրանցից հուսահատության մատնվել:
Հանճարեղ Թումանյանի Համբոյի ոգով ամփոփեմ` երբ Գիքորին խրատում էր. «Քեզ լավ պահի, գիշերները բաց չըլես, մրսես ոչ… կերակուրի թերմացքը կտան, շատ անգամ իրանք կուտեն, քեզ տալ չեն, բան չկա, ծառայի կարգն էդ ա․․․ Օրեր են, կմթնեն, անց կկենան․․․»: ՀՀ քաղաքացի ջան, պետք է դիմանաս այս ահեղ փորձությանը, որը կոչվում է նախընտրական տարի:
Ոչ միայն դիմանաս, այլեւ փորձես ճիշտ կողմնորոշվել եւ գոնե այս անգամ ճիշտ ընտրություն կատարել` ձախողված իշխանություններին ասել «ոչ», հերթական «փրկչին» չընտրել, այլ ընտրել այն ուժերին, որոնք ունակ են մեր երկրում ինչ-որ բան փոխել: Մեր փրկությունը պոտենցիալ ունեցող մի քանի ուժերից կազմված կոալիցիոն կառավարման ուղին է:
Բաց մի թողեք
«Էլվինա Մակարյան. չկայացած համերգ», որ տեղի ունեցավ 18 տարիներ անց․ Լուսանկար
Իշխանությունները Արկադի Դումիկյանի համերգի տրամադրությունների մեջ են
Ով է 30 տարի ՀՀ ԱԱԾ-ում ծառայած Վայոց Ձորի մարզպետը եւ ինչ է հայտարարագրել․ Լուսանկար