25/08/2025

Հայատյաց քաղաքականությունն Ադրբեջանում չի դադարել, իրենց համար մենք թշնամի ենք

Հայաստանում իշխող տպավորություն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միայն քառասունչորսօրյա պատերազմից հետո է «լեզու առել» և բարձրացրել «պահանջատիրական հարցեր»:

Այս նարատիվը տարածում են նաև մարդիկ, որ հանդես են գալիս որպես «ադրբեջանագետ»: Նրանք կամ Ադրբեջանի քաղաքական իրականությանը ծանոթ չեն, կամ այն «միտումնավոր նենգափոխում են»:

Բաքվի պետական տոնացույցում դեկտեմբերի 31-ը նշվում է որպես «Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օր»: Այդ մասին հրամանագիր 1993 թվականին ստորագրել է Հեյդար Ալիևը:

1989 թվականի դեկտեմբերի 31-ին Նախիջևանի հատվածում տասնյակ հազարավոր մարդիկ ավերել են խորհրդա-իրանական սահմանը, անցել Արաքսը: Այսպիսով, տոնը խորհրդանշում է Ադրբեջանի և իրանական Ատրպատականի միավորման ազգային իղձը:

Ադրբեջանում իշխող կուսակցությունը Հեյդար Ալիևի կողմից հիմնադրվել է 1992 թվականին՝ Նախիջևանում: Նրա անվանումը՝ «Նոր Ադրբեջան», քաղաքական գաղտնագիր է, խորհրդանշում է 1918-20 թվականներին գոյություն ունեցած ԱԴՀ հետ ժառանգական կապը:

1993 թվականին վերադառնալով իշխանության, Հեյդար Ալիևը, որպեսզի միջազգային հարաբերություններում պահպանի իր կուսակցության «ազգային-պահպանողական» վարկանիշը և հատկապես Իրանի հետ խնդիրներ չունենա, բայց և միաժամանակ ակտուալ պահի «բաժանված ազգի միավորման» գաղափարը, ստեղծել է քաղաքական մի քանի ուժեր:

Դրանցից առավել հայտնի են «Միասնական Ադրբեջան», «Ամբողջական Ադրբեջան», «Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ» և «Իրավունք և արդարություն» կուսակցությունները:

Առաջին երեք ուժերը հանդես են եկել որպես «ռուս-պարսկական ապօրինի պայմանագրով մասնատված Ադրբեջանի ամբողջականությունը վերականգնելու, բաժանված ազգը միավորելու» քարոզչության կրողներ: Նրանց աջակցել են մի քանի ՀԿ-եր:

«Իրավունք և արդարություն» կուսակցությունն ստեղծվել է Հեյդար Ալիևի ուղղակի հրահանգով, որ իրականացրել է առողջապահության նախարար Ալի Ինանովը: Ինսանովը ծագումով Հայաստանից է, նրա կուսակցության անդամների մեծամասնությունը՝ նույնպես:

Կուսակցության անվանումը գաղտնագրում է «արդարության վերականգնում և Հայաստան վերադարձի իրավունքի իրացում» նպատակը:

Ճիշտ է, Իլհամ Ալիևի նախագահության շրջանում Ինսանովը զրկվել է նախարարի պաշտոնից, կոռուպցիայի մեջ մեղադրանքով դատվել և ենթարկվել տասնամյա ազատազրկման, բայց դրանից «Իրավունք և արդարություն» կուսակցությունը չի տուժել, նրա անդամները մշտապես սատարել և սատարում են Իլհամ Ալիևին:

Քաղաքական այս «ուղեկիցների» հետ ի՞նչ է անելու Իլհամ Ալիևը, բարդ է ասել: Բայց որ Հայաստանի նկատմամբ «օրինական պահանջներ» Ադրբեջանի քաղաքական կյանքում գեներացվել են 1988 թվականի փետրվարի 20 –ից սկսած՝ փաստ է:

Միջպետական հարաբերությունների հաստատման դեպքում այդ քարոզչությունը կդադարի՞: