2025թ․ մարտի 26-ին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը, որը դեռ այդ օրերին քննադատվեց, քանի որ այն որեւէ գործողություն, գործընթաց չէր նախատեսում` ընդամենը մտադրությունների մասին հռչակագիր էր։
Հրապարակ թերթը գրել է․ Այդ օրենքում լոկ նշված է․ «Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայությունը եւ իրավունքի գերակայությունը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական Միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը»։
Օրինագծի ընդունումից անցել է ավելի քան կես տարի, սակայն Հայաստանը մի սանտիմետր անգամ չի մոտեցել Եվրոպական Միությանը, Հայաստանից Եվրամիության երկրներ մուտքի վիզաների ազատականացում տեղի չի ունեցել:
Ավելին, Եվրամիության երկրներ մուտքի, Շենգենի վիզա ստանալու ծախսերը վերջին շրջանում ավելացել են, իսկ վիզա ստանալը շատ է բարդացել` մարդիկ համատարած բողոքում են, որ անհիմն կերպով մերժվում են վիզա ստանալու իրենց հայտերը։
Համացանցում որոնելով՝ գտա տուրիստական ընկերություններից մեկի հեռախոսահամարը, զանգահարեցի, ասացի, որ ցանկանում եմ մի շաբաթով Իտալիա տուրիստական շրջագայության մեկնել` վիզա ստանալու համար ինչքա՞ն ծախսեր պետք է անեմ։
Տուրիստական գործակալությունից հայտնեցին, որ վիզայի համար ծախսերը կկազմեն մոտ 150 հազար դրամ, որից 50 հազար դրամը տուրիստական ընկերությանը վճարում են անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելու համար, դեսպանատանը մոտ 35 հազար դրամ վճարումներ են արվում, եւս 60 հազար դրամ հաճախորդը տուրիստական գործակալությանը վճարում է՝ վիզա ստանալու նպատակով եվրոպական երկրի դեսպանատուն որոշակի օր այցի ժամ ստանալու համար։
Պարզվեց` եվրոպական տարբեր երկրների դեսպանատներ այցերի հարցը լուծելու գումարը տատանվում է 30-70 հազար դրամի սահմաններում։ Տուրիստական գործակալության աշխատակցուհու հետ հեռախոսազրույցից պարզ դարձավ, որ դեսպանատուն վիզայի համար հաճախորդի այցի օրվա, ժամի խնդիրը գործակալության աշխատողները լուծում են ոչ թե դեսպանատան, այլ դեսպանատան հետ կապված ինչ-որ մարդկանց միջոցով, որոնք ուղղակի բիզնեսի են վերածել վիզա ստանալուն աջակցելու գործը։
Որոշ դեսպանատներում էլ, օգտվելով այս իրավիճակից, ինչ-որ պրեմիում դասի ծառայություններ են մտածել` արտահերթ մուտքի համար: Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին փուչ օրենք ենք ընդունել, Եվրոպա կպոռանք, բայց ետ-ետ` դեպի Ասիա կերթանք։
Բաց մի թողեք
Արհեստական խցանումներ Երևանում
Ի՞նչ ակցիա է նախատեսված այսօր, այն ի՞նչ ազդեցություն կունենա
Էկոնոմիկայի նախարարն էլի անտեղյակ է