19/10/2025

Բուհերում ինչ որ կենտրոններ կբացվեն, որպեսզի ԳԱԱ լուծարումը սահուն ընթանա

Հոկտեմբերի 8-ին Երեւանի պետական համալսարանում տեղի է ունեցել ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի պաշտոնական բացումը։ Կենտրոնը ստեղծվել է ԵՊՀ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ՝ «նպատակ ունենալով ամուր հիմքերի վրա դնել Հայաստանում ժողովրդագրության զարգացումը»: 

Հրապարակ թերթը գրել է․ Մայր բուհից տեղեկացնում են, որ նորաբաց կենտրոնը պետք է ուսումնասիրի ժողովրդագրական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանը՝ ծնելիության մակարդակի եւ միտումների վերլուծությունից մինչեւ միգրացիոն գործընթացներ, կյանքի տեւողության եւ առողջ երկարակեցության հետ կապված հարցեր եւ այլն։ Տարիներ շարունակ այս խնդիրները քննարկվում էին մասնագետների շրջանում, սակայն առաջին անգամ ձեւավորվում է ինստիտուցիոնալ կենտրոն, որը կմիավորի գիտահետազոտական աշխատանքը, քաղաքականությունների մշակումն ու հանրային իրազեկումը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, խոսելով կենտրոնի ստեղծման ուղղությամբ տարված աշխատանքների մասին, որոնք, պարզվում է` բավականին երկար են տեւել, ասել է. «Ժողովրդագրության հարցերը մշտապես եղել են ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ դասախոսների եւ հետազոտողների ուշադրության կենտրոնում։ Սակայն դրանք հաճախ դիտարկվել են առանձնացված ձեւով, եւ, կարելի է ասել, տվյալահենք հետազոտություններ այդ ոլորտում գրեթե չեն կատարվել։ Այս բացը զգացվել է թե՛ երկրի, թե՛ բուհական եւ կրթական համակարգերում։ ԵՊՀ ժողովրդագրության կենտրոնի առաջնային նպատակներից է՝ աջակցել քաղաքականությունների մշակմանը՝ հիմնված հավաստի տվյալների վրա, նոր հետազոտությունների խթանումը եւ հետագայում նաեւ կրթական բաղադրիչի զարգացումը»։ Նա հավելել է, որ տարբեր ոլորտների մասնագետներ հնարավորություն կունենան օգտվելու կենտրոնի ռեսուրսներից՝ վերապատրաստվելու նպատակով։ Ուսանողները եւս ներգրավված կլինեն հետազոտական աշխատանքներում՝ հետագայում դառնալով ժողովրդագրության մասնագետներ եւ լրացնելով ոլորտում առկա մասնագիտական պակասը։

«ԵՊՀ-ն այն հարթակն է, որտեղ ներկայացված են կրթության բոլոր մակարդակները, եւ այստեղ միջգիտակարգային հետազոտությունների կատարումը թե՛ հնարավոր է, թե՛ արդյունավետ»,- ընդգծել է Հովհաննիսյանը։

Մեր աղբյուրն ասում էր, որ այս կենտրոնը պետք ղեկավարի ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, սակայն Ա. Մելքոնյանը մեզ հետ զրույցում հերքեց` ասելով, թե առաջին անգամ է լսում այդ մասին: Կենտրոնի ղեկավար է նշանակվել մի երիտասարդ` Տիգրան Գասպարյան անունով, որի մասին համացանցում որեւէ տեղեկատվություն չգտանք: ԵՊՀ-ից տեղեկացնում են, որ կենտրոնը միավորելու է թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակի գիտնականների, փորձագետների, պետական կառույցների ներկայացուցիչների եւ քաղաքականություն մշակողների՝ ոչ միայն վերլուծելու, այլեւ կիսվելու է արդյունքներով, կրթելու հանրությանը եւ բարձրացնելու իրազեկվածության մակարդակը։

ՀԳ․ Ըստ գիտնականների` քանի որ առաջիկայում իշխանությունը լուծարելու է Գիտությունների ազգային ակադեմիան, նրա մեջ մտնող ինստիտուտները կցելու է բուհերին, ուստի բուհերում նման կենտրոններ են հիմնադրվում, որտեղ կկարողանան ներգրավել գործազուրկ դարձող որոշ գիտնականների: Չի բացառվում, որ կենտրոնի գաղափարական կառավարումն իրականացնի ԳԱԱ պատմության ինստիտուտը: