27/09/2025

Ամեն մեկին տրված չէ՝ ցեղասպանության հիշատա՞կը կհարգեն, թե՞  թուրքերի հետ բարեկամության կենացը կխմեն

Այս իշխանության բերած աղետների մասին կարելի է հատորներ գրել, բայց դրանք տարբեր մարդկանց վրա տարբեր կերպ են ազդում, իսկ ոմանց վրա բոլորովին չեն ազդում:

Հրապարակ թերթը գրել է․ Ամեն մեկին տրված չէ հայրենիքի ամեն թիզ հողի, ամեն զոհված երիտասարդի համար ցավ ապրելն ու ափսոսանքի զգացում ունենալը: Ամեն մեկը չի գիտակցում, թե սոսկ քննադատական խոսքի համար մարդկանց, այն էլ` սրբազաններին դատելն ինչքան ստոր արարք է:

Ամեն մեկին հասու չէ, որ Սահմանադրություն ոտնահարելը, այն էլ` Սահմանադրության տառը պահպանելու պարտավորություն ունեցող պաշտոնյայի` վարչապետի կողմից, անթույլատրելի բան է: Ամեն մեկը չի կարողանում վերլուծել վերջին տարիներին կատարված իրադարձությունները, եւ բոլորը չէ, որ տեսնում են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների խոսքի-գործի եւ մեր գլխին թափված աղետների միջեւ եղած ուղիղ կապը:

Ավելին` մեծ թվով մարդիկ իրենց գյուղի 100 մետր ասֆալտապատված փողոցն ու գույնզգույն ներկված մանկապարտեզն են միայն տեսնում, իսկ թե Ալիեւի պահանջով Հայաստանի մայր օրենքը` Սահմանադրությունը կփոխվի, Անկախության հռչակագրից կհրաժարվենք, կամ Մեղրիից մինչեւ Երասխ թուրքն անարգել կերթեւեկի, նրանց քիչ է հետաքրքրում:

Ինչքա՜ն մարդիկ կան մեր շրջապատում, որոնց համար լրիվ մեկ է` Այբբենարանում Մեսրոպ Մաշտոցի՞ նկարը կլինի, թե՞ Նարինե Աբգարյանի, իրենց պատերին` Մասիս սարի պատկե՞րը կփակցնեն, թե՞ Արագածի, ցեղասպանության հիշատա՞կը կհարգեն, թե՞  թուրքերի հետ բարեկամության կենացը կխմեն:

Ի վերջո, այս բոլոր արժեքներն ու ավանդույթները նաեւ պետական քարոզչության, ազգային սովորույթների, դպրոցական կրթության հետեւանք են: Չես քարոզի, չես ուսուցանի, չես հարգի` մեկ էլ կտեսնես՝ դրանք վերացել են, իրենց տեղը զիջելով ապազգային դրսեւորումներին: