Այլեւս պարզ է, որ Հայաստանի այսօրվա քաղաքական դասը հայաստանյան գալիք ընտրությունները փորձելու է նոյեմբերի 9-ի փաստաթղթի եւ Թրամփի ուղու միջեւ ընտրության վերածել:
Հրապարակ թերթը գրել է․ Սակայն, իրականում, գալիք արտահերթ կամ հերթական ընտրություններում Հայաստանի ընտրությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթի եւ Թրամփի ուղու միջեւ ընտրությունը չի լինելու, որովհետեւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որպես հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղություն հաստատելու գործիք, այլեւս գոյություն չունի:
Եվ դրա գոյություն չունենալը ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի պարտությունն է: Հայաստանի պարտությունը 44-օրյա պատերազմն էր:
Իսկ ինչ վերաբերում է Թրամփի ուղուն, ապա դա եւս գալիք ընտրություններում չի կարող Հայաստանի «ընտրածը» լինել: Չի կարող, որովհետեւ Թրամփի ուղին ոչ թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի անդառնալիության կետն է, այլ՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում զիջումների գնալու Հայաստանի վերջնագիծը:
Վերջնագիծ, որը՝ պատերազմով թե առանց դրա, Հայաստանը չի կարող չպահել, Հայաստանը չի կարող զիջել:
Այս իմաստով, թերեւս, սխալվում է այս երկրի քաղաքական ընդդիմության այն հատվածը, որը փորձում է գալիք ընտրություններում Հայաստանի «ընտրելիքը» նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դարձնել: Բայց դա դեռ չի նշանակում, որ ճիշտը Թրամփի ուղին հայ-ադրբեջանական խաղաղության անդառնալիության կետը դարձնելն է:
Այս իմաստով, մեր երկիրն ու պետությունը վերջապես պետք է հասկանան, որ այսօրվա եւ առաջիկա տարիների Հայաստանի ընտրությունը ոչ թե նոյեմբերի 9-ի փաստաթղթի եւ Թրամփի ուղու, այլ այսօրվա Հայաստանի եւ ուժեղ բանակով ու արդյունաբերականացված տնտեսությամբ, ժամանակակից Հայաստանի միջեւ ընտրությունն է:
Եվ այս առումով, Հայաստանի համար ամենաանթույլատրելի սխալը, թերեւս, գալիք արտահերթ կամ հերթական ընտրություններում այսօրվա Հայաստանի եւ ուժեղ բանակով ու արդյունաբերականացված տնտեսությամբ Հայաստանի միջեւ ընտրություն կատարելու փոխարեն նոյեմբերի 9-ի փաստաթղթի եւ Թրամփի ուղու միջեւ ընտրություն կատարելն է:
Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաց մի թողեք
Սպանության իրական պատճառը երկրի մթնոլորտն է
Յոթուկես տարվա ղեկավար է, փոխնախագահների մակարդակն էլ չունի
Պատմական հաշտությունը կայացավ, մնաց՝ իմպիչմենթը