27/08/2025

Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի համագործակցությունը նոր մասշտաբ է ստանալու․ Էրդողան

Նախօրեին՝ օգոստոսի 25-ին Թուրքիայի Ահլաթ քաղաքում տեղի է ունեցել կառավարության նիստ, որից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել եյույթով․

«Օգոստոսի 22-ին՝ ուրբաթ օրը, մեր երկրի հետ միասին Հարավային Կովկասի համար  ռազմավարական նշանակություն ունեցող մի նախագծի հիմքը դրեցինք։ Ապրեցինք Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգծի կառուցման աշխատանքներին մեկնարկ տալու հպարտությունը, որը բացելու է Զանգեզուրի միջանցքի դուռը։

Գիտեք, որ Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է և իր բոլոր տարրերով նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ է ստանալու»,-հայտարարել է Էրդողանը, որի խոսքերը մեջբերում է Էրմենիհաբեր-ը:

Նա նշել է, որ այս նախագծի ողնաշարը հանդիսացող 224 կմ երկարությամբ Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը կառուցվելու է զույգ գծով, էլեկտրաֆիկացված և ազդանշանային համակարգով։ Գծի շնորհիվ տարեկան 5․5 մլն ուղևոր և 15 մլն տոննա բեռ է տեղափոխվելու։

Ընդհանուր 2․4 մլրդ եվրո կազմող նախագծի շահագործմամբ Չինաստանից-Անգլիա հասնող միջազգային առևտրային գիծն ավելի արդյունավետ է դառնալու։

Բացի այդ, ըստ Էրդողանի, նախագիծը, միավորելով Միջերկրական ծովի և Կասպիցի ավազանները, մեծ ներդրում է ապահովելու Թուրքիայի արևելյան և հարավարևելյան Անատոլիայի շրջանների արտադրական հզորությանը, արտահանմանը, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը։

«Թող և՛ մեր երկրի, և՛ մեր տարածաշրջանի համար մեծ կարևորություն ունեցող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը շնորհավոր լինի»- ընդգծել է Թուրքիայի նախագահը։