28/09/2025

Այսօր խորհրդարանում նորից թեժ է լինելու, տեղ-տեղ էլ՝ բորբ ու հրաբորբ

Այսօր խորհրդարանում նորից թեժ է լինելու, տեղ-տեղ էլ՝ բորբ ու հրաբորբ, քանի որ ընդդիմադիր «ամբոխները խելագարված» հավաքվելու են ու վճռելու հերթական անգամ «ողջակիզել»՝ անվստահություն հայտնել վարչապետին։

ՊՈՒ-ն, ինչպես գիտենք, որոշել է լուծել խորհրդարանական ընդդիմության «պարապ վախտի խաղալիք»-ի հարցը և շրջանառության մեջ է դրել հայտարարության նախագիծ՝ «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին», որում մարտահրավեր է նետել Սալվադոր Դալիի սյուրռեալիզմին՝ «վրձնելով» երկրում տիրող իրավիճակը։

Թե. «Այսօրվա կառավարիչների գործունեությունը հանգեցրել է համակարգային ճգնաժամի պետական կառավարման բոլոր մակարդակներում։ Այդ քաղաքականությունն աղետալի հետևանքներ է ունեցել ազգային անվտանգության, պետական ինքնիշխանության, ժողովրդավարության, սոցիալ-տնտեսական և ազգային կյանքի բոլոր ոլորտներում՝ լրջագույն խնդիրներ առաջացնելով ՀՀ-ի համար, վտանգի տակ դնելով նաև երկրի ապագան»։

Սերժ Սարգսյանի կուրացիայի տակ գործող խմբակցությունը՝ սանիկ Հայկ Մամիջանյանի միջոցով, բռնություն կիրառելով սեփական ուղեղի նկատմամբ, մեկիկ-մեկիկ թվարկել է մի շարք «ոլորտային ձախողումներ»՝ «նահանջ ժողովրդավարությունից և մարդու իրավունքների համատարած խախտումներ՝ քաղաքական բանտարկյալների առկայություն», «հիմնարար ազատությունների, այդ թվում՝ խոսքի, հավաքների, մամուլի ազատության վրա իշխանությունների կողմից համակարգված հարձակում», «խաղաղ հավաքների անօրինական սահմանափակում՝ հաճախ կիրառելով անհամաչափ ուժ և բռնաճնշում», ինչը, ըստ Մամիջանյանի և նրա խմբակի, «կաշկանդում է հանրային դիսկուրսը», «ծաղկող կոռուպցիա և հովանավորչություն», «ոչ թե արժանիքների, այլ՝ ծառայամտության վրա հիմնված կադրային քաղաքականություն», արտաքին քաղաքականության ոլորտում «արկածախնդրություն և միակողմանի զիջումներ», «միջազգային ասպարեզում երկրի դիրքերի էապես թուլացում» և այլն և այլն… Այսքանը կարդալուց հետո այլ բան չի մնում, քան փռթկալն ու «ֆիրմեննի» հոգոցը հանելը՝ յա, իրո՞ք։

Տիկնայք և պարոնայք ՊՈՒ-ականները մտահանգել են՝ Նիկոլ Փաշինյանը «անդառնալիորեն կորցրել է իր լեգիտիմությունը, նրա պաշտոնավարումը գոյության սպառնալիք է ՀՀ-ի համար»։ Եվ ուրեմն, ինչ պետք է անե՞լ, այո՛, «խոդի տալ» սեփական՝ «փթթած, ծաղկած» լեգիտիմությունն ու Փաշինյանին փորձել «տուն» ուղարկել։

Իսկ որպեսզի դա տեղի ունենա, ՊՈՒ-ն ակնկալում է, որ վարչապետին անվստահություն հայտնելու գաղափարի շուրջ տեղի կունենա «պատգամավորների կոնսոլիդացիա», և կոչ է անում «միավորվել իշխանափոխության այս պահին ամենաիրատեսական եղանակի՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ»։ Հընթացս փչացնենք ՊՈՒ-ի տոնն ու հուշենք, որ ամենաիրատեսական եղանակը եղել է և կա մեկը՝ եթե իշխող մեծամասնությունը, տեղի տալով իրեն ընտրած ժողովրդի պահանջին, որոշի սեփական նախաձեռնությամբ անվստահություն հայտնել։ Մի բան, որի նախադրյալները, հիասթափեցնենք ընդդիմությանը, չկան ու չեն եղել այս ընթացքում։

Իշխանափոխիչները, նկատենք, հայտարարության տեքստը քերթելիս չեն զլացել դիմել պլագիատի՝ «թխելով» ձախողված շարժման՝ ՀՓՇ-ի խոստումը՝ ձևավորել անցումային կառավարություն և, ի թիվս այլ անելիքների, ուշադրություն, «կազմակերպել ազատ, արդար և մրցակցային ընտրություններ»։

Ակնհայտ է՝ քերթողները՝ տեքստի հեղինակները, առաջնորդվել են «որքան լպիրշ(չ), այնքան տպավորիչ» սկզբունքով, այլապես «ազատ, արդար» բառերը «ընտրություն» բառի կողքին չէին դնի՝ երբ բանը հասնում է նրան, որ այդ բանը՝ ընտրությունների կազմակերպումը, վստահվի իրենց։

Ինչևէ։ Նշենք, որ ՊՈՒ-ի կազմակերպած ավանտյուրային մասնակցելու հրավեր է ուղարկել վարչապետի թեկնածու, Մասիսի քաղաքապետ, սպորտսմեն, կոմերիտական և վերջապես թիկնավետ դյուցազն Դավիթ Համբարձումյանը։ Նա իրեն լսող «հեռու, մոտիկ ընկերներին, աշխարհներին, արևներին, հրանման հոգիներին» ուղերձ է փոխանցել. «Սա ընդամենը քաղաքական օրակարգ չէ։ Սա կենսական անհրաժեշտություն է, որի ձգձգումը հղի է անդառնալի հետևանքներով», և այսօր ժամը 12-ին «ժամո» արել ԱԺ շենքի դիմաց՝ «խելք խելքի, ուս ուսի տալու և միասին Հայաստանի գալիք հաղթանակների հիմքը դնելու»։ Խելքի աշեցեք։

Տեղեկացնենք ՊՈՒ-ի «հրավիրատոմսը» ստացել ու «օկ» է ասել խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը։ Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Сivic.am-ի հետ զրույցում ասաց՝ որոշ պատգամավորներ, այո՛, կմասնակցեն լսումներին՝ հավելելով. «Լսումներ է իրականացնում ընդդիմադիր և մեզ հետ լավ հարաբերություններ ունեցող (խեր լինի-խմբ.) «Պատիվ ունեմ»-ը, և մասնակցելու ենք, իհա՛րկե»։ Թե ովքեր են մասնակցելու, քանի հոգի՝ Օհանյանը թիվ չասաց՝ «քանի հոգի կլինենք, կլինենք»՝ ասաց։

Ի դեպ, նախկին ՔՊ-ական, այժմ անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանն էլ հավաստիացրեց, որ իր ֆիզիկական ներկայությունը կապահովի լսումներին, քանի որ կողմ է վարչապետին անվստահություն հայտնելուն, բայց այ վարչապետացուի պահով ունի կոշտ առարկություն։ Ասլանյանհը հիշեցրեց՝ իրենք (ինքն ու նախկին ՔՊ-ական, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը) դեռ ամիսներ առաջ իրենց վարչապետի թեկնածուին են առաջադրել՝ ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանին, և շարունակում են սատարել նրա թեկնածությունը։

Հիշեցնենք՝ Մարուքյանի թեկնածության շուրջ խորհրդարանական ընդդիմությունն այդպես էլ կոնսենսուս չապահովեց, և անվստահության գործընթացը, ներողություն արտահայտության համար՝ «փոզմիշ» եղավ։

«Ես չեմ սատարելու Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, քանի որ գտնում եմ, որ նա այն դեմքը չի, որ հավակնի այդ պաշտոնին։ Ես շատ լավ գիտեմ, թե այդ անձնավորությունը իրենից ինչ է ներկայացնում։ Այդպիսի մարդու վստահել երկրի վարչապետությունը ես չեմ կարող։ Նրա գործունեությանը ծանոթ եմ դեռ հեղափոխության սկզբներից, հիշում եմ նրա գործողություններն ու մոտեցումները։ Եվ հետո՝ կներեք, նրա գիտելիքներն ու կարողություններն ինձ հավատ չեն ներշնչում։ Մեր առաջարկն Էդմոն Մարուքյանի թեկնածության հետ կապված մնում է ուժի մեջ։ Թող այ իրենք՝ ՊՈՒ-ն ու «Հայաստան»-ը, գան, միանան մեզ, որովհետև մեր թեկնածուն, անկախ ամեն ինչից, մի քանի գլուխ գերազանցում է Համբարձումյանի կարողություններին և հասկացողություններին»։

Հովիկ Աղազարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ մասնակցելու է լսումներին, նույնիսկ ելույթ է ունենալու, սակայն ինքը ևս առարկություն ունի վարչապետացուի մասով։ Նկատեց՝ ԱԺ ընդդիմությունը ամիսներ առաջ հազիվ գտել էր կոնսենսուսային թեկնածու՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որին կողմ էին ԱԺ երկու խմբակցությունները (Մարուքյանի թեկնածության առաջադրման գործընթացին, նկատենք, «Հայաստան»-ը չմիացավ), սակայն վերջինս կտրականապես մերժեց վարչապետի թեկնածու դառնալու առաջարկը։ «Մենք որևէ հիմնավոր պատճառ չենք գտնում, որ պետք է հրաժարվենք մեր թեկնածուից։ Մենք ինչո՞ւ չենք խանդավառված, որ թեկնածուն լինի ՊՈՒ-ի թեկնածուն։ Քանի որ ՊՈՒ-ն, ըստ էության, ՀՀԿ-ն է, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, Սերժ Սարգսյանը եղել է երկրի ղեկավար՝ գիտենք երբ։ Իսկ 1995-ից մինչև իշխանափոխություն բոլոր ընտրությունները կեղծվել են։ Մենք մտահոգություն ունենք, որ այդ վատ ավանդույթը հետ բերվի, հետևապես էստեղ է մեր անհանգստությունը։ Եթե մենք 100 տոկոսանոց վստահություն ունենանք, որ դա չի լինի, էն ժամանակ հնարավոր է վերանայենք մեր տեսակետը։ Եվ Ռոբերտ Քոչարյանը, և ավելի վաղ Լևոն Տեր-Պետրոսյանը բոլորն իրենց ժամանակ ընտրվել են տոտալ կեղծիքների պայմաններում։ Երբ ես նման բան էի ասում, առարկում էին՝ ապացույցներ բեր։ Ես էլ արձագանքում եմ՝ եթե այդպես չլիներ, հեղափոխություն տեղի չէր ունենա»,- պարզաբանեց Աղազարյանը։

Նկատեցինք՝ ՊՈՒ վերոհիշյալ հայտարարության մեջ դրա հեղինակը խոստանում է կազմակերպել ազատ, արդար ընտրություններ, ինչին անկախ պատգամավորն արձագանքեց․ «Ես համաշխարհային պատմության մեջ չեմ հիշում դեպք, երբ որևէ քաղաքական ուժ, անկախ նրանից՝ իշխանություն է, թե ոչ, ասի՝ սիրելի ժողովուրդ, ես պատրաստվում եմ կեղծել ընտրությունները։ Ինչ վերաբերում է ժամանակավոր կառավարության ձևավորմանը, ապա այն այնպես պետք է ձևավորվի, որ որևէ քաղաքական ուժ վերմակն իր վրա չքաշի։ Իսկ ՊՈՒ-ի և «Հայաստան»-ի պարագայում այդ վտանգը կա»։

Որպեսզի վարչապետին անվստահություն հայտնելու և վարչապետի թեկնածու առաջադրելու հարցը մտնի ԱԺ օրակարգ, ԱԺ 36 պատգամավորի ստորագրություն է պետք։ Որոշումն ընդունված է համարվում, եթե կողմ է քվեարկել 54 պատգամավոր։

Այս պահին ՊՈՒ-ն, «Հայաստան»-ը, Աղազարյանն ու Ասլանյանը միասին ապահովում են անհրաժեշտ 36 ձայնը։ «Բայց ուզում եմ կրկնել՝ գործընթացը գլուխ բերել առանց ՔՊ-ական պատգամավորների ամբողջական կամ մասնակի համաձայնության՝ հնարավոր չէ»,- խորհրդարանական իր խանդավառ ընկերներին «լիկբեզ» արեց Աղազարյանը։

Դեհ, հետևենք իրադարձությունների զարգացմանը, այսինքն՝ թե ինչպես է ընդդիմությունը «հոծ խմբերով հազարանուն», «խայտաբղետ կրկեսի պես» ԱԺ նիստերի դահլիճում վերբալ ողջակիզման ենթարկում 680 հազար քաղաքացիների քվեով վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանին, տեսախցիկների առաջ հայրենափրկչի «պոզա» ընդունած մաղձաթափ լինում… ու խենթա-խելքամաղ եղած… «ցվրվում» տներով։

Հեղինե Մանուկյան