17/09/2025

Մերձավոր Արևելքում կարգավորումը մտնում է փակուղի, ելքը` ավելի լայնածավալ պատերազմն է

Դոհայում ՀԱՄԱՍ-ի նստավայրի իսրայելական հրթիռակոծման առթիվ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցցանցային գրառում է կատարել, որտեղ Իսրայելի վարչապետ Նաթանյահուին անվանել է «խելագար», իսկ նրա կառավարության գործողություններն «ավազակություն»:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան բոլոր միջոցներով սատարել և սատարելու է պաղեստինցի քույրերին և եղբայրներին:

Turkiye պարբերականը, հղելով ՀԱՄԱՍ-ի աղբյուրներին, գրում է, որ Թուրքիայի MIT-ը հետախուզական տվյալներ է փոխանցել Դոհայում գտնվող պաղեստինյան պատվիրակությանը, անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել մեծաթիվ զոհերից:

Այն, որ ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի առաջնորդների մեծ մասը փրկվել է, անուղղակի հաստատում են նաև իսրայելական աղբյուրները: Ynet-ը, հղում անելով իսրայելցի մի դիվանագետի, գրում է, որ ահաբեկիչները կոչնչացվեն, որտեղ էլ որ գտնվեն:

Turkiye իշխանամերձ թերթը գրում է, որ ՀԱՄԱՍ-ի մի քանի առաջնորդներ, հնարավոր է, Դոհայից տարհանվել են Թուրքիա: Էրդողանը լիակատար աջակցություն է հայտնել Կատարի ինքնիշխանությանը:

Արևմտյան մամուլում տեղեկություն է հայտնվել, որ ԱՄՆ նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր ալ-Թանիի հետ և խնդրել, որ նա շարունակի իսրայելա-պաղեստինյան բանակցությունների միջնորդությունը:

Դա նշանակում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները պետք է շարունակեն մնալ Դոհայում, բայց իսրայելական կհրթիռակոծումից հետո հազիվ թե մոտ ապագայում բանակցություններ սկսվեն:

Անհավանական չէ, որ Թուրքիան օգտագործի առիթը և ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ապաստան տա իր տարածքում: Այդ դեպքում իսրայելա-պաղեստինյան կարգավորման գործընթացը կկենտրոնանա Թուրքիայում:

Ըստ երևույթին՝ այդ հնարավորությունը բացառելու համար է ԱՄՆ նախագահը Կատարի էմիրին հորդորել չդադարեցնել իսրայելա-պաղեստինյան բանակցություններին միջնորդությունը:

Բայց եթե ՀԱՄԱՍ-ի առաջնորդներն արդեն տարհանվել են Թուրքիա, ապա նրանց Դոհա վերադարձը հազիվ թե հնարավոր է գոնե տեսանելի ապագայում: Մերձավոր Արևելքում կարգավորումը մտնում է փակուղի, որից ելքը, հավանաբար, ավելի լայնածավալ պատերազմն է: