15/10/2025

Ամուլսարի գործով հայկական կողմը կներկայացնեն Կարեն Անդրասյանն ու ընկերները

Տեղեկացանք, որ Միջազգային արբիտրաժային դատարանը վարույթ է ընդունել «Ամուլսարի գործը»:

«Հրապարակ» թերթը գրում է․ Դեռեւս 2023 թվականին Amulsar Investor Ventures LLC-ի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացվել էր հայց։

Հայցվորներն ամերիկյան ներդրողներն էին, որոնք այժմ միավորվել են եւ համատեղ հայց ներկայացրել` մի իրավաբանական ընկերության միջոցով:

Գործը վարույթ ընդունելու համար հիմք է հանդիսացել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ գործող Ներդրումների փոխադարձ պաշտպանության եւ քաջալերման պայմանագիրը։

Արբիտրաժային ատյանը նախագահում է Ջանեթ Վոքերը։ Հայկական կողմից որպես պատասխանող կողմ հանդես են գալու Կարեն Անդրեասյանը՝ միջազգային իրավական ատյաններում ՀՀ ներկայացուցիչը, նրա տեղակալ Արտյոմ Սուջյանը, նույն գրասենյակի ներկայացուցիչներ Մերուժան Հայկյանցն ու Աննա Շահնազարյանը։