Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայից վերադառնալուց օրեր անց (այդպես էլ հստակ չասաց՝ Կիրիենկոյին հանդիպե՞լ էր, թե՞ ոչ) նորից ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում նրա արտաբերած «ունիկալ» մտքերը, արած «բացահայտումներն» ու հատկապես գաղտնազերծած պլանը, վստահաբար, ազդելու են իր ձևակերպմամբ՝ «այս պահի սոցիոլոգիայի» վրա՝ մի քանի տոկոսով ավելացնելով «Քաղաքացիական պայմանագրի» և վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։
Արդ, պետք է հորդորել նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին, որ նա էլ իր հերթին հուշի «շեֆին»՝ մինչև 2026 թվականի ԱԺ ընտրությունները հաճախակի ասուլիսներ հրավիրի՝ դրանից բխող ցանկալի հետևանքներով։ Ցանկալի՝ կառավարող ուժի համար։
Այժմ դառնանք «քոքամաշ» ռեյտինգով նախագահ Ռոբի քաղաքական հավակնություններին և այն պլանին, որի իրագործմամբ վերջինս մտադիր է… վերցնել իշխանությունը։ Այդ պլանի անունը պայմանականորեն դնենք «Գյումրի 2» և վերհիշենք ՀՀ երկրորդ քաղաքում տեղի ունեցած ՏԻՄ արտահերթ ընտրությունների ժամանակ բանեցված նախընտրական մարտավարությունն ու հետընտրական ելքը. «Մեր քաղաքը» դաշինքը, «Իմ հզոր համայնք»-ը և «Մայր Հայաստան»-ը ընտրություններին մասնակցեցին առանձին, սակայն ընտրություններից հետո քվեարկեցին Կոմկուսի ցուցակը գլխավորած Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալու օգտին։ Ստացվեց այնպես, որ քվեարկությանը մասնակցածների առավելագույն ձայները՝ 36.67%-ը ստացած ՔՊ-ն չստանձնեց քաղաքի կառավարումը, և ընտրողների մեծամասնության կամքին հակառակ քաղաքապետ «թագադրվեց» Վարդանիկը (պարոն Ղուկասյանը, ինչպես պարզվեց, չի նեղվում փաղաքշական «իկ»-ից, ուստի նրան հանգիստ կարող ենք «Վարդանիկ»-ով կոչել)։
Ահա, ոգևորված Գյումրիում ընդդիմության «խփած» «ջեք փոթից», Քոչարյանը հույս ունի, որ ՀՀ քաղաքացիներին հնարավոր կլինի ավելի մասշտաբային միջոցառման՝ համապետական ընտրությունների ժամանակ էլ «խաբս» տալ՝ մասնակցել ընտրական գործընթացին առանձին քաղաքական միավորներով, անցողիկ տոկոսներ «խփել», մտնել խորհրդարան ու… Здравствуйте, я ваша тётя!
«Այսօր երևում է երկու միավոր, որ մտնում են խորհրդարան, շատ քիչ են զիջում ՔՊ-ին, մեկը «Հայաստան» դաշինքն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանի ուժը»,- ասուլիսում ազդարարեց Քոչարյանը՝ հիմնվելով իր ասած «այս պահի սոցիոլոգիայի» տվյալների վրա։ Ենթադրաբար նախկին նախագահը նկատի ունի «իր սրտի» սոցիոլոգիական կազմակերպության՝ «Էմ Փի Ջի»-ի՝ մեկուկես ամիս առաջ հրապարակած տվյալները, ըստ որի՝ եթե առաջիկա կիրակի օրը լինեին խորհրդարանական ընտրություններ, ՔՊ-ի օգտին կքվեարկեր հարցվածների 17.3%-ը, 13.4%-ն էլ՝ Սամվել Կարապետյանի ստեղծելիք կուսակցության օգտին, իսկ ահա «Հայաստան» դաշինքի օգտին՝ 6.4%-ը։ Սոցհարցման նման տվյալները անասելի ոգևորություն են պարգևել նախկին նախագահին, որն էլ իր հետագա քաղաքական «գրանդիոզ պլանները» կառուցել է հիշյալ հարցման արդյունքների վրա։
Ինչն է ուշագրավ՝ մինչ Սամվել Կարապետյանի թիմը փորձում է դիստանցավորվել նախկին իշխանությունից, գրեթե երդվելով, որ նախկինների, այն է՝ անվանարկվածների, ձախողակների, արյան ու թալանի հետ նույնացվողների հետ կապ չեն ունենալու (մաքրամաքուր դեմքերով համալրված կուսակցություն են ձևավորելու), Քոչարյանը չի խորշում «փչացնել» Կարապետյանի «տոնը» (և ոչ միայն տոնը) ու «Հուդայի համբույր» է, որ շռայլում է ռուսաստանցի գործարարին։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե Կարապետյանի «Մեր ձևով»-ականները հայտարարել են, որ «չեն համագործակցելու նախկին նախագահների թիմերի հետ»՝ Քոչարյանը ուղղում մտցրեց։ Թե․ ««Մեր ձևով»-ը հայտարարել է, որ ներգրավելու են նոր դեմքերի, նոր խնդիրներ են առաջ քաշելու, խոսքը չէր գնում ընտրություններից հետո խորհրդարանում համագործակցելու մասին։ …Համագործակցել մի ուժի հետ, որը չի ուզում քեզ հետ համագործակցել, չի լինում այդպես, չի ստացվի։ Բայց դա արդեն մեր խնդիրը չէ։ Գյումրիի օրինակը, երբ բոլոր ուժերը հայտարարեցին, որ ՔՊ-ի հետ կոալիցիա չեն կազմելու, լավ մոտեցում էր։ Ես համոզված եմ, որ այստեղ նույն մոտեցումը կարելի է կիրառել, և արդեն, ըստ ձայների համամասնության, ձև չի լինելու չհամագործակցել խորհրդարանում։ Եթե այդ շարժումը որոշակի ձայներ հավաքի խորհրդարանում, որը բավարար չէ իրենց համար վարչապետի թեկնածու ունենալու, ասելու են՝ չէ, չենք ստեղծո՞ւմ։ Ուղղակի անհնար է սա։ Ստեղծվելու է մի վիճակ, երբ խորհրդարանում բոլոր ընդդիմադիր ուժերը ցանկություն են ունենալու համագործակցել և այլընտրանք չեն ունենալու դրան։ Սա այն դեպքն է լինելու, որ դու ստիպված ես լինելու գնալ համագործակցության։ Հիմա եթե Գյումրիում Մարտունն ու Վարդան Ղուկասյանը գնացել են համագործակցության, ո՞նց դա կատարվեց։ Այս ընդդիմադիր դաշտում այս կարգի բացասական վերաբերմունք ոչ մեկը չուներ։ Դրա համար պետք է լավ պատկերացնել, թե ինչ պրոցեսի մեջ ենք լինելու»։
Էլ ավելի բաց ու թափանցիկ, պարզ ու հասկանալի Քոչարյանը լինել չէր կարող։ Գալիք ԱԺ ընտրություններին, արդեն իսկ կարելի է ենթադրել, ականատեսն ենք լինելու ընդդիմադիր առնվազն երկու միավորի մասնակցության՝ Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան և մնացած ընդդիմադիր խառնամբոխը։ Մնում է պարզել՝ Քոչարյանն այս անգամ ո՞ր քաղաքական ուժին է որպես տրամպլին օգտագործելու՝ իր քաղաքական ամբիցիաները «մի վերջին անգամ» էլ իրացնելու համար։ Նորե՞ն զառամյալ ՀՅԴ-ին։ ՀՀ ընտրողը պետք է իմանա, որ ձայն տալով Ռոբերտ Քոչարյանին՝ ձայն է տալու Սամվել Կարապետյանին, կողմ է լինելու ողջ հանրապետության «գյումրիացմանը»։
Ի դեպ, քանի որ խոսք բացվեց սոցիոլոգիայի մասին, ապա մեր հերթին փչացնենք Քոչարյանի տոնը։ Ըստ միջազգային հեղինակավոր IRI-ի՝ 2025 թ․ հունիսին իրականացված հարցման տվյալները վկայում էին, որ երկրորդ նախագահի դրական վարկանիշը (այն է՝ հանրային աջակցության ցուցիչը) ողորմելի վիճակում է՝ 4 տոկոս։ Այս տոկոսը ընդդիմադիր լիդերության, այդ կարգավիճակում իրականացրած քարոզչական աշխատանքի ծայրահեղ անարդյունավետության, եթե չասենք՝ ձախողման վկայություն է։ Փաստորեն, 2021-ի հունիսից՝ ԱԺ վերջին ընտրություններից այս կողմ, անցած 4 տարիների ընթացքում երկրորդ նախագահին այդպես էլ չի հաջողվել իր հանրային վստահության մակարդակը բարձրացնել, հասցնել այն աստիճանի, որ գոնե մերձենա Նիկոլ Փաշինյանին։ Ավելին, այդ վստահության մակարդակն ուղղակի գահավիժել է այն «ստարտային» վստահելիության համեմատ, որով երկրորդ նախագահը 2021-ին մտել էր ընտրապայքարի մեջ և «միակ տղամարդու» ինքնավստահությամբ սպառնում էր «մինչև քոք մաշացնել» Փաշինյանի ռեյտինգը։ Հիշեցնենք՝ IRI-ի 2021 թ. ապրիլ-մայիսին անցկացրած հարցման արդյունքներով Ռոբերտ Քոչարյանի դրական վարկանիշը 20 տոկոս էր։
IRI-ի 2025 թ. հունիսին իրականացված հարցման տվյալներով՝ Նիկոլ Փաշինյանի հանրային վստահության տոկոսը 13 է։ ՀՀ-ի և կառավարող ուժի դեմ իրականացվող ամենժամյա հակաքարոզչությունն ու հիբրիդային հարձակումները, ընդունում ենք, հասել են իրենց առջև դրված խնդրին։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է